Բեյրութը հայության երկրորդ մայրաքաղաքն է

Բեյրութը հայության երկրորդ մայրաքաղաքն է
Այս հարցազրույցը կայացել է Հայաստանում Լիբանանի դեսպանատանը` վարչապետ Սաադ Հարիրիի հայաստանյան երկօրյա այցի առիթով: Պրն. Ժիբրաիլ Ժեարան Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է Հայաստանում: Պաշտոնը ստանձնել է 2003-ի հոկտեմբերին եւ հավատարմագրերը ՀՀ նախագահին հանձնելիս ասել է, թե ինքն ուղղակի չգիտի, թե որտեղ է սկսվում Հայաստանը եւ որտեղ է ավարտվում Լիբանանը` այնքան խորը բարեկամություն է կապում հայերին եւ լիբանանցիներին: Պրն. Ժեարան համատեղությամբ նաեւ Լիբանանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարն է Վրաստանում եւ Թուրքմենստանում: Խորհրդային ժամանակներում դիվանագիտական ծառայության է եղել Մոսկվայում:



- Պրն. դեսպան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս հարցազրույցի համար եւ սկսել հենց այն իրադարձությունից, որի առիթով հարցազրույցը խնդրել եմ` վարչապետ Սաադ Հարիրիի այցը Հայաստան: Որքան գիտեմ՝ այն ծրագրված է հոկտեմբերի 7-8-ին: Դուք այցի մասին ի՞նչ մանրամասնություն կասեք:



- Նախ, ես էլ փոխադարձաբար ցանկանում եմ ողջունել Ձեզ Լիբանանի դեսպանատանը: Մամուլը հանրային կյանքի, մանավանդ դիվանագետների կյանքի մի մասն է: Հուսով եմ՝ ապագայում էլ կլինեն համագործակցության առիթներ: Մեր վարչապետի այցի հետ կապված. ճիշտ եք` նրա հայաստանյան այցը կայանալու է հոկտեմբերի 7-ին եւ 8-ին: Վարչապետը Հայաստան է ժամանում մեծ պատվիրակությամբ, որի կազմում են նախարարներ, պատգամավորներ, լրագրողներ եւ մեծ թվով գործարարներ:



2004-ին, երբ իր հայրը` վարչապետ Ռաֆիկ Հարիրին էր այցելությամբ Հայաստանում, գումարվեց հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այժմ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը կկայանա` վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Սաադ Հարիրիի նախագահությամբ: Անշուշտ, այցի ընթացքում նաեւ քաղաքական հարցերի անդրադարձներ կլինեն, բայց հիմնական ծանրությունը տնտեսական ոլորտում է. քննարկվելու են հատկապես ներդրումների, բանկային եւ տնտեսության այլ նեղ ճյուղերում համագործակցության խթանման հարցերը: Դրա համար էլ այս այցի հետ գործարարները շատ հույսեր են կապում:



- Լիբանանի վարչապետի այցն իրադարձություն է ինքնին եւ բոլորի համար, ոչ միայն գործարարների: Հայաստանում «բարեկամ» բառն ում մասին ասես ասում են, նույնիսկ վերջին մի-երկու դարում այստեղ հայտնվածների: Բայց Լիբանանի հետ բարեկամությունը, այդ երկրի հանդեպ հայերի սերը բառերից այն կողմ է, դա երեւի համեմատություն չունի:



- Համաձայն եմ, ես միշտ ասում եմ, որ Բեյրութը եւ Երեւանը ամեն հայի սրտում են: Փոխադարձաբար Լիբանանում էլ հայերին են շատ սիրում: Լիբանանում հայերի մասին նույնիսկ «համայնք» բառը չես ասի, այն մի տեսակ օտարություն է կրում իր մեջ: Լիբանանահայերը լիբանանցիներ են, նրանք Լիբանանի նախարարներ են, պատգամավորներ են, ղեկավարներ են եւ Լիբանանի անքակտելի մասն են: Մեր ժողովուրդների բարեկամությունը հաստատվել է այն ժամանակ, երբ մեր պետությունները դեռ չեն եղել:



Արեւմտյան Հայաստանից մոտ քսանհինգ հազար հայեր 12-րդ դարում եկել են Լիբանանին օգնելու, հետո տեղանքը, երկիրը սիրել են եւ հաստատվել այնտեղ: 18-19-րդ դարերում էլ հայեր են եկել Լիբանան եւ արդեն եկեղեցական շինություններ են կառուցել, օրինակ Սբ. Անտոնիոսի տաճարը, որ երեւի քրիստոնեական Արեւելքի ամենագեղեցիկ ու հոյակերտ շինությունն է: Կաթոլիկ հայերի առաջնորդական նստավայրը Մարզմանում նույնպես շատ գեղեցիկ է եւ կառուցվել է 1718-ին:



Բայց հայերի հիմնական հոսքը Լիբանան եղել է, իհարկե, 20-րդ դարասկզբին, ցեղասպանությունից հետո: Ի դեպ, երբ կոտորածներից փրկվող հայերը գալիս էին Լիբանան, այդ ժամանակ Լիբանանն ինքը թուրքերի կողմից շրջափակման էր ենթարկված, եւ որոշ շրջաններում բնակչության մինչեւ մեկ երրորդը սովամահության զոհ էր դարձել: Բայց այդ ծանր պայմաններում էլ Լիբանանը սրտաբաց ընդունեց հայերին: Նրանք հաստատվեցին Լիբանանում, դարձան լիբանանցիներ, կերտեցին մեր երկիրը: Այսօր էլ լիբանանահայ իմ հայրենակիցներին ես ասում եմ` այն, ինչ դուք անում եք Հայաստանի համար, համարեք, որ անում եք նաեւ Լիբանանի համար, եւ փոխադարձաբար` այն, ինչ անում եք Լիբանանի համար, անում եք նաեւ Հայաստանի համար:



- Այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետեւ Բեյրութը հայկական սփյուռքի հոգեւոր ու քաղաքական կենտրոնն է, իր կշռով գուցե ավելին է, քան Երեւանը:



- Այո, Բեյրութը հայության երկրորդ մայրաքաղաքն է: Մանավանդ խորհրդային ժամանակներում հայ ազգային շարժումները, կյանքը կենտրոնացած էին Լիբանանում: Բեյրութում էին հրատարակվում հիմնական սփյուռքահայ պարբերականները, եւ այսօր էլ նրանք կան: Լիբանանի հողից էր տարվում հայկական հարցի միջազգային քարոզչությունը: Վերջապես՝ Լիբանանն է պատիվ ունեցել Սիսի հայոց կաթողիկոսությունն ընդունելու` ցեղասպանությունից հետո, Կիլիկիո կաթողիկոսության ներկայությամբ Լիբանանի հողն ավելի օրհնյալ ու սրբացյալ է դարձել: Այսօր էլ մենք հպարտանում ենք Անթիլիասով եւ այդ մեծ մարդու` Արամ Առաջին կաթողիկոսի գործունեությամբ: Այնպես որ, հայերը Լիբանանում համայնք չեն, հայերը Լիբանանին միաձույլ մի մաս են: Այս բարեկամության ոգին,  բնականաբար, փոխանցվել է նաեւ մեր երկրների միջեւ դիվանագիտական, քաղաքական հարաբերություններին:



- Ինձ թվում է՝ հայերը Հայաստանն ու Լիբանանը սիրում են նույն կերպ, նույնիսկ երբ չեն եղել ոչ Հայաստանում, ոչ Լիբանանում: Դա էլ երեւի Էջմիածնի ու Անթիլիասի ծառայությունն է: Իսկ Լիբանանի ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնց մասին հատկապես 2009-ի խորհրդարանական ընտրություններից հետո խոսվում է, ի՞նչ ուղղությամբ են լինելու: Կրոնական համայնքների իրավունքները, պարտականությունները վերանայվելո՞ւ են:



- Նախագահ Միշել Սուլեյմանը 2008-ին պաշտոնը ստանձնելուց հետո խոսեց ընտրական օրենսդրության փոփոխման մասին եւ այդ ժամանակվանից էլ աշխատանքները մեկնարկեցին: Իհարկե, դրանք մի քիչ դանդաղ են ընթանում, որովհետեւ երկրում կոալիցիոն, Ազգային համաձայնության կառավարություն է իշխում: Նաեւ պետք չէ մոռանալ, որ Լիբանանն ազատ եւ ժողովրդավար երկիր է, իսկ դա պարտադրում է բոլոր կողմերի, պետական-քաղաքական կյանքի մասնակիցների կարծիքները հաշվի առնել եւ նրանց միջեւ համաձայնության հասնել: Դա էլ երկարացնում է փոփոխությունների նախապատրաստումը: Ամեն դեպքում, մենք հուսով ենք, որ մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունը օրենսդրական դաշտում բարեփոխումներն իրականացված կլինեն եւ ընտրությունը նոր կանոններով կկայանա:



Իհարկե, ընտրական օրենսդրության փոփոխությունը կընդգրկի նաեւ կրոնական համայնքներին առնչվող նոր դրույթներ, բայց, կարծում եմ, այն ոգով, ինչ ամրագրված է Լիբանանի Սահմանադրության նախաբանում` հասարակական կյանքի ցանկացած կարգավորում պետք է հիմնվի համատեղ գոյակցության վրա: Լիբանանը չորս միլիոն մարդու պետություն, հավաքույթ չէ: Ի վերջո չորս միլիոնը Նյու Յորքի մի թաղամասի բնակչության թիվն է: Կամ ի՞նչ է չորս միլիոնը Չինաստանի չափանիշներով: 70-ական թվականների ԱՄՆ պետքարտուղարներից մեկն ասել էր` Լիբանանը պետություն չէ, այլ աշխարհով մեկ տարածված կայսրություն: Եվ նախկին Հռոմի պապի խոսքերն են. «Լիբանանը միայն պետություն չէ, Լիբանանն առաքելություն է»: Լիբանանը ստեղծվել է տարբեր կրոնների, համայնքների խաղաղ գոյակցման սկզբունքով, դա մեր նկարագիրն է, էությունը, որով կարող ենք օրինակ ծառայել բազմաթիվ մեծ տերությունների: Այլ երկրներ քաղաքացիական պատերազմներից կործանվում են: Իսկ մեր երկիրը այդքան քաղաքացիական պատերազմների, դիմակայության, բախումների միջով անցավ, բայց կանգուն է, որովհետեւ Լիբանանի զավակները ցանկանում են միասին ապրել: Եվ օրենսդրությունը ինչպես էլ փոփոխվի՝ այս հրամայականից ու հավատամքից պիտի ելնի:



- Հրաշալի է, այժմ կարելի՞ է անդրադառնաք միջինարեւելյան խաղաղության գործընթացին, որը վերջնահաշվում առնչվելու է Լիբանանին: Դուք ԱՄՆ միջնորդությամբ սեպտեմբերին մեկնարկած, այս պահին կարծես առկախված գործընթացի հանդեպ որքանո՞վ եք լավատես:



- Նախ պետք է ասել, որ Միջին Արեւելքում արաբական երկրները խաղաղության կողմնակից ուժն են` ոչ միայն խոսքով, զգացումներով, այլեւ գործով: 2001-ին Բեյրութում  կայացավ արաբական երկրների գագաթաժողով, որի ընթացքում Սաուդյան Արաբիայի այն ժամանակ թագաժառանգ, այժմ` արքա Աբդալլահը ներկայացրեց համընդհանուր հավանության արժանացած մի նախագիծ, որ հենց այդ անվանումն էլ ստացավ` Աբդալլահի նախաձեռնություն: Իմաստը հանգում է նրան, որ Իսրայելը պետք է ետ քաշվի մինչեւ 1967-ին գոյություն ունեցած սահմանները` ազատելով Պաղեստինում, Լիբանանում եւ Սիրիայում բռնազավթած տարածքները: Դրա դիմաց արաբական երկրները կճանաչեն Իսրայելը, նրա հետ կհաստատեն դիվանագիտական, առեւտրային, մշակութային հարաբերություններ: Իսրայելի հետ որեւէ կարգավորում այս հիմքով է լինելու, արաբական նախաձեռնությունն այսօր էլ սեղանի վրա է: Առայժմ Իսրայելի արձագանքը դրական չէ: Իսկ առանց դրա որեւէ առաջընթաց անհավանական է:



- Գուցե ինքս շատ ուշադիր չեմ, բայց ես դժվարանում եմ մտաբերել իսրայելա-լիբանանյան բանակցություններ: Դուք երբեք չե՞ք բանակցում:



- Ոչ, որովհետեւ մենք Իսրայելի հետ բանակցելու կարիք չունենք: Մոտ 20 տարի առաջ ՄԱԿ-ի ԱԽ 425 բանաձեւն է ընդունվել, որն Իսրայելից պահանջում է ազատել Լիբանանի հարավում գրաված տարածքները: Պետք է Իսրայելը ԱԽ որոշմանը ենթարկվի, իսկ մենք իրենց հետ խոսելու ոչինչ չունենք: Բնականաբար, դիվանագիտական, միջպետական որեւէ հարաբերություն էլ չունենք: 1949-ին կնքվել է զինադադար Իսրայելի եւ Լիբանանի միջեւ եւ մինչ այժմ հարաբերությունները այդ կետում են:



- Իմ վերջին հարցը Հայաստանի եւ Միջին Արեւելքի մասին է, որին Հայաստանը մաս է կազմել հազարամյակներ...



- Այո, ճիշտ եք: Խորհրդային Միության, երկաթե վարագույրի ժամանակներում անընդհատ ջանում էին ներարկել, քարոզել, թե Հայաստանը Միջին Արեւելքից հեռու է: Այդպես չէ: Հայաստանը Միջին Արեւելք է, նայեք որտեղ է Արեւմտյան Հայաստանը, Հալեպը, որ հարազատ է երեւի ամեն հայի: Հայաստանը Միջին Արեւելք է, եւ դուք պետք է վերադառնաք ու ներգրավվեք Միջին Արեւելքի կյանքում:



- Շնորհակալություն: