Վերակենդանացումն ավելի բարդ է լինելու

Վերակենդանացումն ավելի բարդ է լինելու
Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության ու ֆուտբոլային դիվանագիտության «նյութական» արդյունքը անցած տարի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված զույգ արձանագրություններն էին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Մինչ արձանագրությունների ստորագրումն ու դրանից հետո իշխանական քարոզչամեքենան շարունակ խոսում էր հարեւան Թուրքիայի հետ բարեկամանալու, փակ սահմանները բացելու եւ դրանից բխող քաղաքական ու տնտեսական հետեւանքներից՝ ոսկե սարեր խոստանալով ժողովրդին: Իրադարձությունների հետագա ընթացքը, սակայն, այս հույսերը չարդարացրին:



Նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո արդեն իսկ փակուղի մտած գործընթացը, այսպես ասած, պաշտոնապես կասեցվեց եւ այժմ կենդանության նշաններ ցույց չի տալիս: Ի՞նչ ունենք արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց  եւ ինչպիսի՞ն է լինելու հայ-թուրքականի ապագան: Արդյո՞ք անցնող շրջանում Հայաստանի ու Թուրքիայի փոխհարաբերությունները հասցվեցին այնպիսի մակարդակի, որի հիմքի վրա հարաբերական դադարից հետո կարելի է ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսի մեկնարկը տալ, թե՞ երկու երկրների հարաբերություններն ավելի վատացան:



ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի կարծիքով՝ մինչ գործընթացը սկսելն էլ լավ վիճակում չէինք, բայց այն, ինչ ունենք այսօր՝ ստորագրված, բայց չվավերացված արձանագրություններ, մեզ ավելի վատ վիճակի մեջ է դրել, քան մինչ բանակցությունները, որովհետեւ ներկա վիճակում Թուրքիան իսկապես շահագրգռված էլ չէ դրանք վավերացնելու, թեեւ իր ուզածի 80 տոկոսն արդեն ստացել է: Խոսքը պատմաբանների հանձնաժողովի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանը որպես իրավական սահման ամրագրելու եւ ԼՂ հարցը շահարկելու հնարավորության մասին է:



Ստեղծված պայմաններում հայ-թուրքականի տեսլականը Կիրո Մանոյանն այսպես է տեսնում. «Նույնիսկ ստորագրումից 1 տարի հետո Հայաստանը պետք է հայտարարի, որ ստորագրությունը հետ է վերցնում եւ փոխարենը 3 պարբերությամբ արձանագրության մի նախագիծ դնի սեղանի վրա: Այն օրը, երբ Թուրքիան պատրաստ կլինի, կստորագրենք, կվավերացնենք եւ կսկսենք հարաբերությունները: Այդ երեք պարբերություններում պետք է ասվի՝ երկու երկրները որոշել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, Թուրքիան որոշել է շրջափակումը հանել եւ բացել ճանապարհները եւ երկու կողմերը համաձայնվում են իրենց  միջեւ առկա բոլոր խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա բանակցություններում լուծել:



Այս վիճակով գործընթացի ապագա չեմ տեսնում, որովհետեւ այս արձանագրություններից պետք է ձերբազատվել»: Գործընթացից Հայաստանը ոչինչ չի շահել, այլ կորցրել է՝ եւ միջազգային դիվանագիտական, եւ ներքին դաշտում, իսկ Թուրքիան այս գործընթացից ստացավ առավելագույնը:  «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ կարծում է. «Հենց Հայաստան պետության «հրավերով» Թուրքիան այս երկու տարիների ընթացքում դարձավ տարածաշրջանի թերեւս ամենաակտիվ գործոններից մեկը»:



Այսպես կոչված,  «Ցյուրիխ 2» ծրագրի առկայության մասին խոսակցություններում տրամաբանություն կա, որովհետեւ Հայաստանի օրակարգում արձանագրությունների վավերացման հարցը պահպանվում է, իսկ  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված պետությունները ձեռքերը ծալած չեն նստել: «Մեր տեսակետն այն է, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ վերցնի ցյուրիխյան արձանագրություններից, առավել եւս, որ բոլորի՝ այդ թվում նաեւ միջնորդ պետությունների համար պարզ դարձավ, որ Թուրքիայի կեցվածքի պատճառով է, որ արձանագրությունները «խելամիտ» ժամկետում չվավերացվեցին»,-Ռուբեն Հակոբյանը Հայաստանի համար միակ անհրաժեշտ, հնարավոր եւ ճիշտ քայլն այսպես ներկայացրեց:



ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանն էլ է համակարծիք՝ Հայաստանը միայն կորցրեց եւ ստիպված է դիմագրավել թուրքական ակտիվ դիվանագիտությանը Անդրկովկասում: Նրա համոզմամբ՝ գործընթացի տեսլականը «Ցյուրիխ 2»-ն է լինելու, այսինքն՝ ԱՄՆ-ի ակտիվ միջամտությունը, որի մեկնարկն արդեն տրված է: «Իմ տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական գիծն արտաքին ասպարեզում անորոշությունն է՝ մի կողմից  ստորագրվում է պայմանագիր ռուսների հետ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցվում է թուրքերի հետ, ՄԽ-ի հետ բանակցություններ գնում եւ ԼՂՀ անկախության ճանաչման անհասկանալի խնդիրը դրվում, որը կարող է պատերազմի բերել»,-ասաց Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ վերսկսվելիք բանակցություններում  շեշտադրվելու է տնտեսական գործոնը:



«Չգիտեմ՝ դա ազատ առեւտրի գոտիներ կլինեն, միգուցե մաքսային որոշակի հարկերի անտեսում հայ-թուրքական տնտեսական հարաբերություններում, բայց զուտ տնտեսական նոր թեւ կավելանա», -շարունակեց ՆԺԿ ղեկավարը՝ հավելելով, որ հավանաբար ԱՄՆ-ն համարում է, որ «փողը» քիչ է եղել: Այս ամենին, Կարապետյանի կանխատեսմամբ, կգումարվեն նաեւ ԼՂՀ ստատուսի հետ կապված նոր բանակցությունները, քանի որ ԱՄՆ-ն հասկանում է, որ այս ուղղությամբ քայլ չանելու պարագայում գործընթացը կրկին փակուղի կմտնի:



Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը բացասական փորձն էլ արդյունավետ համարեց այն իմաստով, որ ապագայում այլեւս սին հույսեր չեն լինի եւ ճիշտ եզրահանգումներ կարվեն: Ըստ նրա՝ խելամիտ վերլուծաբանները նախազգուշացնում էին, որ եթե գործընթացը գոնե մասամբ սպասված արդյունքի չբերի, կողմերը շատ ավելի բարդ խնդրի առաջ կկանգնեն: «Գործընթացի վերակենդանացումը այս մեկ տարվա արդյունքների չգոյության  իրողությանը դեմ-հանդիման՝ ես գտնում եմ անհնարին: Կարելի է ստեղծել իմիտացիա, որովհետեւ ակնհայտ ճչացող ձախողումներից հետո այն վերսկսելն ավելի դժվար է, քան գործընթացը սկսելն էր»:



Ձախողման հիմնական պատճառը, Հովհաննիսյանի խոսքով, պրոցեսի նպատակի վրա կենտրոնանալու փոխարեն այլ խնդիրներ լուծելու հանգամանքն էր՝ Թուրքիան դրա քողի տակ փորձում էր Եվրոպային ինտեգրվելու խնդիր լուծել, իսկ Հայաստանը՝ ներքաղաքական խնդիրները իշխանությունների քիմքին հաճո ձեւով կարգավորելու համար, միջազգային հանրության համաձայնությունն ստանալ: