Խոսքն ու գործը

Խոսքն ու գործը
Շատ խորհրդանշական է, որ հենց այն օրը, երբ «Անի պլազայում» ՀՀ վարչապետի մասնակցությամբ միջազգային աշխատաժողով էր ընթանում՝ նվիրված «խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծմանը», նույն օրը Հրազդանում մեր թղթակցին է մոտենում մի կին եւ խնդրում օգնել իր որդուն, որին 3 օր առաջ տարել են ոստիկանություն՝ խոշտանգել, հոսանքահարել՝ այնպես, որ նա հիմա դժվարությամբ է քայլում: Տղային մեղադրում են թմրամիջոցներ օգտագործելու մեջ, սակայն անգամ թույլ չեն տվել, որ փաստաբան ունենա: Եվ դա այն քաղաքում, որտեղ մի քանի ամիս է, ընթանում է Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարությունը: Այն սպանության, որը տեղի է ունեցել ոստիկանությունում եւ այժմ մեղադրյալի աթոռին նրանց գործընկեր ոստիկաններն են, որոնց համար, փաստորեն, ոչինչ դաս չի լինում: Երեկ մեր թղթակիցը փորձել է տեսնել խոշտանգված տղային, որի մայրը դիմել էր իրեն, սակայն ոստիկանությունում արգելել են տեսակցությունը՝ հաստատելով կասկածները, որ տղան այն վիճակում չէ, որ հնարավոր լինի տեսնել նրան: Այս պարագայում ի՞նչ անուն կարելի է տալ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ «Անիում» տեղի ունեցող ժողովի մյուս մասնակիցներին, որոնք խելոք ճառեր են ասում «խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի այլ ձեւերի» անթույլատրելիության, մարդու իրավունքների պաշտպանության, տարբեր մարդասիրական կոնվենցիաներին մեր միանալու մասին, սակայն ոչինչ չեն անում, որ այդ նորմերը կիրառվեն մեզանում: Հերթական անպտուղ ժողովն անելու փոխարեն այդ նույն վարչապետն ու իշխանությանը կից օմբուդսմենը մի բան պետք է անեին՝ ընդհատեին այդ ժամավաճառությունն ու շտապեին Հրազդան՝ փրկելու տղային: