Ծառը փրկեցին

Ծառը փրկեցին
Երեկ աշխատանքի գնալիս Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակցուհիներից մեկը երթուղային տաքսու միջից նկատել է, որ Երեւանի Պարույր Սեւակ եւ Ուլնեցի փողոցների խաչմերուկում գտնվող ավտոլվացման կետի ետնամասում բուլդոզերով ծառեր են արմատախիլ անում: Տիկին Մարինան իր պարտքն է համարել ահազանգել շահագրգիռ կազմակերպություններին՝ ծառերը ոչնչացումից փրկելու համար: Ստացված ահազանգը Թեղուտի պաշտպանության խումբը Facebooke սոցիալական ցանցի միջոցով արագ տարածել է՝ փորձելով մոբիլիզացնել լրագրողներին ու բնապահպաններին:



Բնության պահպանությամբ մտահոգ քաղաքացու ակտիվությունն արդյունք է տվել: Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ահազանգն ստանալուն պես խումբ են ուղարկել դեպքի վայր, եւ ծառահատումը դադարեցվել է: Կարեն Պապոյանը նաեւ տեղեկացրեց, որ փաստաթղթերի ստուգման աշխատանքներ են տարվում: Ավելի ուշ տեղեկացանք, որ Երեւանի Պարույր Սեւակ եւ Ուլնեցի փողոցների խաչմերուկում գտնվող ավտոլվացման կետին հարող տարածքում փորձ է արվել արմատախիլ անել թեղի տեսակի ծառ: Բարեբախտաբար, բարեխիղճ քաղաքացին ժամանակին է ահազանգել, եւ ծառը փրկվել է: Բուլդոզերը հասցրել է վնասել միայն ծառի ճյուղերը: