Հա-յաս-տան

Հա-յաս-տան
Այն անկեղծ հրճվանքը, որ ապրեցին ֆուտբոլասերները ուրբաթ, ոչ այնքան ֆուտբոլին նվիրված ձոն էր, որքան ազգային ինքնության դրսեւորում: 2012 թվի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական խաղը, որը տեղի էր ունենում «Հանրապետական» մարզադաշտում, ավարտվեց մեր ազգային հավաքականի հաղթանակով: Սլովակիա-Հայաստան խաղի 3:1 հաշիվը պարզապես արբեցրել էր երիտասարդների բազմությանը: Նրանք թմբուկներով, երաժշտության ուղեկցությամբ քայլարշավի էին ելել Երեւանի փողոցներով, բղավում էին «Հա-յաս-տան», շնորհավորում էին միմյանց, ծափ ու ծիծաղ էր տիրում գիշերային Երեւանում: Ավելի ուշ նրանք հավաքվել էին Հանրապետության հրապարակում, եւ տոնախմբությունը շարունակվում էր: Օրվա հերոսներն իհարկե, երեքն էին, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Հենրիխ Մխիթարյանը՝ երեք հաղթական գոլերի հեղինակները: Այդ հրճվանքի տեսարանը դիտելիս հնարավոր չէր չարձանագրել, որ սպորտը հզոր ուժ է, եւ սպորտի վրա ծախսված միլիոնավոր դոլարները կորած փողեր չեն, այլ մարդկային կյանքը ուրախ, հետաքրքիր ու երջանիկ դարձնելուն ուղղված եկամտաբեր ներդրում: Պատկերացնո՞ւմ եք՝ ուրբաթ օրվա հրճվանքն ապրող մարդիկ ինչքան դրական էմոցիաներ ստացան, ինչպես լիցքավորվեցին եւ ինչքան արդյունավետ կաշխատեն ու կապրեն խաղին հաջորդող օրերին: Այդ էմոցիաներն առողջարար են, լիցքաթափող, կենսական ուժ հաղորդող: Դրանք թերագնահատել, այնպես, ինչպես սպորտի դերն ու նշանակությունը մեր կյանքում, չի կարելի: Արժե, որ մեր հասարակությունը եւ պետական այրերը մտածեն Ժամանակին նշանավոր ֆուտբոլային տերության համբավը վերականգնելու եւ սպորտին ավելի մեծ ուշադրություն դարձնելու մասին: Սա ոչ միայն ֆիզիկական առողջության եւ տեսարժանության խնդիր կլուծի, այլեւ հոգեւոր առողջացում կապահովի: