Կորյուն Նահապետյանը չի վախենում մրցակցությունից

Կորյուն Նահապետյանը չի վախենում մրցակցությունից
Ասում են՝ ՀՀ իշխանությունը մտորում է այն հարցի շուրջ, որ հաջորդ խորհրդարանում օրիգարխներ չլինեն: ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը Հայաստանի ամենախոշոր ներկրող Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է եւ պատգամավոր է դարձել նաեւ նրա գործուն ջանքերով: Մասնավորապես՝ Սամվել Ալեքսանյանն անցյալ դեկտեմբերին նրա համար անմրցակից պայքար ապահովեց Մալաթիա-Սեբաստիա թիվ 8 ընտրատարածքում, որտեղ նա ընտրվեց որպես միակ թեկնածու: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանի բարեկամների բանակը վերջերս համալրվեց. նրա եղբորորդին ամուսնացավ պատգամավոր Գրիգոր Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի աղջկա հետ:



- Փաստորեն, Սամվել Ալեքսանյանի մերձավորների թիվը շատանում է: Մրցակցության խնդիր չի՞ առաջանա:



- Իսկ Դուք առհասարակ բարեկամական կապերի մեջ՝ փեսաների կամ մնացած այլ բարեկամական կապերի մեջ որոշակի մրցակցությո՞ւն եք փորձում տեսնել: Նորմալ բարեկամական հարաբերություններում ես նման խնդիր ուղղակի չեմ տեսնում, եւ դա անբարեխիղճ կամ ոչ անկեղծ հարաբերությունների հետ կարող է կապված լինել միայն: Ես չգիտեմ, թե Դուք որ հարցում եք փորձում մրցակցություն տեսնել: Նոր հարաբերությունները որ հաստատվել են, դա տվյալ անձանց ընտանիքների եւ իրենց զավակների անձնական գործն է:



- Ինչպե՞ս եք գնահատում այն, որ որոշ տեղեկություններով՝ իշխանությունը որոշել է օլիգարխներին չմտցնել հաջորդ խորհրդարան:



- Նախ՝ որեւէ մեկը որեւէ մեկին խորհրդարան չի մտցնում: Ինչ վերաբերում է խոշոր տնտեսվարող սուբյեկտների ներգրավմանն այդ գործընթացին, ապա այսօրվա գործող Սահմանադրությունը եւ օրենքները թույլ չեն տալիս պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Եվ եթե կան պատգամավորներ, որոնք սեփականության իրավունքով ունեն որոշակի խոշոր օբյեկտներ, ապա դա ամենեւին չի նշանակում, որ նրանք անմիջականորեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Այսօրվա Սահմանադրությունը դա արգելում է: Երբ որ իշխանությունները հստակ քաղաքական հայտարարություններ կանեն, թե ովքեր պետք է լինեն նախընտրական ցուցակում, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Այսօր խոսել դրա մասին՝ դեռ բավական վաղ է: Որեւէ մեկը որեւէ ցուցակի մասին խոսակցություն չի տարել եւ ժամանակից ավելի շուտ նախընտրական որոշակի էյֆորիա ստեղծելը նույնպես, կարծում եմ՝ տեղին չէ: Դրա համար ոչ հիմքեր կան, ոչ էլ դրա ժամանակն է այսօր:



- Իսկ Դուք մասնակցելո՞ւ եք հաջորդ ընտրություններին, ուզո՞ւմ եք հաջորդ խորհրդարանում պատգամավոր լինել:



- Բնականաբար նման ցանկություն ես ունեմ, թե ինչպիսի դրսեւորում դա կունենա, ժամանակը ցույց կտա: Պատգամավորական գործունեությունը ինձ համար հոգեհարազատ է բոլոր առումներով՝ եւ օրինաստեղծ աշխատանքի, եւ հասարակությանը հուզող քաղաքական գործընթացներին մասնակցելու: Կարծում եմ, որ ապագայում նույնպես որոշակի մասնակցություն կունենամ այդ գործընթացներին, եւ պատգամավորի կարգավիճակով մասնակցությունը, կարծում եմ, առավել արդյունավետ միջոց է երկրին, հասարակությանը եւ ժողովրդին ծառայելու համար:



- Եթե գործարար-օլիգարխները հաջորդ խորհրդարանում չլինեն, հնարավո՞ր է Դուք ներկայացնեք Սամվել Ալեքսանյանի շահերը հաջորդ ԱԺ-ում:



- Ձեր հարցի մեջ կա որոշակի ենթատեքստ՝ կապված իմ մերձավոր ազգականի գործունեության հետ: Ուզում եմ փարատել Ձեր այդ մտահոգությունը եւ ասել հստակ հետեւյալը՝ Ազգային ժողովի իմ գործունեությունը կառուցված է իմ նախընտրական ծրագրում ամրագրված սկզբունքների եւ արժեքների շրջանակում: Այն, ինչ որ այսօր ես անում եմ, եւ այն, ինչ որ անելու եմ հետագայում, դա նախեւառաջ ուղղված է լինելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք ինձ համար ընդունելի են: Եթե այդ ծրագրերի շրջանակում կլինեն համընկնող շահեր, ապա, բնականաբար, նաեւ այդ շահերը պաշտպանվելու են խորհրդարանում:



- Իսկ ինչպե՞ս եք գնահատում «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որն առնչվում է տնտեսվարողների շահերին:



- Տվյալ դեպքում գերադասում եմ հիմք ընդունել այն, ինչ ներկայացված է կառավարության հիմնավորման մեջ, իսկ այնտեղ ասվում է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորություն է, եւ երկկողմ պարտավորությունների համատեքստում են ներկայացվում տվյալ օրենքների նախագծերը: Հիմնական մտահոգությունը կապված է նրա հետ, որ ՀՀ ներմուծվող որոշակի ապրանքատեսակների եւ ՀՀ-ում արտադրվող նույն այդ ապրանքատեսակների օտարման ոլորտում կարող են առաջանալ տնտեսական մրցակցության հետ կապված որոշակի խնդիրներ:



- Այս օրինագծում շոշափվում են նաեւ Ձեր մերձավոր բարեկամի շահերը, վերջինս եւ ներկրող է, եւ արտադրող...



- Ես կարծում եմ՝ ճիշտ կանեք այդ հարցն ուղղեք իմ մերձավոր բարեկամին, իսկ այդ մասով ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն անել: Ես կողմ եմ քվեարկել այդ օրենքի նախագծին, բայց պետք է նկատի ունենալ, որ արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ որոշակի քաղաքական ուժերի միջեւ այդ ոլորտի հարկային օրենսդրությունը բարելավելու, բարեփոխելու իմաստով, եւ հուսով եմ, որ առաջիկայում համապատասխան օրենքների փաթեթ կդրվի շրջանառութան մեջ եւ մենք հնարավորություն կունենանք առավել հանգամանորեն քննարկել եւ ալկոհոլային խմիչքների, եւ ծխախոտի ակցիզային հարցերի դրույքաչափերը եւ առհասարակ՝ հարկային քաղաքականության խնդիրները:



- Դուք մեծամասնականով ընտրվել եք որպես ազատ պատգամավոր, ապա, լինելով անկուսակցական, դարձել եք Հանրապետական խմբակցության անդամ, հնարավո՞ր է առաջիկայում մտնեք ՀՀԿ:



- Ես ուզում եմ հիշեցնել, որ պատգամավորության թեկնածու առաջադրվել եմ ՀՀԿ որոշմամբ: Պատգամավոր ընտրվելու օրվանից սկսած, սերտորեն համագործակցում եմ ՀՀԿ խմբակցության հետ՝ ընդգրկվելով խմբակցության կազմում: Ամենեւին չեմ բացառում հետագայում նաեւ ներգրավվածության ավելի բարձր մակարդակը: