Google–ն ու Apple–ը պատրաստվում են հեռուստապրեմիերաների

Google–ն ու Apple–ը պատրաստվում են հեռուստապրեմիերաների
Տնային հեռուսատեսութան զարգացումը կախված է նրանից, թե հեռուստացույցների ավանդական արտադրողներն ինչ հաջողությամբ կկարողանան դիմակայել Google–ի ու Apple-ի նման ընկերություններին, որոնք արդեն շեշտը դնում են ինտերնետ–հեռուստատեսության վրա։ Sony ընկերությունը պատրաստ է արտադրության թողնել Google հիմքով աշխատող առաջին հեռուստատեսային համակարգերը։ Հեռուստացույցների համաշխարհային արտադրողները շուկայական մրցակցության մեջ առաջին հերթին ուշադրություն են դարձնում հեռուստացույցն ինտերնետին միացնելու հնարավորություն տվող տեխնոլոգիաների վրա։ Մասնագետները գտնում են, որ Google–ն աշխուժացրեց շուկան, որտեղ որ մինչ այդ գերակայում էր Apple–ը։




«Հիմա շատ հնարավորություններ կան, սակայն միանձնյա առաջատար չկա»,– ասում է IMS Research ընկերության ավագ մասնագետ Պոլ Էրիկսոնը։ Ըստ մասնագետների, աշխարհում ավելի քան հինգ միլիարդ մարդ նախընտրում է հաղորդումներ նայել հենց հեռուստացույցով՝ մոտավորապես երկու անգամ ավել, քան բջջային հեռախոսով կամ համակարգչով։




Տիտանների մրցակցությունը




Անցյալ շաբաթ համակարգչային սարքավորումների արտադրող Logitech–ը՝ Google–ի հետ համատեղ, թողարկել է թվային կցորդ, որով հեռուստացույցը կարելի է միացնել ինտերնետին։ Դրանից մեկ օր առաջ Apple–ը թողարկել էր մեկ այլ կցորդ, որն ինտերնետի միջոցով մուտք էր ապահովում դեպի տարատեսակ հեռուստածրագրեր, ֆիլմեր, լուսանկարներ և երաժշտություն։ Պոլ Էրիկսոնը կարծում է, որ ո՛չ Google–ը, ո՛չ էլ Apple–ը չապացուցեցին իրենց լրջությունը հեռուստատեսային շուկայում։ Apple–ի ղեկավար Սթիվ Ջոբսը Apple TV-ն անվանել է «հոբբի»՝ սեպտեմբերին կայացած քննարկման ժամանակ ընդունելով, որ ընկերությունը դեռևս չի կարողանում հետաքրքրել սպառողներին։




Մինչդեռ Google–ն ու Apple–ը միակ ընկերությունները չեն. հեռուստացույցների մի շարք արտադրողներ, որոնց թվում են Panasonic–ը, LG–ն, Sharp–ը, Toshiba–ն, նույնպես առաջարկում են ինտերնետ–հեռուստատեսություն։ Համաձայն հետազոտությունների, սպառողների մեծ մասը նոր հեռուստացույց է գնում յոթը տարին մեկ։ Forrester հետազոտական ընկերությունը գտնում է, որ մինչև այս տարվա վերջ ԱՄՆ–ում ինտերնետին միացրած հեռուստացույցների թիվը կհասնի 2 միլիոնի, իսկ մինչև 2015 թվական՝ 43 միլիոնի։