Զարուհի Փոստանջյանի ելույթը` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում

Զարուհի Փոստանջյանի ելույթը` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում
1. Այսօր Հայաստանում կան քաղաքական հայացքների համար բանտախցերում գտնվող թվով 13 անձինք: Նրանցից 12-ն ազատազրկվել են 2008 թվականի մարտի 1-ից հետո: 2009 թվականին ընդունված համաներման ակտով բազմաթիվ անձինք, այդ թվում նաեւ` քաղբանտարկյալներ, ազատ արձակվեցին, սակայն վերը նշված անձանց համար համաներման ակտն ազատ արձակվելու միջոց չդարձավ: Իրավիճակից դուրս գալու համար առաջարկվող ելք.



  • պահանջել ՀՀ իշխանություններից` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ընդունել համաներման ակտ, որը կտարածվի այս անձանց իրավունքների նկատմամբ:




2. 2008 թվականի մարտի 1-ին սպանվել է 10 մարդ, որոնցից մեկը` ոստիկան, մեկը` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձ, եւ 157 զինծառայող, 53 ոստիկան ստացել են մարմնական վնասվածքներ: Առ այսօր որեւէ անձ չի մեղադրվել վերը թվարկված անձանց նկատմամբ քրեորեն հետապնդելի արարք կատարելու համար:



Իրավիճակից դուրս գալու համար առաջարկվող ելք.



  • պահանջել ՀՀ իշխանություններից` 2008 թվականի մարտի 1-ի փաստահավաք խմբի  անդամների կողմից կազմված զեկույցների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական  կոնվենցիայի 2-րդ հոդվածի համատեքստում կատարել քննություն:




3. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդունվել է հրամանագիր, համաձայն  որի` «Արտակարգ դրության» իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարություն է արել բանակի օգտագործման մասին: Առ այսօր որեւէ քննություն տեղի չի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործման փաստի առթիվ:



Խնդրին լուծում տալու համար առաջարկվող ելք.



  • անհապաղ իրականացնել քննություն ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործման փաստի առթիվ` ղեկավարվելով միջազգային նորմերով եւ Մարդու իրավունքների եվրոպական  կոնվենցիայի 15-րդ հոդվածի դրույթներով:




4. 2004 թվականի ապրիլի 12-ից հետո քաղաքական ուժերին  արգելվել է ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի խաղաղ գործողություն իրականացնել: 2008 թվականի մարտի 1-ից հետո արգելվել է քաղաքական ուժերին բողոքի խաղաղ գործողություն իրականացնել նաեւ Երեւանի Ազատության հրապարակում: Բողոքի խաղաղ գործողություններ իրականացնող խմբերի նկատմամբ  ոստիկանության աշխատակիցների կողմից հաճախ կիրառվել է բռնություն եւ ապօրինի միջամտություն: Բռնության, ապօրինի միջամտության ենթարկված անձինք բողոքներ են ներկայացրել պատկան մարմիններին իրենց իրավունքների ոտնահարման փաստերի առթիվ, սակայն ոչ մի բողոք օրենքով նախատեսված համապատասխան քննարկման չի արժանացել, եւ խաղաղ բողոքողների իրավունքները շարունակում են ոտնահարված մնալ:



Իրավիճակից դուրս գալու համար առաջարկվող ելք.



  • պահանջել ՀՀ իշխանություններից` անհապաղ կատարել քննություն եւ պատժել օրինազանց ոստիկաններին, պահանջել ՀՀ իշխանություններից` առնվազն մեկ ամսվա ընթացքում Երեւանի Ազատության հրապարակում եւ այլ վայրերում ընդդիմադիր քաղաքական ուժերի բողոքի գործողություններն արգելելու, խոչընդոտելու փաստերի վերաբերյալ հաշվետվություն (հայցեր դատարան, իրազեկման հայտեր, հաղորդումներ հանցագործության մասին), որը հիմք կհանդիսանա ապագայում  խնդիրը չլուծվելու դեպքում դիմելու ԵԽ այլ մարմինների օգնությանը:




5.  2010թ. հունիսի 10-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում Կառավարության առաջարկած փոփոխությունները շարունակում են ապահովել հեռուստառադիոհեռարձակման նկատմամբ իշխանությունների լիակատար վերահսկողությունը: Օրենքում  փոփոխությունների նպատակն է.



  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2008թ.-ին «Ա1+»-ի վերաբերյալ ընդունած որոշման արգելափակումը,


  • Հայաստանում հեռուստաալիքների թվի սահմանափակումը  եւ նվազեցումը,


  • եթերում բազմակարծության սահմանափակումը,


  • նոր հեռուստաընկերություններին եթեր տրամադրելու խոչընդոտումը:




Իրավիճակից դուրս գալու համար առաջարկվող ելք.



  • պահանջել ՀՀ իշխանություններից` առնվազն մեկ ամսում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարել անհրաժեշտ փոփոխություններ եւ այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, օրենսդրական բարեփոխման գործընթացում ապահովել ընդդիմության մասնակցությունը եւ հասարակական շահագրգիռ քննարկումների առկայությունը:




6. ՀՀ ընտրական համակարգը կարիք ունի բարելավման: Ընդդիմության կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման համար ներկայացվել են մի շարք փոփոխությունների օրենքի նախագծեր, որոնք ՀՀ իշխանությունները չեն ընդունել. դեռ ավելին` ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկվել թվով երկու ընտրական օրենսգրքի նախագծեր, որտեղ ներառված չեն ընդդիմության առաջարկները:



Խնդրին լուծում տալու համար առաջարկվող ելք.



  • անհապաղ պահանջել ՀՀ իշխանություններից եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովից` ՀՀ ընտրական համակարգի բարեփոխման աշխատանքներն իրականացնել ընդդիմադիր եւ հասարակական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ:




7. Վերը թվարկված խնդիրներին լուծում տալու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկվում է ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նշանակված համազեկուցողներին առնվազն տասն օրվա ընթացքում գործուղել Հայաստան եւ պահանջել, որ վերը թվարկված հարցերի վերաբերյալ կազմեն համապատասխան  զեկույց` այն ներկայացնելով ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովին: