Պաշտպանության նախարարը ինչպես որ է

Պաշտպանության նախարարը ինչպես որ է
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը երեկ եկել էր խորհրդարան` ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին: Հաշվի առնելով քառօրյայի նախաշեմին բանակում տեղի ունեցած սպանությունները, նրա համարձակությունը կարելի կլիներ գնահատել, եթե վստահ լինեինք, որ մեր պատգամավորները նրա գլխին հարցերի տարափ են տեղալու: Տրամաբանական կլիներ, որ Սեյրան Օհանյանին գոնե մի հերթապահ հարց ուղղեր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, սակայն նա ծպտուն չհանեց: Իսկ նիստի ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Պարզաբանելով Ռազմական ոստիկանության պետին իր տեղակալի պաշտոնում նշանակելու հանգամանքը, Սեյրան Օհանյանը նշեց, որ նա համակարգելու է տեղական ոլորտի այն ծառայությունները, որոնք այսօր ՊՆ-ում զբաղվում են իրավական խնդիրներով: Նա նաեւ շեշտեց, որ դա պաշտոնի բարձրացում էր Վլադիմիր Գասպարյանի համար:



- Պարոն Օհանյան, բայց ասում են, որ այդ նշանակումը ի հեճուկս Ձեզ էր, որովհետեւ Դուք ակնհայտ դեմ եք եղել Վլադիմիր Գասպարյանին:

- Նրան այդ պաշտոնին ես եմ առաջարկել նշանակել: Նրա հետ ծառայության երկուսուկես տարիների ընթացքում տեսել եմ նրա մեջ այդ ունակությունները, որ կարող է իրավական ոլորտը համակարգել: Նախկինում իր աշխատանքի տարբեր վայրերում նա այդ փորձը ձեռք է բերել: Օգտվելով առիթից՝ պիտի ասեմ, որ չպետք է շահարկել հարաբերությունները իմ ու իմ տեղակալների, նաեւ գլխավոր շտաբի պետի միջեւ, որովհետեւ ծառայությունից դուրս մենք բավականին մտերիմ հարաբերությունների մեջ ենք ու բոլորս էլ աշխատում ենք նույն խնդիրների շուրջ, նույն տրամադրությամբ:





- Քանի որ այդ հաստիքը չկար մինչ այդ, կարելի՞ է ասել, որ հատուկ է ստեղծվել պարոն Գասպարյանին խրախուսելու համար:

- Ցանկացած պաշտոնային բարձրացում նշանակում է գնահատել տվյալ անձնավորության աշխատանքը, իհարկե խրախուսում էր:



- Իսկ այդ խրախուսումը կապվա՞ծ է «Youtube»-ում տեղակայված տեսանյութի հետ:

- Այդ տեսանյութը գիտեք, որ բացահայտվեց ՊՆ ցուցումով եւ Ռազմական ոստիկանության ղեկավարության ու տվյալ զորամասի հրամանատարների ջանքերով: Ես ասել էի, որ մեղավորները կբացահայտվեն ու կպատժվեն, ու մենք տեսանք, որ այդ դեպքն իրոք տեղի էր ունեցել, ու պարոն մայորը, օգտվելով իրավիճակից ու որոշակի սադրանքի նաեւ նվաստացման միջոցառումներով իրականացրինք:



- Հիմա Դուք հավատո՞ւմ եք, որ էլի են եղել նման դեպքեր, բայց նկարողներ չեն եղել:

- Ես գտնում եմ, որ այդ երեւույթը շատ վատ եւ տհաճ երեւույթ էր մեր զինված ուժերի համար, մանավանդ սպայական կորպուսի համար: Ես ի սկզբանե չէի հավատացել, բայց մենք տեսանք, որ իրոք այդ դեպքը եղել է, չնայած նրան, որ ես մինչեւ վերջ չեմ ընդունում այն վարկածը, որ կարող է հատուկ պատրաստված լինել որպես տեսանյութ:



- Բայց Դուք հայտարարել էիք, որ կբացահայտեք ու կպատժեք տեսանյութի հեղինակներին: Այսինքն, եթե բանակի խնդիրները վեր են հանվում, լուսաբանվում են, ուրեմն պիտի պատժվեն հեղինակնե՞րը:

- Նկարահանողները եղել են դեպքի մասնակիցները, ծնողներն ու իրենց երեխաները: Ի՞նչ է նշանակում սպայի հետ նույն իրավիճակում գտնվել, նույն սեղանին մասնակցել, նկարահանել, հետո այդ տեսանյութը տարածել: Ասեմ, որ սպայի համար դա շատ վատ երեւույթ է, բայց միեւնույն ժամանակ էլ իմ իմացությամբ հրամանատարական կազմը զեկուցել է, որ սպան պատերազմի մասնակից է եւ սթափ վիճակում բավականին պարտաճանաչ է կատարում իր պարտականությունները: Բայց այս դեպքի համար կստանա իր արժանի պատիժը շատ խիստ:



- Միգուցե խրախուսե՞ք նկարողներին, այլ ոչ թե պատժեք:

- Նկարողներին ու տարածողներին մենք կբացահայտենք: Ինչո՞ւ: Որովհետեւ վերջին ժամանակներում ես նկատել եմ, որ բանակի նկատմամբ հատուկ միտում կա բանակի ու բանակի ղեկավարության նկատմամբ: Ես չեմ հասկանում, թե դա ինչու է կատարվում, որովհետեւ նմանատիպ դեպքեր եղել են նաեւ նախկինում, դեպքերի քանակությամբ ասեմ, որ այս տարի մենք շատ չենք: Ուզում եմ ձեզ բոլորիդ տեղեկացնել, որ մեր վերջին հանդիպման ընթացքում ոչ բոլոր հրավիրվածներն են արձագանքել իմ խնդրանքին ու չեն եկել, որ կլոր սեղան կայացնենք:



Բայց ես ասել եմ, որ չկա մի որեւէ դեպք, որին ՊՆ-ն եւ ՌՈ-ն իմանան ու չզեկուցեն: Նման դեպքերի վերաբերյալ իրենք՝ հրամանատարներն են բացահայտում եւ զեկուցում: Իսկ քրեական գործով եթե անցնի, ու իրավապահ մարմինները տեսնեն, որ նկարողները պիտի պատժվեն, ուրեմն պիտի պատժվեն: Իսկ ես անտարբեր եմ նաեւ այս գրառումների նկատմամբ, որովհետեւ գտնում եմ, որ հենց այնպես գրել ոչ լիարժեք փաստեր, գրել ենթադրություններով, գրել մտածելով, թե քամին որ կողմից ա փչում եւ այլն, եւ ինչ-որ մի եզրակացության գալ՝ ճիշտ չէ:



Որովհետեւ այնպիսի բաներ են գրում թերթերում, որոնց հետ ոչ նախարարը, ոչ նրա ենթակաները կապ չունեն: Եվ ի վերջո, մենք բոլորս պետք է հասկանանք, որ գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ու ոչ բոլոր դեպքերը կարելի է հրապարակել: Միեւնույն է, դեպքի հետ կապված մենք հանդիպում ենք նրանց ծնողների հետ: Դուք ինքներդ պիտի հասկանաք, կարելի՞ է սեփական ռազմական ուժը այսքան կարճ ժամանակում այսքան ցածրացնել: Միեւնույն է, ինչի մասին գրում եք, մեր զորքերի մարտունակությանն այնքան էլ չեն վնասում, որովհետեւ մեր զորքերը սահմանում կանգնած, որակական ու մարտունակության հատկանիշների շնորհիվ պահպանում են մեր սահմանները: Եթե դա չլիներ, ապա մեր հակառակորդները շուտվանից էին մարտական գործողություններ սկսել եթե ոչ Հայաստանում, ապա Արցախում: Այնպես է ստացվում, որ ՊՆ-ն մի անօրեն կառույց է, մնացածը սուրբեր են:



- Իսկ ո՞վ է, ըստ Ձեզ, փորձում վարկաբեկել բանակը, ու ո՞վ է ձեր վրա հարձակում իրականացնում, ինչպես նշեցիք:

- Ձեզ պատվիրողները, որովհետեւ կան թերթեր, որոնք կարծես «Հայ զինվոր» թերթի ֆիլիալը լինեն, որովհետեւ ամեն առավոտ արթնանում եմ ու կարդում ՊՆ-ի մասին:



- Վերջին կիրակի օրը նույնպես դեպք եղավ՝ զինվոր կախվեց, ինչպե՞ս չգրեինք:

- Մենք ենք հայտարարությունը տարածել, ու կատարողները հայտնաբերվել են: Դա միջանձնային հարաբերությունների արդյունք էր: Հիմա քրեական գործ է հարուցվել:



- Բայց այսպես մինչեւ ե՞րբ:

- Մենք աշխատում ենք: Ցավոք սրտի, այս հարձակումներից հետո դեպքերն ավելանում են, եկեք մտածենք, թե ինչու: Հայերեն ո՞նց ա կոչվում «զակոն պոդլոստին», ինչքան ուզում ես, որ լավ լինի, հակառակն է ստացվում, եւ կողքից կան թռչող մարդիկ, որ շատ են կռռում:



ՀԳ - Պաշտպանության նախարարը քանի որ բացահայտ քամահրանքով է վերաբերվում հատկապես մեզ՝ «Հրապարակի» լրագրողներին, ու չի պատասխանում մեր հարցերին, տեղեկացնենք նրան, որ մենք իրոք կատարում ենք պատվեր, ու այդ պատվերը մեզ տալիս է նախ մեր խիղճը, հետո՝ հասարակությունը, որի հարկերի հաշվին ապրում ենք ոչ թե մենք, այլ ինքը ու իր կոռումպացված համակարգին տզրուկի պես սերտաճած իր «մտերիմ» բարձրաստիճանները: