Գրականության Նոբելյան մրցանակ ստացավ պերուացի գրողը

Գրականության Նոբելյան մրցանակ ստացավ պերուացի գրողը
Գրականության ասպարեզում 2010թ. Նոբելյան մրցանակը ստացել է պերուացի գրող Մարիո Վարգաս Լոսան։ Այս մասին այսօր հայտարարել է Ստոկհոլմի Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդը։ «Գրականության ասպարեզում 2010թ. Նոբելյան մրցանակը շնորհվում է պերուացի գրող Մարիո Վարգաս Լոսային` անհատի ընդդիմության, ապստամբության և պարտության վառ կերպարների համար»,– ասվում է ակադեմիայի որոշման տեքստում։



Նա իր մրցանակը՝ 10 մլն շվեդական կրոնը (1,5 մլն ԱՄն դոլար), կստանա անձամբ Շվեդիայի թագավոր Կառլ 16–րդ Գուստավից մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10–ին։



Հիշեցնենք, որ Նոբելյան կոմիտեի հոգեբանության որոշ գիտակներ ասում էին, որ կհաղթի ոչ եվրոպական երկրի որևէ պոետ կամ իսպանալեզու գրականության ներկայացուցիչ։ Նրանք կարծիքով, դափնեկիր կարող էր դառնալ սիրիացի հայտնի գրող Ադոնիսը կամ պերուացի Մարիո Վարգաս Լոսան, որն էլ հենց դարձավ դափնեկիր։



Լլոսայի ամենահայտնի ստեղծագործությունը «Քաղաքը և շները» վեպն է, որը լույս է տեսել 1963թ.։

Մարիո Վարգաս Լոսան 1990թ. Դեմոկրատական ճամբար կուսակցության կողմից Պերուի ընտրություններում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։



Ավանդույթի համաձայն, այս տարվա Նոբելյան թեկնածուների ամբողջական ցանկը հայտնի կդառնա միայն 50 տարի անց, այդ փաստաթուղթը հնարավոր կլինի գտնել Շվեդական ակադեմիայի արխիվում միայն 2060թ.։



Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ քիմիայի բնագավառում Նոբելյան դափնեկիրը. մրցանակին արժանացան ամերիկացի Ռիչարդ Հեքը և ճապոնացիներ Էյ Իչի Նեգիշին և Ակիրո Սուզուկին՝ օրգանական սինթեզում պալլադիումե կատալիզատորներ ստեղծելու համար։



Հոկտեմբերի 5–ին հայտարարվեց ֆիզիկայի բնագավառում 2010թ. Նոբելյան մրցանակակիրների անունները։ Դրան արժանացան Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը՝ գրաֆենը ստեղծելու համար։



Իսկ հոկտեմբերի 4–ին հայտնի դարձավ ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում մրցանակակիրը՝ արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսը։



Վաղը կհայտարարվի Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը։ 109–րդ Նոբելյան մրցանակաբաշխությունը կավարտվի հոկտեմբերի 11–ին, այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը:



Tert.am