Նորից եկել են

Նորից եկել են
Երեկ Հայաստան ժամանեցին Մինսկի խմբի համանախագահները: Նպատակը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում դաշտային կոչվող առաքելություն իրականացնելն է, որի մասին այդքան շատ խոսվեց: Այս անգամ կարծես մեզ ձեռնտու երթուղով՝ նախ Ադրբեջան, ապա` Հայաստան եւ վերջապես Ղարաբաղ այցելությունը, անշուշտ, նույն նպատակն ունի՝ հասնել ԼՂՀ հարցի վերջնական կարգավորման: Սակայն որքան էլ Մինսկի խումբը ջանում,  հորդորում ու սիրաշահում է հակամարտության կողմերին, համանախագահներ փոխում, ճնշումներ ու սպառնալիքներ գործադրում, սայլը տեղից չի շարժվում: Ոչ մի թիզ առաջընթաց չի արձանագրվում: Ոչ էլ անգամ հաջողվում է Ղարաբաղի շուրջ՝ ԼՂՀ զինուժի տնօրինության տակ գտնվող ադրբեջանական հողերը հետ վերադարձնել Բաքվին: Հայերն անսասան են իրենց լեռների պես: Եվ ոչ մի հաճոյախոսություն ու դիվանագիտական հնարք այս պարագայում չի օգնում: Նորից չի ստացվելու, եթե հույսներն այն բանի վրա է, որ մենք մեր հոժար կամքով զիջումների կգնանք եւ կհամաձայնենք դույզն-ինչ զիջել ու այնքան միամիտ կգտնվենք, որ ետ կտանք արյունով գրավված հողերը: Ոչ էլ, անշուշտ, օրեցօր հզորացող Ադրբեջանն է զիջելու եւ հաշտվելու Ղարաբաղը կամ տարածքների մի հատված կորցնելու մտքի հետ: Այնպես որ, Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ընդհանուր եզրեր գտնելու, փոխզիջումների գնալու եւ դիմացինի շահը հաշվի առնելու հեռանկարի հույսերն ի դերեւ  են ելնելու: Ակնհայտ է՝ հերթական այս առաքելությունն էլ է ավարտվելու անարդյունք, կողմերը մնալու են իրենց հաստատակամ դիրքերում, եւ ի վերջո տարիներ, տասնամյակներ հետո հաղթելու է նա, ով կարողանալու է սեփական երկրում զարգացման հիմքեր ստեղծել եւ համաքայլ ընթանալ ժողովրդավար, սեփական դեմք ունեցող պետությունների հետ: