Նավթի կշիռը

Նավթի կշիռը
Արցախի ազատագրված տարածքներում դաշտային առաքելություն իրականացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը վերջնականապես տապալեց Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի ժողովրդին պարտադրված պատերազմում հաղթած հայերի այն հույսը, որ հրադադարից հետո այդ մարմինը հարցը լուծելու է խաղաղ ճանապարհով ու անաչառության սկզբունքով: Սակայն միջնորդների հայտարարության տեքստում կրկին անգամ գրանցվեց ոչ միայն «օկուպացված տարածքներ» տերմինը, ինչն ուղղակի հաստատում է վերջին 16 տարիների ընթացքում Ադրբեջանի հետեւողական քաղաքականության արդյունքում միջազգային բոլոր կառույցներում գրանցված այն կարծիքը, որ հայկական կողմն ագրեսոր է, այլեւ ի հայտ եկավ նոր տերմին՝ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի անունը  գրվեց Ադրբեջանի քիմքին հարմար՝ «խանքենդի»: Համանախագահներին նույնիսկ չի մտահոգել այն պարզունակ փաստը, որ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտն իր անվանումը ստացել է Խորհրդային Ադրբեջանի կազմակերպման ընթացքին զուգահեռ եւ որ մինչ այդ էլ Ղարաբաղը չի գտնվել Ադրբեջանի կազմում, որովհետեւ բնության մեջ Ադրբեջան չի եղել, Ղարաբաղի մայրաքաղաքն էլ եղել է Շուշին: Զավեշտալի է, որ մի կողմից Մինսկի խումբը հայտարարում է, որ առաջնորդվում է միմիայն կոնֆլիկտի շրջանակներում առաջացած խնդիրների հարթեցման սկզբունքով ու չի խորանալու պատմական արդարության հարցերում, մյուս կողմից ակնհայտ ցուցադրում է Ադրբեջանի նավթահոտ քաղաքականությամբ ուղղորդվելու հակումը: Թեպետ պարզից էլ պարզ է, որ համանախագահող երկրների շահերի բախման համատեքստում է լուծվում Ղարաբաղի ճակատագիրը, որն այնուամենայնիվ արտացոլվում է Մինսկի խմբի հռչակած բոլոր փաստաթղթերում: