Ալիեւը կրկին սպառնում է

Ալիեւը կրկին սպառնում է
Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիեւը Նախիջեւանում մի դպրոցի բացման ժամանակ ունեցած իր ելույթում անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը. «Այսօր մենք ապրում են հրադադարի պայմաններում, պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է նրա առաջին փուլը: Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կկնքվի խաղաղության պայմանագիր: Իսկ դա կարող է լինել այն ժամանակ, երբ կվերադարձվեն Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքները, եւ կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:



Ադրբեջանի նախագահը շարունակել է իր ռազմատենչ ոճով սպառնալ հայկական կողմին: «Ադրբեջանն այսօր պատրաստ է լուծել ցանկացած հարց ցանկացած ճանապարհով: 90-ականների սկզբին մենք չունեինք ոչ բանակ, ոչ ղեկավարություն: Այսօր Ադրբեջանը Հայաստանի հետ անհամեմատելի հզոր պետություն է: Բավական է միայն նշել, որ մեր տնտեսությունը 7-8 անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությանը: Մեր ռազմական ծախսերը Հայաստանի պետական բյուջեին են հավասար: Այս դրական միտումները շարունակական են լինելու: Այսօր Ադրբեջանի բնակչությունը կազմում է 9 միլիոն մարդ: Մեր թվաքանակն աճելու է: Այսինքն` բնական գործընթացները ցույց են տալիս, եւ ես չեմ կասկածում, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա նշել է, որ յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է իր ամենօրյա աշխատանքով հնարավորինս մոտեցնի այն օրը, երբ իրենք կվերադարձնեն «իրենց» տարածքները: