Երկուսն են, երկուսն էլ մի բոյի

Երկուսն են, երկուսն էլ մի բոյի
Երեկ ասուլիս էին տալիս մեր քաղաքական դաշտի ամենավառ ներկայացուցիչներց երկուսը՝ ԱԼՄ հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչը եւ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Թեեւ մամուլի տարբեր ակումբներում էին նրանք ասուլիս տալիս, բայց նրանց ասուլիսը կմիացնենք մեկ նյութի մեջ, քանի որ երկուսն էլ ուրախություն են, երկուսն էլ սիրված ու չընտրված քաղաքական գործիչներ են, երկուսն էլ երկրպագուների մեծ բանակ ունեն, եւ արժե, որ ի մի բերվեն: Բնավ չնսեմացնելով Հայաստանի գլխավոր մարքսիստի արժանիքները, այլ առաջնորդվելով ժամանակագրությամբ՝ նախ ներկայացնենք Տիգրան Կարապետիչի ասուլիսը:



Ասուլիսի ժա՞մն էր վաղ (11:00), ու Կարապետիչը քնաթաթախ, թե՞ մոտ ապագայում թվայնացման պատրվակով միակ այլընտրանքային լրատվական միջոցի՝ ԱԼՄ-ի փակման մասին շրջանառվող լուրերն են ստույգ, ու դրանք էին տրտմեցրել Կարապետիչին, բայց պետք է նշենք, որ նա այս անգամ առանձնապես չփայլեց պերճախոսությամբ ու ինքնատիպ հումորով: Նախ, ինչպես վայել է բարեկիրթ մարդուն, Տիգրան Կարապետիչը ողջունեց լրագրողներին (մեր պետական այրերից շատ քչերն են հասու քաղաքակրթության այդ մակարդակին), ապա մոտեցող ընտրությունների հետ կապված քաղաքական զարգացումների մասին իր տեսակետը հայտնեց. «Կոալիցիոն կուսակցությունները մրցակցում են, եւ դա բնական է, որովհետեւ փող բաժանողները իրանք են:



Ձգտում են մեկը մյուսի ներուժը նվազեցնեն, որովհետեւ ինձ համար կան կոալիցիոն կուսակցություններ, որ ես համարում եմ իշխանություն, կա ընդդիմություն եւ կա Ժողովրդական կուսակցությունը, որ զբաղեցնում է երրորդ ուժի տեղը: Ինչքան էլ ասեն չկա, ինչքան էլ ուրիշներն ասեն... Եթե ձայն ունենք, ուրեմն ո՞նց չկա: Եթե կա էլեկտորատը, ուրեմն կա նաեւ էդ ուժը»: Վերջերս աշխուժորեն քննարկվող նոր՝ երրորդ ուժի տեղը «բռոնի» անելով եւ իր ուժի մասին հիշեցնելուց հետո Տիգրան Կարապետիչն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ին, «Ժառանգությանը» եւ ՀՅԴ-ին: ՀԱԿ-ը, ըստ Կարապետիչի, պրոբլեմներ կունենա ցուցակներ կազմելիս, «Ժառանգությունն» ամերիկյան պրոյեկտ է՝ ինչ կասեն, կանի, իսկ Դաշնակցությունը սփյուռքի կուսակցություն է:



«Ինչպիսի իշխանություն ունենք՝ ավտորիտար, որ ուժային մեթոդներով ա հասնում հաջողության, նույնը բանակում ա: Իրենք հրահանգներ են տալիս եւ հրահանգը պետք է կատարվի անպայման, ինչ հրահանգ ուզում ա լինի՝ բարոյական ա, բարոյական չի, ուստավով ա, ուստավով չի»,-բանակում տիրող իրավիճակին անդրադարձավ Տիգրան Կարապետիչը: Հարց հնչեց նաեւ պատգամավորների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրինագծի մասին: Թեեւ օրինագծի հեղինակմանը Ռաֆիկ Պետրոսյանից ավելի գործուն մասնակցություն են բերել Արծվիկ Մինասյանը եւ այլ պատգամավորներ, Տիգրան Կարապետիչը, հավանաբար իր եւ Ռ. Պետրոսյանի աշխույժ բանավեճերը հիշելով, ասաց. «Ինչքան ես գիտեմ՝ դա Ռաֆիկ Պետրոսյանի առաջարկն է, իբր ինքն է ամենասովածը խորհրդարանում:



Ես ընդհանրապես, հաշվի առնելով, որ մենք ունենք օլիգարխիկ խորհրդարան, որի 80 տոկոսը, եթե ոչ ավելին, ընդ որում խորհրդարանի խոսնակը, ունեն բիզնեսներ, անբարոյական եմ համարում այդ խոսակցությունները»: «Խոսակցություններ կան, որ իշխանություններն արգելելու են հաջորդ խորհրդարանում օլիգարխների մասնակցությունը»,- ասաց ասուլիսը վարողը: «Աչքս տեսնի»,-պրագմատիկ պատասխան տվեց Կարապետիչը: Իր պերճախոս ելույթներով եւ ինքնատիպ որակումներով հանրապետական շարմանազանովների ու մենուաների անգիր արած դեմագոգիայի տաղտուկը ժամանակ առ ժամանակ փոզմիշ անող Դավիթ Հակոբյանի ասուլիսը նույնպես նվիրված էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին:



Նա կարեւորեց ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որովհետեւ՝ «սահմանափակումներ չկան, թե քանի տարի շարունակ կարող են նույն քաղաքական մռութները պառլամենտարիզմի ինստիտուտում գործել»: Դավիթ Հակոբյանն առաջարկում է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու սահմանափակում մտցնել «երկու սռոկ» առավելագույն ժամկետով: «Եթե ընդդիմությունը կարողանա բեկում մտցնել ընտրական իրավունքի մեջ, ուրեմն հաղթանակն ապահովված է։ Իսկ եթե նույն ընտրական իրավունքը մնա, հաջորդ պառլամենտում էլ կհայտնվեն նույն ռոժաներն ու նույն մոռդաները, եւ անիմաստ կլինի ճակատամարտել այսօրվա ավազակախմբերի հետ»,- ասաց հանրապետության առաջին մարքսիստ-արտիստը։ Թեեւ, անկեղծ ասած, երեկվա ասուլիսներն առանձնապես տպավորիչ չէին, բայց ինչքան Ազգային ժողովի ընտրությունները մոտենան, այնքան ավելի գունեղ քաղաքական ներկայացումների ականատեսը կլինենք, եւ սա խոստումնալից սկիզբ էր քաղաքական բեմահարթակում բեմադրվելիք ապագայի տպավորիչ շոուների համար: