Լինդբլադի գալ-չգալը մի հաշիվ է

Լինդբլադի գալ-չգալը մի հաշիվ է
Վերջերս լուրեր տարածվեցին, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում խափանելու ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների այցելությունը մեր երկիր: Երեկ այդ կառույցում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փորձեց պարզաբանել, թե ինչու, այնուամենայնիվ, նրանք չեն գալու: Ըստ Դավիթ Հարությունյանի, քանի որ հոկտեմբերի 19-21-ը Երեւանում տեղի էր ունենալու ժողովրդավարության ապագայի վերաբերյալ ֆորում, ու քանի որ ժամանակացույցը փոխվել է, առաջացնելով խառնաշփոթ միջոցառումների ծրագրում, ԱԺ նախագահը ստիպված է եղել նամակ հղել նրանց:



«Դրանով պայմանավորված՝ ԱԺ նախագահը դիմել էր Մոնիտորինգի հանձնաժողովին, խնդրելով հետաձգել նախատեսված այցելությունը, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում մենք նախընտրում ենք ապահովել իսկապես շատ բարձր մակարդակի հանդիպումներ, ինչը ոչ միշտ եւ ոչ բոլոր երկրներում է տեղի ունենում»,-պարզաբանեց Դավիթ Հարությունյանը, ինչն իրականում հաստատեց խափանման մասին տեղեկությունները: Դե հո չէր ասելու, որ ամեն ինչ անում են, որ չգան: Բնական չէ՞, որ մի մահանա պիտի բռնեն, ու հարմար մահանան էլ եղել է «միջոցառումների ծրագրում» առաջացած խառնաշփոթի մասին «օբյեկտիվ պատճառաբանությունը»:



Անդրադառնալով համազեկուցող Լինդբլադին, Դավիթ Հարությունյանը կրկին պարզաբանեց. «Սցենարի լավագույն զարգացման դեպքում անգամ նա իր այցելության արդյունքները չի կարող ներկայացնել Մոնիտորինգի հանձնաժողովին»,- ասաց ու հիշեցրեց, որ Լինդբլադը չի վերընտրվել Շվեդիայի խորհրդարանում: Իսկ ՀՀ հարցով նոր համազեկուցողի անունը, ըստ Դավիթ Հարությունյանի, հայտնի կդառնա, երբ ԵԽԽՎ-ում Շվեդիան կներկայացնի իր նոր պատվիրակությանը: