Կիրո Մանոյանը ՀՀՇ-ի «երկվությունը» չի հասկանում

Կիրո Մանոյանը ՀՀՇ-ի «երկվությունը» չի հասկանում
Բաքվից վերադարձած ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ու Սոցինտերնի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալպանտյանը երեկ լրագրողներին պատմեցին Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախմբի խորհրդաժողովին իրենց մասնակցության մասին: Խորհրդաժողովն այս անգամ Ադրբեջանում է անցկացվել, նախորդը Հայաստանում էր: Դաշնակցական գործիչներն իրենց մասնակցությունն ընդհանուր առմամբ արդյունավետ բնութագրեցին եւ ասացին, որ գոհ են:



Երկօրյա այցով հարեւան երկրում հյուրընկալված դաշնակցականները պատմեցին, որ Բաքվում իրենց հետ արարողակարգային ձեւաչափի սահմաններում են վարվել, անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառվել եւ որեւէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել: Միայն Մարիո Նալպանտյանն է որոշ խնդիրներ ունեցել օդանավակայանում, քանի որ ՀՀ քաղաքացի չէ: Համաժողովի օրերին, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածում, թե Բաքվում ՀՅԴ պատվիրակության դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:



Սրա հետ կապված՝ Կիրո Մանոյանն ասաց, որ իրենք միտինգ չեն տեսել, ինչ եղել է, մինչ իրենց հասնելն է եղել. «Մինչ այդ երկու հոգի աթոռները գցել են, ցուցանակներ են պարզել, նրանց ձերբակալել-տարել են, բայց ոչ ոք ցուցարարների խումբ չի տեսել, իսկ մեր գնացած ժամանակ դրսում ոստիկաններ կային, բայց ցուցարարներ չկային»: Դաշնակցականները խոսեցին նաեւ խորհրդաժողովին քննարկված հարցերից: Ասացին, որ Սոցինտերնը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ մեծ փորձ ունի եւ նման հանդիպումներում ԼՂ հարցի քննարկումը որոշակիորեն կարող է նպաստել հանդուրժողականության ձեւավորմանը:



Նոյեմբերին Փարիզում գումարվելու է Սոցինտերնի խորհրդի ժողովը, որին ԼՂ հակամարտության լուծման իրենց սկզբունքները կներկայացնեն ՀՅԴ-ն ու Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ի դեպ,  ադրբեջանցի իրենց գործընկերների հետ համատեղ խորհրդաժողովին ՀՅԴ-ի մասնակցությունն ու ՀՀՇ-ի համագործակցությունը ադրբեջանական «Մուսավաթի» հետ, Կիրո Մանոյանի գնահատմամբ, որեւէ ընդհանրություն չունեն, որովհետեւ իրենք որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել:



Գերմանիայում ադրբեջանական «Մուսավաթի» եւ Վրաստանի ազատական կուսակցության հետ համատեղ ՀՀՇ-ի ստորագրած հռչակագրի  մասին Մանոյանը հետեւյալն ասաց.  «Մեկ բան ինձ զարմացնում է իրենց ստորագրած հայտարարության կապակցությամբ, որովհետեւ Հայաստանում ոչ անմիջականորեն ՀՀՇ-ն, բայց ՀԱԿ-ը, որի կորիզը ՀՀՇ-ն է, հայտարարում է, որ մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգավորվի, Հայաստանում այլ բան չի կարելի փոխել, բայց գնացել է ադրբեջանցիների հետ համաձայնվել է բոլոր մյուս բաների մասին, բացի Ղարաբաղի հարցից:



Այս մոտեցումն իսկապես անհասկանալի է, պետք է հստակ լինի իրենց կեցվածքը՝ արդյո՞ք Ղարաբաղի հարցը Հայաստանի խնդիրները կարգավորելու խոչընդոտ է կամ ոչ»: Ըստ Մանոյանի՝ ՀՀՇ-ն պետք է այս «երկվությունը» բացատրի: Իսկ ՀՅԴ-ի դիրքորոշումն այս տեսակետից այն է, որ ԼՂ հարցի լուծմամբ չէ պայմանավորված Հայաստանի մյուս խնդիրների լուծումը, ինչն իրենք ասել են նաեւ համաժողովին: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն են փորձում ադրբեջանցիների հետ համագործակցության եզրեր գտնել, էական չէ, որովհետեւ նույն բանը վաղը կարող են նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անել: