Պարիսպը եկեղեցու համար է

Պարիսպը եկեղեցու համար է
«Ասողները գլուխները պատին են տալիս: Նրանք սկի իրանց տունը ձայն չունեն, իրանց կնիկները նրանց ձայն չեն տալիս, ինչի՞ մասին է խոսքը»,- երեկ խորհրդարանում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ասում են՝ հաջորդ ընտրություններում ԲՀԿ-ն 8 տոկոս ձայն է ունենալու: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարաձայնությունների վերաբերյալ խոսակցությունների առթիվ էլ հայտարարեց. «Կոալիցիոն գործընկերներ ենք, բայց պայքարում ենք մեր կուսակցության համար: Այսօր այդպես ավել-պակաս խոսակցությունները, թե այս տեղը, այն տեղը… այդ ամենը որոշողը ժողովուրդն է:



Այսօր մենք աշխատում ենք, որ լիարժեք մեծամասնություն վերցնենք, կարողանանք մեր ծրագրերն իրականացնել:  Հազար անգամ քվեարկություններ են եղել, մենք առաջարկել ենք մեր ծրագիրը, որը փոքրամասնություն լինելով, չենք կարողացել անցկացնել: Հիմա պայքարում ենք, որ մեծ լինենք, կարողանանք ունենալ 50 +1, որ մեր որոշումները, ծրագրերը իրագործել կարողանանք: Մեր նշանաբանն է՝ խոսքը գործ է, որ դա իրականացնենք: Մնացածը՝ ով ինչ կասի, չի ասի` դրանք հեքիաթներ են, մարդիկ տունը քնած հելնում են, երազներ են տեսնում»:



Իր դեմ մահափորձի մասին լուրերին Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ ով է նման խոսակցություններ տարածում: ...ոնց ասեմ, այդպիսի բաներ չկան, չեն կարող լինել»: Այդ դեպքում ինչո՞ւ եք երկրորդ պարիսպը կառուցել Ձեր տան շուրջ՝ նկատեցին լրագրողները: «Երկրորդ պարիսպը դա եկեղեցու համար է, որ կարողանան այնտեղ կենդանիներ բաց թողնել, ջրենք, գեղեցկացնենք: Մի քիչ լավատես եղեք: Կարող է դուք ինձ չսիրեք, բայց իմ գործը պիտի սիրեք, պարտավոր եք սիրել»,-հայտարարեց նա: