Այս անգամ անձրեւը չխանգարեց

Այս անգամ անձրեւը չխանգարեց

Չնայած հորդառատ անձրեւին` ընդդիմության ուրբաթ օրվավա հանրահավաքը մարդաշատ էր: Մարդիկ անձրեւանոցներով, շատերը նույնիսկ առանց անձրեւանոցների կանգնել էին բաց երկնքի տակ եւ թրջվելով ոգեւորում ու ոգեւորվում  էին: Հանրահավաքի մասնակիցներից նրանք, որ անձրեւանոց չունեին, բայց հնարավորություն ունեին մի ծածկ գտնել ու դրա տակ ապահով պատսպարվել, չէին «փախչում» ու իրենց մնալով իրենց սկզբունքայնությունն ու պատրաստակամությունն էին ցույց  տալիս:



«Այ էս անձրեւի կաթիլների նման շատ պետք ա լինենք, որ էդ ավազակներին, էդ հանցագործներին իրանց թախտերից գցենք»,-գեղարվեստորեն բազմաքանակ լինելու անհրաժեշտությունն էր բացատրում մի ընդդիմադիր տատիկ: Անձրեւի պատճառով հանրահավաքն անցավ արագացված կարգով: Ելույթ ունեցան Վահագն Խաչատրյանը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վահագն Խաչատրյանն անդրադարձավ «ազատազրկված» Ազատության հրապարակին եւ նշեց, որ իր քաղաքապետ աշխատելու տարիներին Ազատության հրապարակում հանրահավաք կամ մեկ այլ միջոցառում անցկացնելու որեւէ հայտ չի մերժվել: Այնուհետեւ պարոն Խաչատրյանը մատնանշեց Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների  եւ իրականության միջեւ գոյություն ունեցող խորը հակասությունը:



Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի զարգացման տեմպերին` ասաց, որ 1997թ. համեմատ Հայաստանի բյուջեն աճել է 9 անգամ, իսկ Ադրբեջանինը՝ 19: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ 37 եվրոպական երկրների 57 լիբերալ կուսակցություններ համաեվրոպական համագումարում միաձայն ընդունել են բանաձեւ, որում ՀՀ իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:



«Սիրելի ժողովուրդ, կներեք, որ մենք եղանակը չէինք նախատեսել, եւ դուք թրջվում էիք, բայց, համեմատած իշխանությունների մեղքերի հետ, մեծ չեն մեր մեղքերը. իշխանությունները ձեզ գիշեր-ցերեկ թալանում են, իսկ մենք ընդամենը տարվա մեջ մեկ-երկու անգամ թրջում ենք»,-իր ելույթի սկզբում կեսկատակ-կեսլուրջ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա սովորական կաշառակերության եւ պետական համակարգված կոռուպցիայի տարբերությունները մատնանշելուց հետո հայտարարեց, որ մեր երկրում ստվեր չկա, որովհետեւ իշխանություններն այնքան աչալուրջ են, որ առանց նրանց թույլտվության չի կարող ստվեր գոյանալ:



«Սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը, որն անհամեմատ մեծ է առաջինից: Ըստ այդմ, եթե իրական բյուջեի կեսից ավելին չգողացվեր, ապա այսօր մեր երկրի բյուջեն պետք է լիներ ոչ թե 2,5, այլ առնվազն 5-6 միլիարդ դոլար»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով մեր իշխանավորների հայրենասեր երեւալու ձգտմանը եւ նրանց հայրենասիրական ճառերին` Տեր-Պետրոսյանն ասաց, որ նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է նրանց գողացածի ծավալին:



Առաջին նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած վարչակազմը գրեթե միահամուռ հրաժարական տվեց, որովհետեւ կորցնելու բան չուներ, եւ եթե ինչ-որ մեկը կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ մարդկանց ցուցակում իր ղեկավարած վարչախմբի անդամներից մեկի անունը մատնանշել, ինքը ետ կվերցնի իր խոսքը: Տեր-Պետրոսյանը նշեց, որ կոռուպցիան, օրենքի բացակայությունը եւ հակազգային արտաքին քաղաքականությունն այն չարիքների եռամիասնությունն են, որ Հայաստանը կանգնեցրել են անդունդի եզրին:



Հանրահավաքի ընթացքում ժողովուրդը մի քանի անգամ ընդհատեց առաջին նախագահի ելույթը «Լեւոն, նախագահ» վանկարկումներով: Ելույթի շեշտադրումները եւ կոռումպացված իշխանության «մերկացումներն» ակնհայտորեն դուր էին եկել հանրահավաքի մասնակիցներին, եւ պարբերաբար ժողովրդի միջից ինքնաբուխ բացականչություններ էին լսվում. «Խելքի տոպրակ ա, է», «Նախագահ ունենք, աշխարհը չունի»:



Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ, որի ժամանակ կրկին ինքնադրսեւորվեց Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, մականունը՝ Բազազ, որն ընդհարվեց առջեւում գնացող երթի մասնակիցների հետ: Կարճատեւ քաշքշուկից հետո երթը շարունակվեց եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Ազատության հրապարակը դարձյալ օղակված էր ոստիկաններով: