Աղետի գոտին 22 տարի անց (ֆոտոշարք)

Աղետի գոտին 22 տարի անց (ֆոտոշարք)
Այսօր Վանաձորում առկա են թվով 84 3-րդ կարգի վթարային շենքեր` 3 հազար 280 բնակարանով։ Վերջին անգամ հետազոտվել են 2003 թվականին: Ըստ գործող կարգի՝  հետազոտությունները կատարվում են 10 տարին մեկ անգամ։ Նշված 84 շենքերից Վանաձորի քաղաքապետարանն առանձնացրել է 10 առավել վթարային շենքերը: «Մենք դասակարգել ենք դրանց, իրենց վթարայնության աստիճանով դրանք բոլորն էլ 3-րդ կարգ են, բայց լրացուցիչ հարցեր կան, որոնք դասակարգել ու առանձին ցուցակով ենք ուղարկել»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի բնակֆոնդի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադեւոսյանը։ Վերջին անգամ Վանաձորում ամրացվել է թվով 5 շենք: Դա եղել է 2003-ին։



Վթարային շենքերի վերականգնման եւ ամրացման աշխատանքները ֆինանսական առումով, ըստ  գործող կարգի, կառավարության խնդիրն է, համայնքային բյուջեն ոչ օրենքով, ոչ իր հզորությամբ, ոչ իր ֆինանսական կարողությամբ ի վիճակի չէ թեկուզ մի շենք վերանորոգելու,-վստահեցնում է բաժնի պետը։



Սակայն տարիներ անց վթարային շենքերի վիճակն ավելի վատթարանալու փոխարեն կարծես ավելի է լավանում։ Նոր ուսումնասիրությունների ժամանակ վթարայնության աստիճանը բարձրանալու փոխարեն, չգիտես ինչու, իջնում է, որի վառ օրինակը Տպագրիչների 7 շենքն է, որը երկրաշարժից հետո ճանաչվել է 4-րդ կարգի, այսինքն քանդման ենթակա, սակայն «վեց տարի առաջ Տպագրիչների 5 եւ 7 համարի շենքերը հետազոտեցին եւ գտան, որ դրանք կարելի է ամրացնել»,-ասում է Քաջիկ Թադեւոսյանը։



Ինչեւէ, այդ պայմաններում բնակիչներին մնում է միայն սպասել, սակայն նրանք խիստ կասկածում են, թե արդյո՞ք կարգը կրկին չի իջեցվի: «Ի՞նչ ուզում ա թղթի վրա գրեն, մեկ ա` ոչ կամրացնեն, ոչ էլ տուն կտան»,-ասում են բնակիչները։



Տպագրիչների 7 շենքը երկհարկանի է, երկրաշարժից հետո  ճանաչվել է 4-րդ կարգի վթարային, այսինքն` քանդման ենթակա։ Այսօր շենքում շատ քիչ բնակիչներ են մնացել, մի մասը լքել են իրենց բնակարանները եւ ապրում են տնակներում: Բացի այն, որ շենքը տանիք չունի, նաեւ աստիճաններն են ինքնաշեն։ Կան բնակարաններ, որոնք նույնիսկ հատակ չունեն։





Համբարձումյան 13 շենքը 5 հարկանի է: Քաղաքապետարանից ասացին, որ 2-րդ կարգի վթարայնության է, սակայն պատերին առկա են հսկա ճաքեր:



Գրիբոյեդովի 6 շենքը 9 հարկանի է, բնակարանների թիվը՝ 81: Շենքը գրեթե ամբողջովին թալանված է, իսկ տակը աղբով է ծածկված, ու այնպիսի տպավորություն է, կարծես տարիների աղբ է կուտակված: Ամբողջ շենքում տիրում է գարշահոտություն, աստիճանները եւս շատ վատ վիճակում են:





Համբարձումյան 8 շենքը նույնպես 2-րդ կարգի վթարային է ճանաչվել, սակայն 1-4-րդ հարկերը բացարձակ քանդված են: Այստեղ եւս բնակիչները սարսափով են ապրում, կոյուղին մասամբ թափվում է վերը նշված հարկերը, 1-4-րդ հարկերը՝ բացի այն, որ դարձել են աղբավայր, թաղամաս այցելողներին ծառայում են որպես հասարակական զուգարան:





Ավետիսյան 55, 57, 59 շենքը 5 հարկանի է, բնակարանների թիվը՝ 102: Շենքի մի մասը թալանված է, տանիք գրեթե չկա, ու անձրեւի ժամանակ ջուրը հասնում է մինչեւ 3-րդ հարկ: Շենքը գցում է նաեւ թաղամասի տեսքը: Բնակիչների մի մասը լքել են տները, իսկ մի մասն էլ ահուդողով են ապրում: