Ինչո՞ւ էին այդքան վիճում...

Ինչո՞ւ էին այդքան վիճում...
Երկու ամիս շարունակ Հայաստանում գրվում ու խոսվում էր հոկտեմբերի 19-21-ին Երեւանում գումարվող Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի, հատկապես այդ միջոցառմանը հայաստանյան ՀԿ-ների մասնակցության մասին: Ինչո՞ւ ընտրեցին այս ՀԿ-ն, ինչո՞ւ չընտրեցին մյուսը, ի՞նչ մոտիվացիա գործեց, ի՞նչ «խնդիր» լուծվեց... Ողջ այդ ընթացքում ասպարեզում չհայտնվեց քիչ թե շատ լրջություն ունեցող մեկը, որ անդրադառնար նախ նրան, թե ՀԿ-ների մասնակցությունն այդ ֆորումին ինչ բովանդակություն է ունենալու:



Մասնակցող ՀԿ-ներն օրինակ՝ ելույթի իրավունք ունենալո՞ւ են, զեկույցի քննարկման մասնակցելո՞ւ են, որեւէ հարց կարողանալո՞ւ են բարձրացնել: ԵԽ միջոցառումը, ի դժբախտություն մեր ՀԿ-ների, եթե նույնիսկ հարյուրավոր մասնակիցներ է ունենում, հազվադեպ է միտինգի կամ սեմինարի վերածվում, որտեղ ով ասես, ինչից ասես խոսի` անիմաստ ու անհետեւանք:



Ուրբաթ օրը Ստրասբուրգից հրապարակվեց երեւանյան ֆորումի աշխատանքային ծրագիրը եւ ակնհայտ դարձավ, որ հայաստանյան համարյա ոչ մի ՀԿ-ի ոչ մի ներկայացուցիչ այդ ֆորումում ելույթ չի ունենալու: Ընդ որում՝ ոչ միայն հոկտեմբերի 19-ի պլենար նիստին են զուտ ունկնդրի կարգավիճակով մասնակցելու, այլեւ հիմնական աշխատանքային օրվա` հոկտեմբերի 20-ի աշխատանքային վեց սեսիաներից որեւէ մեկում մեր ՀԿ-ները ելույթ, զեկույց, զեկույցի քննարկման խոսք չեն ունենալու: Մնում է հարցը, թե մեր ՀԿ-ներում  որքան են անտեղյակ ֆորումի բովանդակությանը, կազմակերպական կողմին, որ նույնիսկ լրատվամիջոցներին էին հայտնել, թե ելույթներ են ունենալու: Ի՞նչ ելույթ, որտե՞ղ, ո՞ր հարթակում:



Երեւանյան ֆորումում քննարկվող բոլոր աշխատանքային թղթեր-զեկույցները  հրապարակված են: Դրանք բոլորն առանց բացառության տեսական, գիտական հետազոտություն եւ հարցադրումներ են «ժողովրդավարական կառավարման հիմնական միտումների եւ սպառնալիքների մասին»: Ի դեպ, ժողովրդավարական կառավարման միտումները, սպառնալիքները հենց առաջին օրվա ներածական բանավեճի թեման են, որին մասնակցելու են Կիմ Քամբել՝ Կանադայի նախկին վարչապետ, վիդեոկապով քննարկումներին միանալու է Թոմաս Համմերբերգը` ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար, Ջոն Պրեսկոտը` ՄԹ Լորդերի պալատի անդամ, նախկին փոխվարչապետ, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ղեկավարը եւ Շվեդիայից Ժողովրդավարության դեսպանի տիտղոս կրող մի դիվանագետ` Մարիա Լեյսներ: Բանավեճը վարելու է ֆրանսահայ մեր մի հայրենակիցը` Քրիստիան Մարգարյան` խմբագիր է: Քննարկումը տեւելու է շուրջ երկու ժամ, հետո «Ժողովրդավարության տոնավաճառի» բացումն է, որտեղ տարբեր կազմակերպությունների, նախաձեռնությունների ստենդներ եւ տեղեկատվական նյութեր են ներկայացվելու:



Հաջորդ օրը ծավալվելու է ֆորումի հիմնական աշխատանքը` վեց աշխատանքային խմբերում: Առաջին խմբի քննարկման թեման է՝ «Եվրոպական իրավունքի եւ նախադեպային իրավունքի ազդեցությունը ժողովրդավարության ձեւավորման վրա»: Թեմատիկ ուսումնասիրության հեղինակները մի դասախոս եւ մի գիտահետազոտող են Բրիտանիայից եւ Գերմանիայից: Խմբի աշխատանքները վարելու է սահմանադրական իրավունքի դասախոս Հունաստանից, Թեսալոնիկիի համալսարանից: Թեմատիկ հարցադրումներին պատասխանելու է Ռուսաստանից Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կենտրոնի նախագահը, ելույթներ են ունենալու իրավաբանների միջազգային մի կառույցի փոխնախագահ Շվեյցարիայից եւ Լեհաստանի ԱԳՆ խորհրդական, որ նաեւ Գդանսի համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի ղեկավարն է:



Երկրորդ աշխատանքային խումբը քննարկելու է Մեծ Բրիտանիայից մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մի փորձագետի կազմած ուսումնասիրություն-զեկույցը: Խմբի աշխատանքները վարելու է Լուսիկ Դանիելյանը Հայաստանի ամերիկյան համալսարանից: Ելույթ են ունենալու բանախոսներ Շվեյցարիայից, Հունգարիայից,  Լիտվայից եւ Լեհաստանից: Երրորդ աշխատանքային սեսիայում, որի թեման է «Ժողովրդավարությունը եւ ներկայացուցչությունը», ելույթ ունեցողների թվում կա մի հայաստանցի` Ալեքսանդր Իսկանդարյան, մնացյալ բոլոր անձինք արտերկրից են: Մյուս թեմատիկ խմբերում արդեն ոչ ուսումնասիրություն-զեկույցի հեղինակի, ոչ քննարկում վարողի, ոչ հարցադրումների պատասխանողի, ոչ ելույթ ունեցողների թվում չկան հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ: Մի խմբում Էմին Երիցյանի ելույթն է նախատեսված` նա հայաստանցի է, բայց ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահն է, ՀԿ-ներից չէ:



Բնականաբար հարց է ծագում, թե ԵԽ երեւանյան ֆորումի այդ գերազանցապես տեսական ու գիտական քննարկումներին Հայաստանի ՀԿ-ներն ինչ շահագրգիռ կամ արժեքավոր մասնակցություն կարող են բերել` առավել եւս ունկնդրի աթոռից, որ աղմկում եւ մասնակցելու իրավունք էին պահանջում երկու ամիս շարունակ: