Խողովակները հանեցին, փոսը մնաց

Խողովակները հանեցին, փոսը մնաց
Դեռեւս վաղ գարնանը Վանաձորի Տարոն 4 թաղամասում մեծածավալ քանդման աշխատանքներ էին ընթանում: Գետնի տակից հզոր տեխնիկայի օգնությամբ հանում էին խոշոր տրամաչափի խողովակաշար: Դեռ աշխատանքների սկզբում քանդման պրոցեսն առաջացրել էր թաղամասի բնակիչների դժգոհությունը. խողովակաշարն անցնում էր մեկի խանութի դիմացով, մեկի այգու միջով կամ պարզապես մայթեզրով:



Իսկ Մին-էներգո թաղամասն ընդհանրապես հայտնվեց քարուքանդ վիճակում: Ճանապարհի ողջ երկայնքով փորված փոսերը մինչ օրս չեն փակվել: Ամիսներ առաջ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը մեզ պատմել էր, որ այս խողովակաշարը պատկանելիս է եղել «Վանաձորի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ-ին, որն էլ կառավարության թիվ 283 որոշմամբ մտել է լուծարվող ձեռնարկությունների շարքը:



Վարչության պետ Ջանազյանը դեռ աշխատանքների սկզբում բնակչությանը հավաստիացրել էր, որ ապամոնտաժող կազմակերպության հետ պայմանագիր է կնքվել, որ «աշխատանքների ավարտից հետո տարածքը պետք է բերվի նախնական տեսքի»: Սակայն երկար ժամանակ է՝ աշխատանքները դադարեցված են, իսկ նախնական տեսքի մասին խոսք անգամ չի գնում: Մինչդեռ առաջացել են բազմաթիվ խնդիրներ: Թաղամասին կապող վերին ճանապարհը վերածվել է աղբավայրի, հիմա անցել են ներքեւի փողոցին: Հսկա հողաթմբերն ու խորը փոսերը թաղամաս այցելողների մոտ հանքերի տպավորություն են ստեղծում, իսկ բնակիչների մոտ զայրույթ առաջացնում:



Թաղամասի բնակիչներն ասում են. «Փոսը քանդեցին, մեջի տրուբեքը տարան, հիմա էլ ինչքան զիբիլ կա, էստեղ են թափում»: Իրոք որ, ողջ ճանապարհի երկայնքով շինարարական աղբ է լցվել, ու ոչ միայն փոսերում, այլեւ ճանապարհին: Իսկ Արմեն Ջանազյանն ասում է, որ դեռեւս աշխատանքներն ավարտված չեն, եւ ինքն անձամբ է հետեւում. «Աշխատանքները դադարեցված են որոշ ժամանակով, խողովակաշարի մի մասն անցնում է սեփական խանութների տակով, մտածում ենք՝ ոնց հանենք, որպեսզի հնարավորինս քիչ վնաս տրվի»:



Վարչության պետը վստահեցնում է. «Թե մարզպետը, թե ես հետեւողական ենք, որպեսզի հանող կազմակերպությունը վերջում տարածքը բերի նախնական տեսքի»: Իսկ թե այդ ահռելի շինարարական աղբը ով պետք է մաքրի, պարզ չէ: Քաղաքի ծայրամասերը, հատկապես Տարոն 4 թաղամասի Մին-էներգո հատվածը, այսօր լիովին աղբավայր են դարձել, եւ դա համապատասխան գերատեսչություններին կարծես չի էլ հուզում: