Ռեկտորից մինչեւ նախարար

Ռեկտորից մինչեւ նախարար
Կադրերի հարցը Հայաստանում ամենալուրջ հարցն է: Եվ դա ակնհայտ է բոլոր ոլորտներում՝ հատկապես պետական բարձր պաշտոններում: Պրոֆեսիոնալիզմի պակասն ամենուրեք է: Բայց երբ պրոֆեսիոնալներին ընտրելիս առաջնորդվում են ոչ թե մարդու մասնագիտական որակներով եւ փորձով, այլ հավատարմության ցուցանիշով, պատկերն ընդհանրապես խայտառակ է ստացվում: Ըստ այդմ, արդեն պետք չէ զարմանալ, որ Տիգրան Սարգսյանի կաբինետը ձեւավորված է ոչ թե տվյալ ոլորտների աշխատանքը լավ պատկերացնող, հմուտ կազմակերպիչներից ու կրեատիվ մտածողություն ունեցող բարձրակարգ մասնագետներից, այլ ներսես երիցյաններից ու գերասիմ ալավերդյաններից: Բայց ընդունենք, որ կոալիցիոն սկզբունքով ձեւավորված կառավարության կազմը հիմնականում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը չէ, այլ կուսակցությունների ղեկավարների: Իսկ վարչապետն ու նախագահը որոշել են հանրությանն ի ցույց դնել այս կուսղեկավարների անճարակությունն ու նրանց կադրերի ապաշնորհությունը, որ մի օր էլ հայտարարեն կոալիցիայից հրաժարվելու մասին: Բայց չէ որ վիճակն էականորեն չի տարբերվում նաեւ մյուս ասպարեզներում: Հենց միայն մեր առաջատար պետական բուհերի ռեկտորների ցանկը նայելիս հասկանում ես, որ ոչ միայն մեր երկրի տնտեսությունը հեռանկար չունի, այլեւ կրթական համակարգը: Մայր բուհում՝ Արամ Սիմոնյան, Մանկավարժական համալսարանում՝ Ռուբեն Միրզախանյան: Միթե այս մարդիկ արժանի են ռեկտորի բարձր կոչման եւ հենց նրանք  պետք է կրթեն մատաղ սերնդին ու կազմակերպեն մեր բուհերի աշխատանքը: Միթե բուհական-ակադեմիական շրջանակներում ավելի արժանի թեկնածուներ, ավելի անբասիր հեղինակություն ունեցող անձինք չկան: Թե՞ ընտրության միակ չափանիշը եղել են հավատարմությունն ու հնազանդությունը: