Երկիր մոլորակի՝ վերջերս հայտնաբերված նմանակը տարօրինակ ազդանշաններ է ուղարկում

Երկիր մոլորակի՝ վերջերս հայտնաբերված նմանակը տարօրինակ ազդանշաններ է ուղարկում
Վերջերս հայտնագործված Gliese 581g մոլորակը կարող է բնակեցված լինել, քանի որ մոլորակի պայմանները թույլ են տալիս նման հավանականություն։ Ինչպես հաղորդում է Fox News–ը, ավստրալացի աստղագետ Ռագբիր Բխատալը պնդում է, որ մոլորակի վրա նկատել է տարօրինակ բռնկումներ։ Ըստ գիտնականի, լազերի նման լույսը նա նկատել է դեռ 2008–ին՝ մոլորակի հայտնագործումից մոտ երկու տարի առաջ։




Աստղագետը պնդում է, որ այդ բռնկումները նա նկատել է, երբ զբաղվելիս է եղել SETI (Search for Extraterrestrial Intelligence) միջազգային ծրագրի շրջանակներում կատարվող հետազոտություններով, որոնց նպատակն է արտերկրային բանականության որոնումը։ Կոլեգաների մեծ մասը կասկածամտորեն է մոտենում Բխատալի հայտարարություններին կամ պարզապես չի հավատում, որ այդպիսի դիտարկումներ են եղել։




«Ես ճանաչում եմ այդ գիտնականին, և այն բանից հետո, ինչ նա արեց իր առաջին հայտարարությունն իր տեսածի մասին, ես իրեն խնդրեցի կիսվել տեղի ունեցածի մանրամասներով, սակայն նա հրաժարվեց, ինչը ինձ շատ կասկածելի է թվում»,–Fox News–ի հետ խոսելիս հայտարարել է աստղագետ Ֆրենկ Դրեյքը, որի կարծիքը մեծ կշիռ ունի գիտական շրջանակներում. կես դար առաջ նա կանգնած էր SETI–ի ակունքներում, ինչպես նաև նա է կազմել այսպես կոչված Դրեյքի հավասարումը, որը ծառայում է արտերկրային քաղաքակրթությունների քանակի հաշվման համար։




Հիշեցնենք, որ Gliese 581g մոլորակի հայտնագործման մասին հայտնի է դարձել այս տարվա սեպտեմբերի 29–ին. մոլորակը Երկրից բաժանում է 20.5 լուսային տարի։ Հայտնագործության հեղինակներն են Սթիվեն Վոգտը Կալիֆորնիայի համալսարանից և Պոլ Բաթլերը Վաշինգթոնի Կառնեգիի ինստիտուտից։ Համաձայն վերջիններիս, օդի ջերմաստիճանն այս մոլորակի վրա կարող է տատանվել -34 °С–ից մինչև +71 °С, ինչը հնարավոր է դարձնում նրա մակերեսի վրա հեղուկ ջրի գոյությունը, ինչն էլ անհրաժեշտ է կյանքի առաջացման համար։