Վանաձորում սպանել են ոստիկանի մորը ու խանութից ոչինչ չեն տարել

Վանաձորում սպանել են ոստիկանի մորը ու խանութից ոչինչ չեն տարել
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20:30-ին Վանաձորի Զաքարյան փողոցի թիվ 6 եւ 8 շենքերի միջնամասում գտնվող խանութ- կրպակում կատարվել է սպանություն: Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, որը տեղում պարզել է, որ խանութի հատակին, սուր կտրող-ծակող գործիքով հասցված բազմաթիվ մարմնական վնասվածքներից մահացել է խանութի սեփականատեր (նաեւ վաճառող) 63-ամյա Սվետա Կազազյանը: Նա նաեւ Վանաձորի ոստիկանության կապիտան Մովսես Իսկանդարյանի մայրն է:






Ինչպես նշեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով. «Կազմվել է քննչական խումբ, կատարվում է նախաքննություն, արարքը որակվել է որպես դիտավորյալ սպանություն, առանց որակական հատկանիշների»: Պարոն Իսպիրյանի հավաստմամբ՝ առաջ են քաշվել բազմաթիվ վարկածներ, որոնք դեռեւս ստուգման փուլում են, սակայն մինչ այս «ձերբակալվածներ եւ կասկածյալներ չկան»:




Բնականաբար, ոստիկանությունն ամեն ինչ անում է՝ գործընկերոջ մոր սպանությունը բացահայտելու համար, բայց երեկվա դրությամբ ոչինչ չէր պարզվել:


Ոստիկանի մոր դաժան սպանության լուրը մի քանի ժամում տարածվել էր ողջ Վանաձորում: Դժվար թե ամենատարբեր վարկածների մեջ իր տեղը չունենա նաեւ այն, որ սպանվածը ոստիկանի մայր էր, ու քանի որ ոստիկաններն էլ են սպանությունը որակել դիտավորյալ, իսկ խանութից ոչինչ չի անհետացել, ապա այստեղ առաջ է գալիս վրեժխնդրության վարկածը:




Քննչականի պետի վստահեցմամբ՝ խանութի ապրանքներից ոչինչ չեն վերցրել, նույնիսկ ձեռք չեն տվել: Ի դեպ, երբ քննիչները ընթերակաների ներկայությամբ բացում էին խանութի դուռը, ներկա էինք նաեւ մենք, եւ այն տեսարանը, որին ականատես եղանք, սարսափելի էր, խանութի վաճառասեղանն ու հատակը լրիվ արյունոտ էին, ու անզեն աչքով էլ երեւում էր, որ սպանությունը կատարվել է դաժանաբար: Արդեն երեկոյան քաղաքում լուրեր էին պտտվում, թե սպանությունը կատարել է Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի հիվանդներից մեկը, որն էլ, ըստ խոսակցությունների, «փախել է գժանոցից»: Սակայն Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերից հերքեցին դա, վստահեցնելով, որ փախուստի դեպք իրենց մոտ չի եղել: