Րաֆֆի Հովհաննիսյանի ինտելեկտի XXL չափսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ինտելեկտի XXL չափսը
Ազգային ժողովը երեկ կիսադատարակ դահլիճում քննարկում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը: Այն հիմնավորելու համար ամբիոն բարձրացավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա ելույթը, բացի դեկլարատիվ լինելուց, նաեւ հակասական էր, որովհետեւ մի կողմից շեշտում էր, որ ուշացել ենք, որ նշանակում է՝ ժամանակավրեպ է, մյուս կողմից պնդում, որ, ճանաչելով ԼՂ անկախությունը, մենք նախ մեր պետական քաղաքականությունը կդնենք բարոյական հիմքերի վրա, հետո էլ կապացուցենք, որ մեր մտքի, խոսքի ու գործի միջեւ չկա հակասություն:



Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է անկախ Հայաստանի արտաքին գերատեսչության առաջին ղեկավարը եւ պետք է որ կարողանա, պարտավոր է պոպուլիզմը զանազանել քաղաքական կատեգորիաներից: Եվ քանի որ օրինագծի պաշտպանության ընթացքում նրա ներկայացրած «փաստարկներն» իրենց տրամաբանությամբ առանձնապես չէին տարբերվում, ասենք՝ Գալուստ Սահակյանի մտքի զեղումներից, ստիպված ենք արձանագրել, որ «Ժառանգությունը» փրփուրներից կախված, քաղաքական դաշտում դիվիդենտ հավաքելու հարց էր լուծում միայն:



Մի կողմ թողնենք հարցի խորությունն ու նշենք՝ այն ո՞ր ազգայնականը կամ կենցաղվարը չի ոգեւորվի, եթե իմանա, որ Ղարաբաղի հարցը «ամենայն լրջությամբ» առաջ է քաշում Րաֆֆի Հովհաննիսյանը, ու չի հիանա նրանով: Տեր է, էլի: Ի դեպ, ԱԺ դեկորատիվ-կիրառական ազգայնականությունն ի դեմս Վահան Հովհաննիսյանի, դրսեւորեց ավանդական «կողմ ըլլալով դեմ ըլլալը» եւ հերթապահ հումորի ժանրում առաջարկեց ճանաչել ոչ թե Ղարաբաղի անկախությունը, այլ Ադրբեջանի՝ ներկայիս վարչական տարածքներով: Բայց դա հումոր էր, դա չքննարկվեց, իսկ ահա ԼՂ անկախության ճանաչման հարցում խորհրդարանականները դրսեւորեցին զարմանալի հեռատեսություն եւ ընդդիմացան:



Հաշվի առնելով ԱԺ-ի միջին վիճակագրական մտավոր կարողությունը, հիմարություն կլինի ասել, որ բացի դիդակտիկ ընդդիմությունից, մնացածներն իսկապես գիտակցել են օրինագծի ընդունման վտանգավորությունն ու այդ պատճառով են դեմ հանդես եկել: Ակնհայտ է, որ ձեռնասուն այդ զանգվածին գլխի են գցել, որ չանեն այդ բանը, այլապես այնպիսի ավերածություններ կառաջանան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված կլինի տեր կանգնել այդ ավերածությունների հետեւանքով այրի մնացած հայ կանանց: Այդ տրամաբանությամբ էլ պատգամավորներից Արտակ Գալստյանը հետաքրքրվեց, թե ինչ վտանգներ է պարունակում օրինագծի ընդունումը, հիշեցնելով Ադրբեջանի ռազմաշունչ սպառնալիքները:



Ու Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չի տեսնում պատերազմի վտանգ, եւ նշեց, որ եթե ճանաչենք ԼՂ անկախությունը, սպառնալիքի իրականացման վտանգը կնվազի, ու կահագնանա՝ եթե չճանաչենք: Չհամոզեց, իհարկե, որովհետեւ խորհրդարանականների ուղեղն արդեն աշխատում էր  համապատասխան ցուցումով, եւ դա էր պատճառը, որ ոչ թե քննարկում եղավ, այլ ցուցք՝ հագեցած սաղր մտքերով եւ հարցերով: Այդ համատեքստում հատկապես տպավորվեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մտքի թռիչքը, որ հանճարեղության աստիճանի լակոնիկ էր:



«Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարում է, որ այս նախագծի ընդունումը աննպատակահարմար է»,- ամբիոնից հայտարարեց ու անմիջապես հայտնվեց «Ժառանգության» ծանր հրետանու՝ Լարիսա Ալավերդյանի հարցերի տեղատարափի տակ: Նախ տիկին Ալավերդյանը պարոն Քոչարյանին հիշեցրեց նրա «մութ անցյալը»՝ ընդդիմության շարքերում, հետո հարցրեց. «Դուք եք ասել, որ երկու հայկական պետություն պիտի կայանա՝ Հայաստանը եւ Արցախը, կարո՞ղ եք ասել, թե Հայաստանի ԱԳ նախարարությունն ունի՞ ԼՂ հարցի կարգավորման հայեցակարգ, եւ կարո՞ղ եք ասել քանի պետություն եւ ինչպես է ճանաչել Հայաստանը»: Չկարողացավ:



Բայց իրեն հատուկ դեմքի արտահայտությամբ լարեց ուղեղն ու «պարզաբանեց». «ԼՂ ժողովրդի կամքը 1991-ի հանրաքվեն էր: Դա նկատի ունեմ: Իսկ Հայաստանի ճանաչումն այն պահից էր, երբ դարձանք ՄԱԿ-ի անդամ, երբ երկիրը դառնում է ՄԱԿ-ի անդամ, այդ շքերթն ավարտվում է: ԽՍՀՄ-ը փլուզվե՜ց...»: Մտքի մեջլիսում  Շավարշ Քոչարյանին ու հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանին կարող էր գերազանցել միայն խորհրդարանական մեծամասնության ռահվիրան՝ Գալուստ Սահակյանը, որն արտասանեց պատմական խոսքեր. «Ղարաբաղը մերն է»:



Մի խոսքով, նիստին ներկա խորհրդարանականները յուրաքանչյուրն իր կուսակցության անունից հայտարարեցին, որ չեն քվեարկելու օրինագծի օգտին, որովհետեւ կարծում են, որ ԼՂ հարցի կարգավորման միակ ձեւաչափն առայժմ ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որ ընդունելով օրենքը, Հայաստանը կարող է կորցնել համանախագահող երկրների բարյացակամությունը, որ Ադրբեջանը կարող է սանձազերծել պատերազմ: Տեսնելով, որ գործը գլուխ չի գալիս, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց հետաձգել օրինագծի քվեարկությունը մինչեւ հաջորդ քառօրյա` հոկտեմբերի 25-29-ը, պատճառաբանելով, թե մնացած խորհրդարանական ուժերը մտածելու ժամանակ կունենան: