ՀՀԿ-ի ֆենոմենը

ՀՀԿ-ի ֆենոմենը
Երեկ մենք ներկայացրել էինք ամենակիրթ հանրապետականներից մեկի՝ Սամվել Նիկոյանի վարքն ու բարքը: Իր աղջկա տարիքի լրագրողին նա հրավիրել էր իր հետ գնալ զուգարան եւ այնտեղ տալ իր հարցերը: Մեր ընթերցողները երեկ զանգահարում էին խմբագրություն եւ իրենց զայրույթը հայտնում այդ առիթով: Նրանք հանրապետականների նմանատիպ պահվածքի այլ էպիզոդներ էին վերհիշում եւ եզրակացնում, որ այս կուսակցությունում ցինիզմի չափաքանակը խիստ աճել է: Նրանցից ոմանք նկատել էին, որ ՀՀԿ-ականներն արդեն իսկ սկսել են քարոզչություն անել՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ: Եվ այդ քարոզչությունն իրականացնելիս չեն էլ թաքցնում, որ օգտագործում են գործադիրի լծակներն ու ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչն օրենքով արգելված է: Եվ դա անում են ցանկացած եղանակներով՝ մարզեր են մեկնում եւ հանդիպումներ ունենում, ուսուցչի տոն անում եւ նվերներ շնորհում մանկավարժներին, բարեգործական միջոցառումներ ու համերգներ կազմակերպում, աշխատանքի ընդունում եւ արտոնություններ տրամադրում իրենց կուսակիցներին: Բայց ամենակարեւորը՝ հանրությանը ներշնչում են, որ Հանրապետականն ուժեղ է եւ անպարտելի: Որ ոչ մի այլ ուժ չի կարող նրա հետ մրցել: Որ ընդդիմությունն ի սկզբանե պարտված է: Մյուս ուժերն էլ կան այնքանով, որքանով իրենք են հարմար գտնում: Իսկ նոր ուժի կարիք էլ չկա, քանի որ իրենք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Ընդ որում, ՀՀԿ կորիզը կարծես այնքան է ինքնուրույնացել, որ փորձում է նրբորեն կառավարել անգամ երկրի նախագահին՝ նրան նույնպես պարտադրելով իր կամքն ու խաղի կանոնները: Սերժ Սարգսյանը գուցե ենթագիտակցորեն զգում է, որ եթե ՀՀԿ-ն անչափ ուժեղանա, կարող է անկառավարելի դառնալ, ուստի ակնհայտորեն նրան սանձելու քայլեր է անում: