Հայկական «մաֆիան» ԱՄՆ-ում 163 միլիոն դոլարի յուրացումներ է արել. 75 հոգի ձերբակալված են (վիդեո)

Հայկական «մաֆիան» ԱՄՆ-ում 163 միլիոն դոլարի յուրացումներ է արել. 75 հոգի ձերբակալված են (վիդեո)
Ամերիկյան իշխանությունները բացահայտել են հայկական հանցավոր մի խմբավորում, որը միլիոնավոր դոլարներ էր յուրացրել բժշկական Medicare դաշնային ծրագրից: Ոստիկանության տվյալներով խմբավորման ղեկավարը «օրենքով գող» Արմեն Ղազարյանն է (Պզե): Մանհեթենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հանցավոր խմբի 44 հայազգի անդամների, որոնց մեղադրում են 25 նահանգներում 108 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մոտ 163 միլիոն դոլար յուրացնելու մեջ:



Նախաքննության տվյալներով խումբը զբաղվել է նաեւ ապօրինի ներկրված ծխախոտի, կեղծ Վիագրայի եւ գողացված կրեդիտային քարտերի վաճառքով: Ձերբակալությունները տեղի են ունեցել Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Ջորջիա, Օհայո եւ Նյու Մեքսիկո նահանգներում: Հանցավոր խմբավորման առաջնորդին՝ Արմեն Ղազարյանին ձերբակալել են Լոս-Անջելեսում: Ընդամենը ձերբակալվել են խմբի 75 անդամներ: Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորումը գործում էր «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» գաղտնանվան տակ:



Խմբավորումը գողացել էր իրական բժիշկների տվյալները եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ՝ դրանցով մեծ գումարներ ստանալով: Նրանք նաեւ Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում բուժվող մոտ 2900 անձանց տվյալներ էին գողացել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար: