Հարթակն օգտագործելու են

Հարթակն օգտագործելու են
Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքներն ու մարտահրավերները քննարկելու համար շուտով Երեւան կժամանեն  բարձրաստիճան եվրոպական պաշտոնյաներ ու հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հանուն ժողովրդավարության» ԵԽ 2010թ. ֆորումն անցկացվելու է Հայաստանում՝ հոկտեմբերի 19-21-ին: Ներկայացուցչական այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կգան Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբերն Յագլանդը եւ ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: Գրանցվածների ցուցակում են նաեւ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն էլ կմասնակցեն նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ:



ԱԺ այլ պատգամավորներ եւս կլինեն: Ֆորումին կմասնակցեն նաեւ 60 ոչ կառավարական կազմակերպություններ ողջ Եվրոպայից եւ 16-ը՝ Հայաստանից: Թե ինչ արդյունքներ կտա ֆորումի անցկացումը Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակի բարելավման տեսանկյունից, դժվար է ասել, բայց այս կոնտեքստում հետաքրքիր է հիշատակել այն փաստը, որ հայաստանյան որոշ ՀԿ-ներ մասնակցության հրավեր ստանալու համար ստիպված եղան պայքարել: Ինչպես հայտնի է՝ ֆորումի կազմկոմիտեն երկար ժամանակ անպատասխան էր թողել ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող մի շարք ՀԿ-ների հայտերը:



Հիշեցնենք, որ հուլիս ամսից մինչեւ սեպտեմբերի վերջը Ստրասբուրգից որեւէ պատասխան չէր ստացվում՝ ոչ դրական, ոչ բացասական: Հետո հանկարծ ՀԿ-ները տեղեկացան, որ հայաստանյան երկու կազմակերպություններ՝ Երեւանի մամուլի ակումբն ու Կովկասի ինստիտուտը, ֆորումի մասնակցության հրավեր ստացել են: Մյուս կազմակերպություններն իհարկե ձեռքերը ծալած չնստեցին եւ խնդիրը բարձրաձայնեցին ԶԼՄ-ներով: Աղմուկից 4-5 օր անց անտեսված ՀԿ-ներն ի վերջո Ստրասբուրգից պատասխան ստացան: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էլ այդ ՀԿ-ների շարքում է:



Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ երեւույթը մտահոգիչ էր եւ անշուշտ որոշակի միտում ուներ, բայց ողջունելի է, որ այնուամենայնիվ ֆորումի կազմակերպիչներն արձագանքեցին ու կամք դրսեւորեցին՝ հնարավորություն ընձեռելով այդ հարթակն օգտագործել ու Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնել: «Պետք է անդրադառնանք հատկապես 2008թ. նախագահական ընտրություններին ու դրան հաջորդած հետընտրական գործընթացներին, ուժի կիրառմանը, Երեւանի ավագանու ընտրություններին, ԱԺ մեծամասնական վերջին՝ 2009-ի հունվարի ընտրություններին, հետապնդումներին, նրան, որ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքները տարբեր պատրվակներով արգելվում են, այն փաստին, որ ՀՀ-ում մարդկանց զբոսնելու իրավունքը այդ հրապարակում սահմանափակվում է` ելնելով նրանց քաղաքական պատկանելությունից»,-ասաց Արթուր Սաքունցը:



Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը թեեւ չէր դիմել ֆորումին մասնակցելու համար, բայց մյուս ՀԿ-ների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի մեջ ենթատեքստ է տեսնում: «Եվրախորհրդում կան ուժեր, որոնք չեն ուզում, որ լսելի դառնա Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը»,-ասում է նա: Իսկ նախապես անտեսված, ապա հրավեր ստացած «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը առաջացած խնդիրներն այսպես մեկնաբանեց. «Դժվար է բացատրել, թե ինչու այդ պահի դրությամբ գրեթե բոլոր ՀԿ-ները կամ «այո», կամ «ոչ»  պատասխան էին ստացել, իսկ մենք որեւէ պատասխան չէինք ստացել:



Կարելի է ենթադրել,  որ մոռացել էին, կամ միտումնավոր էր արվել, որպեսզի ավելի նուրբ ձեւով մերժեին մեզ՝ հաշվի առնելով մեր կազմակերպության բնույթը եւ ապաքաղաքական լինելը»: Նաեւ ասաց, որ առաջիկա ֆորումին մտադիր է ներկայացնել Հայաստանի կոռումպացվածության հետ կապված հարցադրումներ: Քաղբանտարկյալների կանանց «Շահխաթուն» ՀԿ-ի ղեկավար Մելիսա Բրաունի հետ եւս զրուցեցինք: Ֆորումին մասնակցելու նրանց հայտը մերժվել է: Մեր այն հարցին, թե ակնկալո՞ւմ է արդյոք, որ ՀԿ-ների կողմից առաջ քաշվող խնդիրները լսելի կդառնան Եվրոպային,  տիկին Բրաունը պատասխանեց. «Ինձ թվում է՝ նրանք լավ տեղյակ են: Ես ափսոսում եմ, որ Մոնիտորինգի հանձնաժողովը չի գալիս հիմա: Չնայած, երբ գալիս էին, եւ նրանց հետ հանդիպում էինք, չէի ասի, թե դա մեծ էֆեկտ էր ունենում: Մի կողմից՝ որոշակի ցինիզմ կա իրենց մեջ, մյուս կողմից էլ՝ հիշենք FIDH-ի համագումարը, թե ինչ արձագանք ունեցավ այն եւ մեզ ինչպես ընդունեցին՝ շատ լուրջ ու շատ ջերմ»:



ԵԽ-ում երկակի ստանդարտների առկայության հետ կապված՝ ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այնուամենայնիվ այդ առիթը պետք է օգտագործվի ու Եվրոպային հասցվի, որ ժողովուրդը, անկախ իշխանության վարքագծից, ցանկանում է ապրել ժողովրդավար ու ազատ հանրապետությունում: «Մենք կարող ենք դա բարձրաձայնել եւ ասել, որ սա է մեր պահանջը ԵԽ-ից, եւ նա պարտավոր է հարգել անդամ պետության այդ պահանջը»,-նկատեց Զարուհի Փոստանջյանը: