Ֆրանսիայում փարաջա կրելն արդեն արգելված է օրենքով

Ֆրանսիայում փարաջա կրելն արդեն արգելված է օրենքով
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել հասարակական վայրերում դեմքը ծածկելն արգելող օրինագծին: Այսպիսով Ֆրանսիայում արգելք է դրվում մուսուլմանական գլխածածկույթներ` չադրա, փարաջա եւ նիկաբա, կրելու վրա: Արգելքն ուժի մեջ է մտնում 2011թ.: Այն չի գործի կրոնական պաշտամունքի վայրերում, քանի որ, ինչպես գտնում են ֆրանսիացի դատավորները, հակառակ դեպքում օրենքը կխախտի կրոնի ազատությունը: Այլ դրույթներով օրենքը ճանաչվել է սահմանադրական նորմերին համապատասխան:



Հաստատումը Սահմանադրական խորհրդում վերջին փուլն էր, որը պետք է անցներ օրինագիծը` ուժի մեջ մտնելու համար: Օրենքի տեքստում հիշատակում չկա իսլամի մասին, սակայն դեմքը փակող գլխածածկույթներն արգելելու կողմնակիցները  պնդում էին, որ այն անհրաժեշտ է հատկապես այն կանանց իրավունքների պաշտպանության համար, որոնց պարտադրում են ծածկել դեմքերը: Արգելքի հիմնական նախաձեռնողներից մեկը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին էր:



Առաջիկա վեց ամիսների ընթացքում Ֆրանսիայում զանգվածային տեղեկատվական արշավ կանցկացվի, որի ընթացքում կանանց կպատմեն նման արգելքի անհրաժեշտության մասին: Փարաջա կրելու համար նախատեսվում է 150 եվրո տուգանք, որը կարող է փոխարինվել քաղաքացիական ազատությունների մասին դասընթացների կուրսով: Միեւնույն ժամանակ, եթե հայտնի դառնա, որ տղամարդը պարտադրում է կնոջը փակել դեմքը, նա կարող է տուգանք վճարել 30.000 եվրոյի չափով եւ մեկ տարով հայտնվել բանտում:



Օրենքի հակառակորդները պնդում են, որ այն խախտում է մարդու իրավունքները եւ հակասում է եվրոպական չափանիշներին: