Մենք թույլ չենք տալիս, որ մեկը խոչընդոտի

Մենք թույլ չենք տալիս, որ մեկը խոչընդոտի
ԲՀԿ Շիրակի կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանը պնդում է, որ որեւէ մեկը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, չի կարող սահմանափակել ԲՀԿ-ի գործունեությունը Շիրակում: Մարտունիկ Գրիգորյանը, որ ամենաերիտասարդ պատգամավորն է, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է կապեր ունենալ տարբեր աշխարհների ներկայացուցիչների, այդ թվում` Շիրակի թաղային հեղինակությունների հետ ու չի ժխտում, որ նրանք ազդեցություն են ունեցել իր ընտրության հարցում: Մինչեւ վերջերս նա Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության անդամ էր, ապա մտավ ԲՀԿ:



- Ճի՞շտ է, որ Շիրակում Դուք ավելի մեծ ազդեցություն ունեք, քան Սամվել Բալասանյանը, եւ դա պայմանավորված է նաեւ Ձեր շրջապատով: Ճի՞շտ է, որ շփումներ ունեք տարբեր աշխարհների ներկայացուցիչների, թաղային հեղինակությունների հետ:



- Սամվել Բալասանյանի հետ կապված ասեմ` քանի որ մենք նույն թիմում ենք, ուժեղի եւ թույլի խնդիրներ չկա: Մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք երկուսս միասին համատեղ: Երկուսս միասին ամեն ինչ անելու ենք, որ ԲՀԿ-ն Շիրակի մարզում հզորանա: Իսկ ընդհանուր իմ շփումները, հարաբերությունները տարբեր աշխարհների ներկայացուցիչների հետ...: Ես բոլոր աշխարհների ներկայացուցիչների հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Լավ մարդկանց հետ ես մշտապես լավ հարաբերությունների մեջ եմ:



- Իսկ որքա՞ն է եղել նրանց դերակատարությունը Ձեր ընտրության հարցում:



- Ես էդպես չեմ կարող ասել: Ընդամենը ես մի բան գիտեմ, որ 2007-ին ԱԺ ընտրություններում ես ունեցել եմ մեծ արդյունքներ, եւ մոտ 15 հազար մարդ քվեարկել է իմ օգտին, դրա համար իմ խորին շնորհակալությունը ես մշտապես հայտնել եմ իմ ժողովրդին ինձ սատարելու, աջակցելու համար: Թե ով ինչքան է հաջողություն ունեցել իմ հաջողության մեջ..., այնուամենայնիվ ես շնորհակալ եմ բոլորից:



- Գյումրիում որոշակի վերադասավորումներ եղան, մարզպետի փոփոխություն եղավ, խոսքն այն մասին է, որ նախկին ոստիկան Աշոտ Գիզիրյանը պետք է ուժեղացնի ՀՀԿ-ն եւ համակարգելով բոլոր լծակներն ու բոլոր աշխարհների հետ հարաբերությունները, միանշանակ հաղթանակ ապահովի Հանրապետականի համար: Այդ պարագայում ի՞նչ շանսեր եք տեսնում ԲՀԿ-ի համար Գյումրիում:



- Ճիշտն ասած, դա իրենց խնդիրն է` ում են համակարգում, ոնց են կազմակերպում, ոնց են աշխատում: Ամեն մեկս մեր աշխատանքն ենք անում: Ոնց որ մենք ենք աշխատում, նախապատրաստում, մեր ուժերը համակարգում, այնպես էլ, բնականաբար, մյուս կուսակցությունները պետք է էդ ամեն ինչը կազմակերպեն, նամանավանդ էն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություններ, լծակներ: Էնպես որ դա բնական է: Իսկ իմ կարծիքով՝ դա մեզ եւ մեր աշխատանքներին չի խանգարի: Մենք նորմալ աշխատում ենք:



- Այնուամենայնիվ ՀՀԿ-ն, որ փորձում է տիրանալ բոլոր լծակներին, փորձելու է ԲՀԿ-ից ընտրազանգված խլել, քանի որ ընդդիմադիր ընտրազանգվածը նրան միեւնույն է, չի ընտրելու:



- Չէ, ես չէի ասի, որ ինքը հենց ԲՀԿ-ից է խլելու այդ ձայները: Ամեն մեկն ունի իր ընտրազանգվածը: Իշխող կուսակցությունը, բնականաբար, ունի իր ընտրազանգվածը, մենք ունենք մերը: Բնական է` բոլորն էլ ձգտելու են իրենց աշխատանքները ցույց տալ, ստանալ ժողովրդի քվեն, ժողովրդի վստահությունը:



- Իսկ ԲՀԿ-ն ի՞նչ է արել Շիրակում ժողովրդի համար, որ ժողովուրդը նրան ընտրի:



- «Բարգավաճ Հայաստանը» Շիրակի մարզում շատ ակտիվ է, մշտապես ժողովրդի հետ է: Տարբեր առիթներով տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել: Բացի դրանից, մեր մարզային խորհուրդը տարեկան ծրագրեր է կազմում, ներկայացնում ենք պարոն Ծառուկյանին, նրա կողմից հաստատելուց հետո մենք էդ ծրագրերն իրականացնում ենք: Չկա էդպիսի շաբաթ, որ Գյումրի քաղաքում մեծ միջոցառում չանենք:



- Իսկ Գյումրու ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի՞ փորձում խոչընդոտել ձեր միջոցառումներին, կամ մարզպետ Աշոտ Գիզիրյանը:



- Ոչ: Ոչ մեկը իմ գործունեությանը չեն խոչընդոտում: Մենք թույլ էլ չենք տալիս, որ մեկը խոչընդոտի: Իսկ եթե մեկն ուզում է համագործակցել, մենք պատրաստ ենք համագործակցել: Ամեն մեկս փորձելու ենք մեզ համար շատ ձայն հավաքել:



- Դուք երթուղային գծեր ունեք, Երեւան-Գյումրի գծի տերն եք, գործարար եք, տեղեկություններ կան, որ իշխանությունը պատրաստվում է եկող խորհրդարանում ձերբազատվել օլիգարխներից, այդ առթիվ մտավախություն չունե՞ք:



- Ճիշտն ասած, ես մտավախություն չունեմ, քանի որ 2007թ.-ից գործարարությամբ չեմ զբաղվում: Ես պատգամավոր եմ:



- Պատգամավորի աշխատավարձո՞վ եք ապրում:



- Չէ, մեր ընտանեկան բիզնեսը կա, մեր ընտանեկան բիզնեսով եմ ապրում: