Էգ աշնանանցանն ու վարչապետը

Էգ աշնանանցանն ու վարչապետը
Երեկ խմբագրություն էր զանգահարել Մաստարա գյուղի բնակիչ Արայիկ Չոփիկյանը, որը տարիներ շարունակ ֆերմերային տնտեսություն է վարում իր հայրենի գյուղում, հող է մշակում: Նա «Շանթ» հեռուստաընկերությամբ լսել էր օրվա լուրերը, որի ժամանակ հաղորդել էին, որ երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան հետաքրքրել էր խորհրդակցության ընթացքը, քանի որ ինքն էլ է զբաղված հողագործությամբ եւ այս տարի որոշել է զբաղվել նաեւ սերմնաբուծությամբ:



Պրն. Չոփիկյանն ասում էր, որ այն պայմանները, որոնք կառավարությունը եւ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում են նշված ծրագրով, ձեռնտու չեն գյուղացուն. ոչ ոք նման պայմաններով չի մասնակցի այդ ծրագրին եւ սերմնաբուծությամբ չի զբաղվի: Բայց նրան առավել շատ հետաքրքրել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի մի արտահայտությունը, որը հեռարձակվել էր լուրերով: Վարչապետն ասել էր, թե՝ «աշնանացան սերմացուն պահեք՝ գարնանը կցանեք»: Տարեց գյուղատնտեսն ասում էր. «Հազիվ պրծանք Հրանտ Բագրատյանի էգ կովերից, հիմա էլ գարնանացանին փոխարինող աշնանացանի մասին իմացանք»:



Հողագործությունից որեւէ պատկերացում չունեցող մարդը, եթե ընդունակ է տրամաբանելու, կհասկանա, որ այն սերմը, որը աշնանացան է համարվում, ենթակա է ցանվելու աշնանը: Այն իր որակական եւ մյուս բոլոր հատկանիշներով գարնանն օգտագործվել չի կարող՝ գարնանը ցանում են գարնանացանը: Եվ սրանք ոչ միայն սոսկ անուններ են, այլեւ տարվա տվյալ եղանակին օգտագործման ենթակա սերմերի տեսակներ: Ամոթ է, որ երկրի վարչապետը, որ սերմնաբուծությանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել, տարրական պատկերացում չունի այն ամենի մասին, ինչը պատրաստվում է կանոնակարգել եւ ղեկավարել: Ամոթ է, որ նա եւ նրա աշխատակազմը նախապես չեն նախապատրաստվում նման խորհրդակցություններին եւ, նվազագույն տեղեկություններ չունենալով, հայտնվում են ծիծաղելի դրության մեջ: