Չի հիշում` երբ է դավաճանել ՕԵԿ-ին

Չի հիշում` երբ է դավաճանել ՕԵԿ-ին
Ճակատին ՕԵԿ խարանած  ԲՀԿ փոխնախագահ, գյումրեցի գարեջրագործ Սամվել Բալասանյանը երեկ դարձավ ԱԺ փոխխոսնակ՝ ԲՀԿ-ի քվոտայով: Նրա ընտրությանը մասնակցելու համար խորհրդարան էր եկել անգամ Գագիկ Ծառուկյանը: Երեկ Ծառուկյանը խորհրդարանում արդեն ցուցումներ էր տալիս Բալասանյանին, թե՝ լավ կլինես բոլորի հետ՝ ընդդիմության, իշխանության եւ այլն: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բալասանյանի «տղամարդկային պահվածքին»:



Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն որոշեց այդ պաշտոնում առաջադրել Սամվել Բալասանյանին, որը լքեց ՕԵԿ-ը, երբ կուսակցությունն ընդդիմադիր դարձավ, Ծառուկյանը  հայտարարեց. «Ոչ, դու սխալվում ես, նա ընդդիմություն դառնալուց չի հեռացել, նա ասել է, որ՝ «այո, իմ ճակատին  գրված է «Օրինաց երկիր»», նրա տղամարդկային պահվածքը եղել է, երբ նա դարձել է ընդդիմադիր: Իսկ այդ ժամանակ շատ մարդիկ թողել ու հեռացել են, իսկ նա կանգնել է մինչեւ վերջ»:



Փոխարենը ՕԵԿ-ը չէր մարսել Բալասանյանի՝ իրենց լքելու քայլը եւ չէր ներկայացել քվեարկության ժամանակ, իսկ երբ քվեարկության արդյունքներն էին հայտարարում, ՕԵԿ-ից դահլիճում ներկա էր միայն ՕԵԿ շարքերը վերջերս համալրած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը:



Մինչ ընտրությունը կմեկնարկեր, Բալասանյանն իր ելույթում նախ հավատարմության երդում տվեց «Բարգավաճ Հայաստանին», ապա՝ կոալիցիային:  Դրանից հետո նա գյումրեցու վարպետությամբ սկսեց ԱԺ ամբիոնից դիֆերամբներ ձոնել ինքն իր հասցեին, թե՝ ես օրինագծեր եմ գրել, հանձնաժողովներում եմ եղել, «շատ մեծ լումա եմ ունեցել» ավանդների փոխհատուցման գործընթացի հետ կապված եւ այլն: «Ես անցել եմ բավականին երկար ճանապարհ ԱԺ-ում: Եղել եմ երեք գումարման ԱԺ պատգամավոր, ունեցել եմ տարբեր կարգավիճակներ»,- գործընկերներին տեղեկացնում էր Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան համատեղ որոշման արդյունքում թեկնածու դարձած Բալասանյանը:



Պատրաստվո՞ւմ եք հետեւել պարոն Ծառուկյանի խորհուրդներին՝ լավ լինել բոլորի հետ՝ հարցրինք Բալասանյանին: «Դե, ժամանակը ցույց կտա»,- ծոր տվեց նորընտիրը՝ շարունակելով. «Նոր աշխատանք է, բնականաբար, բոլորի հետ պետք է աշխատես, ինչի՞ մասին է խոսքը»: «ՕԵԿ-ի հետ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը» հարցին նախկին ՕԵԿ-ականը պատասխանեց. «Նորմալ, սովորական, որովհետեւ նման կատեգորիա չկա՝ նեղեցվածություն, խռովկանություն, չգիտես՝ լացակումած վիճակ: Էդ քաղաքական կատեգորիաներ չեն»: Նկատեցինք, որ ամեն դեպքում ՕԵԿ-ը չի կարողացել որոշակի պատնեշը հաղթահարել եւ կողմ քվեարկել իր թեկնածությանը, քանի որ ՕԵԿ-ում համարում են, որ Դուք իրենց ժամանակին դավաճանել եք: «Ե՞ս եմ դավաճանել: Ե՞րբ եմ դավաճանել»,- անմեղ հայացքով հարցրեց Բալասանյանը՝ շարունակելով, թե ինքը  2007-ի ընտրություններից հետո է դուրս եկել: «Որոշ սկզբունքային պատնեշներ կար երեւի անհաղթահարելի»,- լղոզեց նախկին ՕԵԿ-ականը: «Ասվում էր, որ Գագիկ Ծառուկյանը հակված էր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր թեկնածությունը համաձայնեցվեց Սերժ Սարգսյանի հետ» մեր հարցին Բալասանյանը չպատասխանեց.  «Զարմանալի հարցեր եք տալիս»:



Ուշագրավն այն էր, որ երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց նրա ընտրության մասին, պարոն Բալասանյանը մյուսների հետ միասին ինքն իրեն ծափերով ողջունեց, ապա մոտեցավ ամբիոնին, հետո դիրքավորվեց նախագահությունում: Լրագրողների համար առավել զավեշտալի էր, երբ Գագիկ Մելիքյանը պատգամավորներին հանգամանալից բացատրում էր ընտրության կարգը՝ թե «կողմի» դեպքում պետք է «դեմը» ջնջել, «դեմի» դեպքում՝ «կողմը»: Բալասանյանն ընտրվեց 74 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը չմասնակցեց նաեւ ԱԺ նախկին փոխնախագահ ԲՀԿ-ական Արեւիկ Պետրոսյանը, որը երեկ ընդհանրապես խորհրդարանում չէր: «Մեր կուսակցությունում ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի՝ լիարժեք, ի օգուտ մեր ծրագրերի:



Արեւիկ  Պետրոսյանի աշխատանքի առումով որեւէ բան չունեմ, նա գրագետ, պատրաստված է: Բայց կուսակցական աշխատանքների առումով Հայաստանում ոչ մեկը չգիտեր, որ Արեւիկ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ներկայացնում, որ նա պետք է համապատասխան կուսակցական նշանը դոշին լիներ, որ նա պետք է կուսակցության անունից որեւիցե ծրագրերի մասին խոսեր, մեր նախաձեռնությունների մասին խոսեր: Նա դա չի արել: Եվ ընդհանուր որոշել ենք եւ իր համաձայնությամբ, որ այդ հարցերը կարգավորվեն»,- Արեւիկ Պետրոսյանին պաշտոնաթող անելը լրագրողներին այսպես բացատրեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:



«Հնարավո՞ր է նրան հեռացնեք կուսակցությունից» հարցին Ծառուկյանն արձագանքեց. «Ոչ, նրան հեռացնելու նման խնդիր չկա, նա մնալու է որպես պատգամավոր, նրան առաջարկվել են նաեւ ուրիշ բաներ»: Լրագրողները նաեւ հիշեցրին, որ Արեւիկ Պետրոսյանն ԱԺ իր ելույթում հայտարարեց, թե ԱԺ ամբիոնը կուսակցական խնդիրներ բարձրացնելու համար չէ: «Հիմա դու է՞լ ես նրա նման մտածում: Բա խորհրդարանն ինչի՞ համար է, եթե քաղաքական հարցեր բարձրացնելու համար չէ: Խորհրդարանն ինչի՞ համար է… ասա»,- հռետորական հարց ուղղեց Ծառուկյանը:



Իսկ լրագրողները էյֆորիայի մեջ սպասում են, թե երբ է նորընտիր փոխխոսնակ Սամվել Բալասանյանը վարելու ԱԺ նիստերը: Ասում են՝ ժողովրդական բանահյուսության նմուշներ են սպասվում: