Խիստ են զբաղված

Խիստ են զբաղված
Մեր իշխանությունը թշնամիներ փնտրելու եւ հանրությանը մատնացույց անելու հետաքրքիր սովորույթ ունի: Այդպես հավանաբար հեշտանում է իշխելը՝ սխալներդ սրա-նրա վրա ես դնում եւ ձեռքերդ գրպաններդ դրած, շվշվացնելով ման գալիս: Այս անգամ թշնամու կարգավիճակում է հայտնվել ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադը: Այս անձի նկատմամբ վերաբերմունքն անգամ միավորել է իշխանությանն ու ընդդիմությանը՝ հանձին Դաշնակցության: Մի այնպիսի համերաշխ ու գովելի պայքար է գնում նրա դեմ, որ սկսում ես մտածել՝ ուր էր թե մեր կյանքում տեղ գտած բացասական երեւույթներին այդպիսի տոտալ պատերազմ հայտարարեին: Նախ ՀՅԴ-ն ամեն ինչ արեց, որ Լինդբլադը Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում պարտվի ու չընդգրկվի ԵԽԽՎ պատվիրակության կազմում, հիմա էլ մեր իշխանությունն է ամեն ինչ անում, որ այս անձը մի վերջին անգամ Հայաստան չգա: Պարզվում է՝ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները պետք է հոկտեմբերի 17-18-ին ժամանեին Հայաստան, սակայն մեր իշխանությունները եւ մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանը «շատ զբաղված են» եւ նրանց չեն կարող ընդունել: Այս առիթով Լինբլադը նամակ է հղել Դավիթ Հարությունյանին եւ իր զարմանքը հայտնել. «Ես ոչ մի անձնական խնդիր չունեմ, սակայն մոնիտորինգի գործընթացը խոչընդոտելը վիրավորում է Խորհրդարանական վեհաժողովին, ԵԽ հիմնարար արժեքները, որոնք Հայաստանը պարտավորվել է պաշտպանել»: Ապա եզրակացրել է, որ հայերը հույս ունեն, եթե «զեկուցողն ինքը չլինի, նոր, պակաս անկախ զեկուցող» կնշանակվի: Անգամ եթե վստահ ենք, որ այս անձը հակահայ դիրքորոշում ունի, ինչ եք կարծում՝ ի՞նչն է մեր երկրի հեղինակությանն ավելի մեծ վնաս հասցնում՝ նրա հայտնաբերած թերություննե՞րը, թե՞ մեր այս վայրի պահվածքը: