Զորակոչի ծանուցագիրը` որպես մահվան դատավճիռ

Զորակոչի ծանուցագիրը` որպես մահվան դատավճիռ
Փաստաբան Աղասի Աթաբեկյանի որդուն՝ Սուրենին, բանակ են տանում: Աթաբեկյան ընտանիքի ու նրա ճակատագրին նույնացած աշնանային զորակոչի թարթափն ընկածների համար սա գույժ է, դժբախտություն ու, չափազանցություն չլինի՝ դատավճիռ, հաշվի առնելով «տարածաշրջանի ամենամարտունակ բանակում» տիրող բարքերն ու արդարացված այն մտավախությունը, որ այնտեղից ոչ բոլորն են ողջ-առողջ վերադառնում:



Հատկապես, որ շատերը առողջ էլ չեն լինում բանակ գնալիս: Խորհրդային Միությունից մեզ ժառանգություն հասած «գեներալնի կամիսիան», որ հանրապետական զորակոչային հանձնաժողովն է ու տեղակայված է ՊՆ Գլխավոր շտաբում, հռչակավոր Խաչատուրովի կալվածքներում, զորակոչի տարիքի տղաների «սելեկցիան» իրականացնում է բիբլիական սկզբունքներով՝ այստեղ կույրերը սկսում են տեսնել, կաղերը՝ քայլել, խեղվածները՝ իմաստնանալ եւ հակառակը: Աղասի Աթաբեկյանի որդին առողջ չէ՝ տառապում է վերջույթների ագրոնեւրոզ հիվանդությամբ: Հանրամատչելի լեզվով՝ դա վերջույթների անոթների ախտահարում է, այսինքն՝ արյունը չի հասնում վերջույթներին եւ հղի է ծանր հետեւանքներով, ընդհուպ մինչեւ գանգրենա ու վերջույթի ամպուտացիա:



Չի բուժվում, բայց կարելի է խուսափել հիվանդության խորացման վտանգից, եթե պահպանվեն կոնկրետ կանոններ: Այդ կանոններին բանակում անհնար է հետեւել,  ուստի հիվանդության այս տեսակը, ի թիվս այլոց, գրանցված է ՀՀ ՊՆ 07.05.2001թ. թիվ 322 որոշմամբ հաստատված՝ «Հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների» ցանկում: Սուրեն Աթաբեկյանը ՀՀ զինկոմիսարին, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին դիմում է գրել, որով տեղեկացրել է նրան իր հիվանդության մասին ու կցել ասածները հաստատող փաստաթղթերը՝ 2008 եւ 2010 թվականներին «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում իրականացված հետազոտության արդյունքները:



Արաբկիրի զինկոմիսարիատի բուժհանձնաժողովը, սակայն, տղային ուղարկել է լրացուցիչ հետազոտության «Էրեբունի» բժշկական կենտրոն, որը վերոնշյալ որոշմամբ զբաղեցնում է 11 բուժհաստատությունների ցանկի առաջին հորիզոնականը: Աղասի Աթաբեկյանը պնդում է, որ իր տղային ուղարկել են սխալ տեղ, պատճառաբանելով, որ նրա հիվանդության ախտորոշումը «Էրեբունիում» անհնար է իրականացնել, քանի որ այնտեղ դոպլեր հետազոտություն չի արվում, ու Սուրենին ենթարկել են դուպլեքս հետազոտության: Տեղեկացնենք, որ դոպլերը վերջույթների հետազոտություն է, դուպլեքսը՝ մինչ վերջույթները:



Մենք զանգահարեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոն ու տեղեկացանք, որ իրենք դոպլեր հետազոտություն կատարում են: Զանգահարեցինք նաեւ Մաշտոցի զինկոմիսարիատ՝ տեղեկանալու, թե ինչու հաշվի չեն առնում Սուրեն Աթաբեկյանի հիվանդությունը եւ ինչու են հիվանդ տղային ուզում զորակոչել: Զորակոչի բաժնի պետ Արմեն Հակոբյանը մեզ տեղեկացրեց. «Մենք այլ տեղ, քան «Էրեբունի» կենտրոն, Սուրեն Աթաբեկյանին չէինք կարող ուղարկել, քանի որ այդ հիվանդանոցը հաստատված է ՊՆ որոշման ցանկում: Հոսպիտալ նրան չէինք կարող ուղարկել, որովհետեւ այնտեղ գնում են միայն զինվորները:



Այդ մարդու երեխայի բուժզննության ակտը մենք դեռ չենք ստացել ու չգիտենք, թե ինչ է ախտորոշվել, բայց ինքն արդեն սկսել է բողոքներ գրել մի հազար հինգ հարյուր տեղ: Բնական է, որ եթե ախտանիշը հաստատվի, նա կգրանցվի որպես ոչ պիտանի ու կհանվի զինվորական հաշվառումից: Համ էլ հո ես աննորմալ չե՞մ, որ ուղարկեմ մի տեղ, որը ցանկում չկա»: Արմեն Հակոբյանը մեզ հավաստիացնում էր, որ  Աղասի Աթաբեկյանը կարող է որոշումը բողոքարկել, ու տղային կուղարկեն հետազոտության այլ բուժհաստատություն:



Բայց անպայման ՊՆ հաստատած ցանկում առկա հիվանդանոցներ, այլապես ախտորոշումը հիմք չի ընդունվի ու հատկապես չի ֆինանսավորվի: Շան գլուխն իրականում այստեղ էլ թաղված է, որովհետեւ ՊՆ հաստատած հիվանդանոցների ցանկը գլխավորում է Քուշկյանի կենտրոնը, որը զորակոչիկների մասով ոչ միայն ֆինանսավորվում է ՊՆ բյուջեից, այլեւ իրականացնում է վերոնշյալ բիբլիական առաքելությունը: Աղասի Աթաբեկյանը վստահ է, որ այս քաշքշուկը կոռուպցիոն ռիսկի հետ է կապված, ու որ ինքը մինչեւ վերջ պայքարելու է իր որդու իրավունքների համար:



Մաշտոցի զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետը խոսքը եզրափակեց իր գործառույթն արդարացնող ձեւակերպումներով: «Վերջիվերջո սա զինվորական հիմնարկ ա, ու մենք կատարում ենք հրաման, ուղեկցվող փաստաթղթերով եւ դիրեկտիվներով»,-ասաց: Մեր հարցին, թե բնակա՞ն չէ կանխավ միջոցներ ձեռնարկելու ծնողի ակտիվությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակին այլեւս ոչ ոք չի վստահում, որովհետեւ խաղաղ պայմաններում այնտեղ շատ են մահացության դեպքերը, Արմեն Հակոբյանը պատասխանեց. «Հնարավոր է, իհարկե, այդ անհանգստությունները կան, մենք բոլորս էլ ծնող ենք, ես հասկանում եմ, ընդունում եմ, բայց դա չի նշանակում, որ պետք է տեռոր անեն մեզ, չթողնեն, որ մենք մեր գործն անենք»:



Մեր հարցին, թե շա՞տ են արդյոք այս շրջանի զորակոչիկների մեջ ոչ պիտանի, հիվանդ երեխաները, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ահավոր շատ են: Եթե ժամանակ ունեք, եկեք մի օր մեր կամիսիային մասնակցեք, տեսեք ինչ ա կատարվում, ես շատ ուրախ կլինեմ»: