Ալավերդին` Գերասի մոտ

Ալավերդին` Գերասի մոտ
Կարող է զավեշտ թվալ, բայց խորհրդային կարգի վերանալու հետ, բազմաթիվ այլեւայլ բաների թվում (տնտեսություն, կրթություն, մշակույթ, բարեկեցություն), մենք  կորցրինք նաեւ մի քանի... գրական ժանրեր: Օրինակ,  անդարձ (կարծում եմ) կորցրինք ֆելիետոնի ժանրը, եւ հիմա հերթը ակնարկինն է: Մեր օրերում ակնարկ արդեն շատ քչերն են գրում, գրողներն էլ սահմանափակվում են սոսկ արվեստի մարդկանց կերպավորելով: Վաղուց, շատ վաղուց ակնարկի հերոս չէ աշխատավոր գյուղացին: Այլեւս ակնարկի հերոս չէ աշխատավոր գեղջկուհին:



Տողերս գրողին կարող են մեղադրել պահպանողականության, ժամանակավրեպության կամ թերեւս կարոտախտի մեջ, բայց պիտի ասեմ՝ այսօր էլ խորհրդային կթվորուհու բարոյական կերպն ինձ ավելի մարդկային ու մաքուր է թվում, քան քաղաքականությամբ կամ բիզնեսով զբաղվող ժամանակակից հայ կնոջ: Բայց ինչո՞ւ եմ այսպես հանկարծ հիշել հայ աշխատավոր կնոջը, մասնավորապես` գեղջկուհուն: Հիշելու առիթը մեզ ընծայել է Միավորված ազգերի կազմակերպությունն իր օրացույցով, որ հուշում է` հոկտեմբերի 15-ը գեղջկուհիների համաշխարհային օրն է:



Այն գեղջկուհու, ով, ի հեճուկս ժամանակի բերած քաղաքական ու հասարակական այլափոխությունների, շարունակում է հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվել` ինչպես հազար տարի առաջ, շարունակում է քարից հաց քամել, կթվոր ու հովիվ լինել, հետն էլ` երեք, չորս, հինգ զավակ ունենալ ու դաստիարակել: Եվ, ամենակարեւորը, շարունակում է իր դժվար կյանքից նաեւ երջանկություն քամել: Ու քանի որ խոսք բացվեց երջանկությունից, ուզում եմ ընթացքում փոխել հրապարակման բնույթը եւ կեսից արդեն բաց նամակի ժանրով դիմել Հ1 հեռուստաընկերության «Երջանկության մեխանիկա» հաղորդաշարի հեղինակ Նազենի Հովհաննիսյանին:



Հարգելի Նազենի, ամիսներ (գուցե տարիներ) շարունակ Ձեր հաղորդաշարը եթերում է, եւ խիստ զարմանալի է, որ Դուք, լինելով հարկավոր չափով աչքաբաց, Ձեզ միանգամայն կույրի պես եք պահում հենց այն ասպարեզում, որը ներկայացնելուն կոչված եք: Դուք երջանկության Ձեր փնտրտուքներում անվերջ խարխափում եք` գրեթե միշտ սխալ հասցեներ ընտրելով, որովհետեւ, նազելի իմ քույր, երջանկությունն ամենեւին էլ հայտնիների, շոուբիզնեսականների ու օլիգարխների մենաշնորհը չէ: Երջանկությունը փորձեք գտնել, ասենք, հեռավոր Թավշուտ գյուղի մի աշխատավոր հարկի տակ, եւ գյուտի հավանականությունը կմեծանա բազմակի անգամ:



Ու երբ մի օր հանդիպելիս լինեք պարզ կյանքով ապրող մարդկանց  խաղաղ երջանկությանը, կհասկանաք, որ երջանկության համար ոչ մի մեխանիկա էլ պետք չէ: Ինչ վերաբերում է այսօրվա տոնին, լավ կլինի Ձեր հենց առաջիկա հաղորդման ժամանակ, թեկուզ ուշացած, շնորհավորեք հայ գեղջկուհիներին, քանի որ Ձեր ավագ ընկեր «Հայլուրն» ու նրա գլխավոր հերոս վարչապետը այսօր շնորհավորել հաստատ կմոռանան: Էլի շատերը կմոռանան, բայց ալավերդին` Գերասի մոտ:



Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ