Գուժ Մանուկյան. Լուրջ դրամատուրգիան բացակայում է

Գուժ Մանուկյան. Լուրջ դրամատուրգիան բացակայում է
Հիմա ժողովուրդն ավելի շատ թեթեւ ժանր է նախընտրում եւ ոչ ավելի խորիմաստ, փիլիսոփայական գործեր՝ ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ թատրոնում: Նախկինում թատրոնում կային հասարակական-քաղաքական անցուդարձը ներկայացնող գործեր, օրինակ՝ Պերճ Զեյթունցյանի պիեսներից մեկը: Այժմ շատ լուրջ ներկայացումները թատրոնում ավելի քիչ հանդիսատես են հավաքում: Դա հասկանալի է այն իմաստով, որ թատրոնին պետք են նաեւ, այսպես ասած, դրամարկղային ներկայացումներ, որպեսզի շահույթ ապահովվի:



Թատրոնի ղեկավարությունը դրանում շահագրգռված է, եւ շատ ներկայացումներ, որոնք ընդունելի են հասկացող հանդիսատեսի  կողմից, բավականին ուշ-ուշ են բեմ բարձրանում, իսկ ավելի հաճախ բեմադրվում եւ թատրոնների խաղացանկերում տեղ են գտնում ներկայացումներ, որոնք ավելի շահութաբեր են: Ես չեմ ասում, որ բոլոր ներկայացումներն այսօր թեթեւ ժանրից են: Օրինակ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ին հանդիսատեսը կհաճախի, բայց մեր թատրոններում լուրջ դրամատուրգիան բացակայում է:  Հիմնականում քաղաքական, հասարակական խնդիրները վեր են հանում հումորով համեմված ներկայացումները, ինչպես, օրինակ, Վարդան Պետրոսյանի ներկայացումներն են, որոնցում ժողովրդի ցավոտ կողմերը եւ ակնկալիքներն են բարձրացվում:



Այս ամենի մեջ, իհարկե, հասարակությունն էլ իր դերն ունի, բայց հայտնի ասացվածք կա, որ թատրոնը պետք է չիջնի հանդիսատեսի մակարդակին, այլ պետք է հանդիսատեսին բարձրացնի իր մակարդակին: Դժբախտաբար, հիմա եթերն ու թատրոնները ողողված են այնպիսի սերիալներով ու ներկայացումներով, որոնք հանդիսատեսին սովորեցրին ավելի թեթեւ ժանրերին:



Այն հանդիսատեսի մոտ, որին ժամանակին հեռուստաթատրոնը կարողացել էր իր մակարդակին բարձրացնել, երբ բոլորն սպասում էին երանելի երկուշաբթի օրերին, որպեսզի նայեն այս կամ այն բեմադրությունը, լավ գործերի նկատմամբ պահանջարկը պակասել է: Դժբախտությունը հենց սրանում է, որ չենք կարողանում բարձրացնել, իսկ բարձրացրածը կամաց-կամաց իջեցնում ենք՝ փոխանակ հակառակը լինի:



Գուժ ՄԱՆՈւԿՅԱՆ

դերասան