Նոր կրճատումներ ֆրանսիական համալսարանում

Նոր կրճատումներ ֆրանսիական համալսարանում
Հայաստանի ֆրանսիական համալսարանում երեկ ժամը 16-ին բավական բուռն իրավիճակ էր. համալսարան էին հրավիրվել նախապատրաստական ֆակուլտետի դիմորդներն ու նրանց ծնողները՝ տեղեկացվելու, որ այդ ֆակուլտետը փակվում է: Սա նշանակում է, որ աշխատանքից կզրկվեն եւս 27-28 դասախոսներ: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ բուհի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը աշխատանքից ազատել էր 29 դասախոսների՝ հրաժարվելով նոր պայմանագրեր կնքել նրանց հետ:



Ժողովի հավաքված մոտ 60 պատանիներն ու ծնողներն անակնկալի էին եկել, շատերը չէին պատկերացնում ինչ են անելու եւ ամեն կերպ համոզում ու պահանջում էին, որ նախապատրաստականը չփակվի: «Ասել եք՝ դիմեք, լինելու է նախապատրաստական, դիմել ենք, գումարը մուծել ենք, հիմա 2 ամիս անց ասում եք՝ չի լինելու, կարելի՞ է նման կերպ վարվել, երեխաներ են, չէ՞, սպասել են, հիմա կարող է սթրեսի ենթարկվեն»,- իրենց բողոքն էին բարձրաձայնում ծնողները: Ոմանք անգամ պատրաստ էին ավելին վճարել, պահանջում էին միջանկյալ լուծում առաջարկել:



Ծնողները համաձայն էին, որ իրենց 11-րդ դասարանցի երեխան երկու տարի սովորի նախապատրաստականում, մինչեւ ավարտի: Համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր Ժոել լը Մորզելեկի, անդրդվելի էր: Պրոռեկտոր Արա Նավոյանը հայտարարեց, թե քանի որ 12-ամյա կրթության անցնելու հետ կապված ԿԳՆ որոշմամբ այս տարի շրջանավարտ չի լինելու եւ էքստեռն քննություններն արգելված են, իրենց համար տնտեսապես նպատակահարմար չէ նախապատրաստական պահելը, նաեւ՝ որ նախապատրաստականի համար քիչ են դիմել, իրենք էլ որոշել են դադարեցնել:



Մեր տվյալներով՝ դիմել է 45 ուսանող, որոնց մեծ մասը 11-րդ դասարանցիներ են: «Մեր միակ մեղքը կայանում է նրանում, որ փորձել ենք, չի ստացվել»,- ծնողներին հայտարարեց Նավոյանը՝ կարծես դիմորդներն իրենց համար փորձադաշտ են կամ կարիերայի հարթակ: Բուհի ղեկավարության բացատրությունները չէին բավարարում ծնողներին: «Երեխան բուհ չի դիմել, մտածելով, որ կընդունվի այստեղ, հիմա, փաստորեն, սրանից էլ է զրկվում, տարի է կորցնում»,- ժողովի ընթացքում դժգոհեց մի ծնող: «Ցավում եմ»,- եղավ պրոռեկտորի պատասխանը:



«Երեխան երկու տարի մասնավոր պարապել է, լեզուների տիրապետում է: Հիմա, փաստորեն, մենք պետք է լրացուցիչ մեկ-երկու տարի դպրոցի նստարաններին անցկացնենք՝ լրացնելով այդ 12-ամյա կրթությունը, որից հետո երեխան պետք է ընդհանուր հիմունքներով ընդունվի, գա քննության»,- մեզ հետ զրույցում բողոքեց մի ծնող, եզրակացնելով, որ հավանաբար եկող տարի չի դիմի Ֆրանսիական համալսարան, կփորձի երեխային ուղարկել Եվրոպա կամ Ռուսաստան:



Առավել բարդ իրավիճակում էին հայտնվել դիմորդ պարսկահայերը: Նրանք հավատացել էին պրոռեկտոր Նավոյանի՝ Իրանում իրենց հետ հանդիպման ժամանակ հնչեցրած խոստումներին, թե՝ եկեք, մենք նախապատրաստական ունենք, խնդիր չի լինի: «Ես Պարսկաստանից եկա, եւ քանի որ հայերենս բարձր մակարդակի վրա չէ, առաջին կուրս չնստեցի, բայց հիմա խնդրի առաջ եմ»,- մեզ հետ զրույցում ասաց մի պարսկահայ աղջիկ: «Մեզ փաստի առաջ կանգնեցրին»,- բողոքեց մեկ այլ ծնող: «Փաստորեն, մեզ խաբված ենք զգում: Գոնե մեզ նախապես զգուշացնեին, եւ մենք կարող էինք մեր գլխի ճարը տեսնել»,- ասաց մեկ ուրիշը:



Ժողովի վերջում մի քանի հարց ուղղեցինք ռեկտոր Մորզելեկին: Մեր հարցին, թե այս որոշումը հնարավո՞ր է կապ ունի մեկ ամիս առաջ դասախոսների կրճատման հետ, ռեկտորը բացասական պատասխան տվեց. «Չէ, դասախոսների քանակը չի նվազել: Պարզապես նրանց աշխատանքային պայմանագիրն է ավարտվել, եւ չենք նորացրել: Բավարար դասախոսներ կան: Չենք ցանկանում 2 տարի նախապատրաստական դասընթացներ կազմակերպել, քանի որ այստեղ նստած երեխաների մեծ մասը 11-րդ դասարան են: Դրա պատճառով մենք չենք ուզում արհեստականորեն երկարացնել նախապատրաստականի ժամկետը»: Ընդհանրապես դասախոսների պայմանագրերը միշտ մեկ տարով են կնքվում, «բոլորը գիտեն դրա մասին»:



«Մտավախություն չունե՞ք, որ նոր կրճատված դասախոսները եւս կբողոքեն՝ համալրելով նախորդների շարքերը»,- հարցրինք ռեկտորին: «Նրանց պայմանագրերը վերջացել են: Ես արդեն հոգնել եմ այդ հարցերից: Եվ մենք աշխատում ենք Հայաստանի օրենքներով»,- հունից դուրս գալով՝ հայտարարեց տիկին Մորզելեկը:  Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատված դասախոսներից 14-ը դիմել են դատարան եւ սպասում են դատարանի վճռին: