Տոնը որպես միջոց

Տոնը որպես միջոց
Կիրակի օրը նշանավոր էր ոչ միայն տարվա մեջ եզակի համընկող ամսաթվով՝ 10.10.2010, այլեւ՝ որ մայրաքաղաքի տոնն էր: Քաղաքը օրեր շարունակ զարդարում էին, մաքրում, փայլեցնում, լուսավորում: Միջոցառումների մասնակից-պատասխանատուներն աժիոտաժի մեջ էին՝ հեւիհեւ պատրաստվում էին, որ թերություններ ու չեպեներ չարձանագրվեն: Մարդկանց այն հսկայական բազմությունը, որն այդ օրը ելել էր փողոց, վկայում էր այն մասին, որ մեր ժողովուրդը տոնի կարոտ է՝ ուրախանալու, պարելու, երգելու պատրաստ: Հատկապես ոգեւորված էր նոր սերունդը. Հյուսիսային պողոտայում, Օպերայի մերձակայքում եւ Հանրապետության հրապարակում քայլող, ուրախացող, պարող երիտասարդների հսկա բազմությունը մեր ազգի կենսունակության ու պայծառ ապագայի մասին էին խոսում: Անշուշտ, բոլորը չէ, որ ուրախանում էին: Օրինակ, տաքսու վարորդը, որը ստիպված էր մեծ շրջապտույտ անել, որ ինձ հասցնի քաղաքի մյուս հատվածը, ոչ միայն փակ փողոցներից էր վրդովված, այլեւ զայրացած ասում էր. «Էսքան փող որ ծախսեին սոցիալապես անապահով մարդկանց օգնելու վրա, մի հազար ընտանիք մի քանի ամիս կուշտ կապրեր»: Գուցե այս մտածողության մեջ էլ ճշմարտության հատիկ կա, բայց եթե մենք սպասենք, որ ոչ մի աղքատ երկրի վրա չմնա, ապա երբեք չենք ուրախանա, իսկ ուրախություն չապրած, տոն ու հրավառություն չտեսած սերունդն ընդունակ չի լինի իր երկրում աղքատությունը վերացնել: 21-րդ դարում երկիրը շենացնելու, ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու ունակ սերունդը նաեւ նման տոների ու զվարճությունների միջոցով է կրթվում: Քաղաքացիական գիտակցությունը եւ հայրենասիրությունը ոչ թե ամպագոռգոռ ճառերով են սերմանվում, այլ ապրելուց հաճույք ստացող, միասին ուրախանալ կարողացող մարդկանց գոյությամբ: