«Հիացմունքի» արժանի կառավարություն

«Հիացմունքի» արժանի կառավարություն
«Հիացմունքի» արժանի կառավարություն ունենք, «պատասխանատվության» բարձր գիտակցությամբ, «ազնիվ», «կարգապահ»: Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունները կատարում ենք հին, արժանապատիվ ազգին բնորոշ կեցվածքով: Չի կարելի անտեսել ներմուծողների շահերը, իսկ ազգային արտադրողներին հովանավորելը կարող է դիտվել որպես բարեկամ պետությունների  շահերի ոտնահարում: Ժամանակն է «վագրի թռիչքը» կանգնեցնել, կարող է իրեն արծիվ զգա ու սկսի ճախրել:



Պետք է մի փոքր համեստ լինել: Մեր գործընկեր երկրներին եւս զարգանալու հնարավորություն տանք, ներմուծողներն ավելի հարստանան: Հետո՞ ինչ, որ ներմուծողները մեր հարազատ օլիգարխներն են, հայաստանյան մենաշնորհ առեւտրականները: Կարեւորն այն է, որ ազգային արտադրողները, հատկապես ոգելից խմիչքներ արտահանողները, ըմբռնումով մոտենան «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծին: Մեկ էլ տեսար  Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը սկսեց մեզ մեղադրել խտրական առեւտուր իրականացնելու մեջ:



Բայց վիճակագրությունը, չգիտես ինչու, միշտ «խոսում է» կառավարության դեմ: Օրինակ, 2009թ. ՀՀ  ներմուծված  ծխախոտի եւ ծխախոտի արտադրական փոխարինիչների արժեքը կազմել է 41,2 մլն ԱՄՆ դոլար, եւ այդ ամբողջ գումարը բաժին է ընկնում Ռուսաստանին (25,5 մլն ԱՄՆ դոլար) եւ Ուկրաինային (15,7  մլն ԱՄՆ դոլար): Հետաքրքիրն այն է, որ այս երկու հանրապետություններն էլ ԱՀԿ անդամ չեն, բայց պետական մեր այրերը, պարզ է թե ինչու, իրենց ազգակործան տնտեսական քաղաքականությունն իրացնելիս միշտ վկայակոչում են միջազգային կազմակերպությունների առջեւ մեր պարտավորությունների իրականացման պատասխանատվությունը (ժողովրդի առջեւ ոչ մի պատասխանատվություն չունի մեր հայրենի կառավարությունը, ժողովրդին կարելի է ստով էլ կերակրել):



Թուրքիան, օրինակ, ԱՀԿ անդամ է, ունի անդամ-երկրների հանդեպ առավել բարենպաստության եւ ազգային ռեժիմի շրջանակներում ոչ խտրական առեւտրային քաղաքականություն իրականացնելու պարտավորություն: Ինչո՞ւ ԱՀԿ-ն չի պարտադրում Թուրքիային բացելու հայ-թուրքական տնտեսական սահմանը, այն դեպքում, երբ միայն 2009թ. Հայաստանի աղքատ ու բզկտված տնտեսությունից Թուրքիայի տնտեսության զարգացմանն ուղղվել է 123 մլն ԱՄՆ դոլար, դրա դիմաց ստանալով 727,5 հազ. ԱՄՆ դոլարի հասնող եկամուտ:



Իսկ սկսած 2005թ. ՀՀ ԿԲ-ի կողմից դրամի արժեւորման կուրսը, որը ներքին արտադրողներին ծնկի բերեց, դարձյա՞լ միջազգային արժութավարկային կազմակերպությունների պահանջն էր: Իհարկե՛ ոչ: Դա կարելի է կոչել «Զարգացման հայկական մոդել», որի նպատակը Հայաստանն առանց հայերի սկուտեղի վրա Թուրքիային եւ ինչո՞ւ չէ՝ Ադրբեջանին մատուցելն է: Ապացույցը միգրացիայի ահագնացող տեմպերն են, ժողովրդի խորացող աղքատացումը, ժողովրդավարական արժեքների ոչնչացումը: Դա նաեւ հայ ժողովրդի դատաստանից հանցագործ, քրեածին իշխանությունների փրկության ճանապարհն է:



Զոյա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ