ՀՀԿ-ի գլուխները քարի հետ հեչ համարժեք չեն

ՀՀԿ-ի գլուխները քարի հետ հեչ համարժեք չեն
Երեկ մեր հարցին, թե ՀՀԿ-ին չէ՞ր ուղղված Գագիկ Ծառուկյանի՝ «գլուխները պատին կամ քարին են տվել ԲՀԿ-ին 8 տոկոս կանխատեսողները» հայտարարությունը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Չէ: Ընդհանրապես ՀՀԿ-ի գլուխները էնպիսին են, որ քարի հետ հեչ համարժեք չեն: Դա ուղղված է նրանց, ովքեր փորձում են այսօրվանից ինտրիգների միջոցով կանխորոշել իրենց չունեցած ճակատագիրը»:



Նշենք, որ հակառակ ՀՀԿ-ականների ծրագրերի, մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ պրոքոչարյանական ուժ այնուամենայնիվ ձեւավորվելու է եւ նոյեմբերի 5-10-ը արդեն պաշտոնապես հայտարարվելու է քաղաքական նոր ուժի ստեղծման մասին: Մասնավորապես դա լինելու է հիմնականում մտավորականներից կազմված քաղաքական կուսակցություն, որը ֆինանսավորվելու է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ուժը ամեն գնով ԱԺ մտնելու հայտ է ներկայացնելու ու գումար չի խնայելու ադ գործի համար: Նպատակն է նաեւ ամեն ինչ անել, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի խորհրդարանում:



Եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրություններում 50+1-ի հայտ ներկայացնելու մասին խոսում է նաեւ ԲՀԿ-ն, ապա կարել է պատկերացնել, թե ՀՀԿ-ականները ինչու են մամուլի ակումբներում բարձրագոչ հայտարարություններ անում, թե ՀՀԿ-ն միակն է ու անկրկնելին, իրեն հավասարը չունի, գերծանրաքաշն է եւ այլն: Չնայած՝ ուղիղ իմաստով, կարելի է ընդունել, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ու պաշտոնյաներն այսօր գերծանրաքաշներից են:



«Հավատացնում եմ ձեզ` 2012-2013թթ. քաղաքական շքերթը գլխավորելու է Հանրապետական կուսակցությունը, որովհետեւ, ըստ իս, 1,5-2,5 տարիների ընթացքում չի ձեւավորվի այն քաղաքական միավորը, որը կկարողանա Հանրապետական կուսակցության հետ մրցակցել»,- երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը՝ շարունակելով. «Հանրապետական կուսակցությունն այսօր քաղաքական դաշտում գրավում է գերքաշային կատեգորիան»:



Երեկ այցելեցինք ՀՀԿ՝ տեսնելու, թե այդ ինչ շքերթային կուսակցություն է, ինչով է զբաղված այդ «գերտիտան» քաղաքական կառույցը, որ այդպես բարձրագոչ հայտարարություններ է անում: ՀՀԿ-ում, սակայն, դատարկություն էր, ոչինչ չէր խոսում կուսակցական աշխատանքի ու գերքաշային կուսակցության մասին: Կուսակցությունում քաղաքական դեմքերից ներկա էր միայն փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, մեկ էլ կազմակերպչական բաժնի պետ Ռուբեն Թադեւոսյանը, որը քաղաքական դեմք չէ: Մնացածը գրասենյակի աշխատակիցներ էին:



Ռազմիկ Զոհրաբյանը անվտանգության աշխատակցի միջոցով փոխանցեց, թե հրաժարվում է պատասխանել «Հրապարակի» հարցերին, քանի որ թերթն իբր վիրավորել է ՀՀԿ-ին ու իրեն: Թե հատկապես ինչից է այդպես նեղսրտել Ռազմիկ Զոհրաբյանը ու երբ է «Հրապարակը» վիրավորել ՀՀԿ-ին, պարզել չհաջողվեց, քանի որ Ռազմիկ Զոհրաբյանը կտրականապես հրաժարվեց մեզ ընդունել: Հարկ է նկատել, որ ՀՀԿ-ի հետ կապված՝ մենք ընդամենը արձանագրել ենք փաստը, մասնավորապես, թե ինչով են զբաղվում ժողովրդին տզրուկի պես կպած, ուռած-փքված հանրապետականները: Ընդհանրապես անհասկանալի է, թե ՀՀԿ-ն ինչ է արել այս հասարակության համար, որ իրեն տեր ու տիրական է զգում եւ ուզում է շարունակ պաշտոնավարել:



ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, որի հետ խոսեցինք ավելի ուշ, նաեւ հարցրինք, թե հնարավո՞ր է նոր ձեւավորվող քաղաքական ուժն է նաեւ պատճառը, որ ՀՀԿ-ն պարբերաբար հայտարարություններ է անում՝ մեծամասնություն կազմելու, ծանր քաշային լինելու, այլընտրանք չունենալու մասին: «Նախ նման ինֆորմացիա չունենք: Առավել եւս դժվար թե նման բան կլինի, որովհետեւ դրա քաղաքական պայմանը չկա: Բայց միշտ էլ հնարավոր է, որ արհեստածին ինչ-որ բաներ կատարվեն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ցանկացած կուսակցություն միշտ էլ ուժեղացման ճանապարհով է գնում:



Էդ տեսակետից, կարծում եմ, մեր կենսափորձն ավելի շահեկան վիճակ է ստեղծում»,- հայտարարեց Սահակյանը: Մեր դիտարկմանը, թե որոշ տեղեկություններով՝ նոր ստեղծվող քաղաքական ուժը հենց ՀՀԿ-ին՝ մեծամասնություն ստանալու հարցում խոչընդոտելու համար է լինելու, ՀՀԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ նման խնդիր է դրված եւ էդ ուժը պետք է ստեղծվի: Համենայնդեպս, եթե ստեղծվի էլ, այս պայմաններում, երբ ընտրություններն արդեն մոտենում են, դա արհեստածին ուժ կլինի, որը, կարծում եմ, ոչ բովանդակություն կհաղորդի քաղաքական դաշտին, ոչ էլ ինքն իրեն համար»:



Խորհրդարանական ընտրություններում 50+1 ձայների մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության առթիվ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, մանավանդ, երբ մասնակցում է հրապարակավ պայքարի, բնականաբար առավելագույն ձայներ պետք է հավաքի, եւ էդտեղ ես ոչինչ չեմ տեսնում: Իսկ եթե խոսքը ԲՀԿ-ին է վերաբերում, ԲՀԿ-ն երկրի 2-րդ քաղաքական ուժն է եւ բնականաբար պիտի ձգտի ավելիին՝ ինչպես Հանրապետականը, ինչպես մյուսները»:



Երիտասարդ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը երեկ անթաքույց ուրախությամբ հայտարարել է, թե իրենք ՀԱԿ-ից չեն վախենում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները Հայ ազգային կոնգրեսին չեն թույլատրում հանրահավաքներն անցկացնել Ազատության հրապարակում: Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ մեզ հետ զրույցում այդ առթիվ ասաց. «Ես չեմ ուզում վախով պայմանավորված հայտարարություններ մեկնաբանել, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի գերծանրաքաշ լինելուն, ապա ընտրություններ կեղծելու, ժողովրդի դեմ ավտոմատով դուրս գալու հարցում կարող է եւ ՀՀԿ-ն գերծանրաքաշ է»: