Հայաստանն անապատացման է գնում

Հայաստանն անապատացման է գնում
«Այս տարի մայրաքաղաքում պայքարը անտառահատումների դեմ ավելի է թեժացել»,- ENPI FLEG տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Իջեւանում կայացած քննարկման ժամանակ կարեւորեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը` նշելով, որ «մի կողմից անտառը կորցնում ենք, մյուս կողմից վերահսկողությունն է ուժեղացել»: Գուգարքում, Հանքավանում, Եղեգնուտում քրեական գործեր են հարուցվում ապօրինի անտառահատումների հետ կապված, բայց Իջեւանում, որտեղ Հայաստանի անտառների զգալի մասն է, լուրջ խախտումների մասին դեռ բարձրաձայնող չկա:



Հայաստանի անտառային սեկտորի իրավիճակին նվիրված քննարկման բանախոսները ցավով նշեցին, որ քրգործերի արդյունքում առայժմ տուժում է շղթայի ամենացածր օղակը` անտառապահները, որոնք ցածր աշխատավարձի դիմաց հազարավոր հեկտարներ միայնակ են հսկում: Միջազգային փորձագետները Հայաստանի անտառների վիճակը գնահատել են ողբերգական: Ինգա Զառաֆյանն ասում է, որ անտառների դեպքում պաշտոնական եւ ոչ պաշտոնական թվերի միջեւ հակասություն կա: Ըստ պաշտոնականի` ՀՀ անտառածածկ տարածքը 11,2 տոկոս է, իսկ 2006թ. տիեզերքից կատարված հետազոտություններով` 7-8  տոկոս:



Եթե այսպես շարունակվի, ապա 2020թ. անտառ, որպես էկոհամակարգ, չենք ունենա: Իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանի խոսքով` «անտառը ժողովրդի սեփականությունն է, որը գողանում են, եւ այդ գումարը պետական բյուջե չի գնում, այլ մտնում է մի քանի հոգու գրպանը»: Տիկին Վարդանյանի հնչեցրած ահազանգի համաձայն, ԱՊՀ երկրներում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքները կազմում են 2,9 հեկտար, իսկ մեր երկրում` 0,01 հա, այսինքն` մեր բնակիչը 29 անգամ պակաս թթվածին է ստանում:



Հայաստանը կենսաբազմազանության վտանգված լինելու առումով գտնվում է 34 խոցելի երկրների շարքում, չնայած մեր բնությունը հարուստ է կենսաբազմազանությամբ: Ինգա Զառաֆյանը պատմեց, որ Հանքավանի անտառային տարածքում հայտնաբերել էին ծառահատում, որը, ինչպես պարզվել էր, կադաստրով անտառ չէր: Մոտ 50 հազար հեկտար դուրս է բերվել անտառային ֆոնդից եւ միանգամից տրվել համայնքներին, վերջիններն էլ միանգամից վաճառել են անհատ անձանց: Անգամ Անտառային մոնիտորինգի կենտրոնին չի հաջողվել պարզել, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր այսքան հսկայական տարածք են վերցրել: Ըստ խոսակցությունների, Հանքավանի նշված տարածքում ոսկի է փնտրում Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:



Բնապահպաններն ուզում են արգելափակել բոլոր տեսակի անտառահատումները: «Մեզ ասում են, որ անտառամերձ տարածքներում մարդիկ շատ կտուժեն, բայց մենք առաջարկում ենք տարբեր ծրագրեր` բնակչության հոգսը թեթեւացնելու համար,- հիմնավորում են իրենց տեսակետը:-Եթե բիզնեսը հանվի եւ բնակչությունը ոչ թե գնի փայտը, այլ ստանա ինչ-որ ծրագրերով, վերահսկողությամբ, ապա անտառը կփրկվի»:



Առաջարկում են նաեւ, որ սահմանամերձ գյուղերում՝ անտառամերձ տարածքների անապահով բնակիչներին պետությունը լրավճար հատկացնի: Կամ էլ ջեռուցման այլընտրանքային տարբերակներից օգտվել, այդ թվում` արեւային մարտկոցներից: Քննարկման արդյունքում բնապահպանները եկան եզրակացության, որ պետությունն անտարբեր է անտառների պահպանման խնդրի նկատմամբ եւ բնական ռեսուրսների հավասարակշռությունն ապահովելու համար միջոցներ չի ձեռնարկում: