Բողոքարկելու են մինչեւ վերջ

Բողոքարկելու են մինչեւ վերջ
Չնայած իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե չի վախենում ՀԱԿ-ից, նրա հանրահավաքներից ու երթերից,  ուրբաթ օրը վարչական դատարանում կրկին ի հայտ են եկել իշխանության վախի ականջները: Վարչական դատարանը քննել եւ մերժել է Ազատության հրապարակում ընդդիմության հանքահավաքի հայտերի մերժման առթիվ ՀԱԿ-ի բոլոր վեց բողոքները: Սա նշանակում է, որ իշխանությունը շարունակում է կողպեքի տակ պահել Ազատության հրապարակը ընդդիմության համար. թերեւս Ազատության հրապարակի հանրահավաքների «նոստալգիան» թույլ չի տալիս իշխանությանը ձերբազատվել որոշ ֆոբիաներից:



Մյուս կողմից՝ իշխանությունը թերեւս  գիտակցում է, որ իր առջեւ դրված որեւէ հասարակական խնդիր իրականում չի հաջողել լուծել. մասնավորապես` չի կարողացել ապահովել արժանապատիվ կյանքի նվազագույն պայմաններ հասարակության շերտերի համար, համարձակ քայլեր չի արել ժողովրդավարության անհրաժեշտ մակարդակ ապահովելու ուղղությամբ, քայլեր չկան նաեւ սոցիալական արդարության հիմքեր սերմանելու հարցում, ուստի դժգոհների բանակը, անկախ նրանից` նրանք հանրահավաքի վայրում են, գործի տեղը թե տանը նստած, չի պակասել:



Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունը մտավախություն ունի, որ համաժողովրդական շարժումը ակտիվանալով՝ կարող է թափ հավաքել ու վերականգնել նախկին ազդեցությունը հասարակության շրջանում: Իսկ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաջողության գրավականը կարող է լինել միայն այն, որ այն կարողանա գործոն դարձնել հասարակությանը եւ վերագտնել հասարակության վստահությունն այն չափով, որն ուներ երեք տարի առաջ:



Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքն արգելելու հիմք է ներկայացնում իր պայմանագրերը, որոնք կնքել է Ազատության հրապարակում գործող վճարովի մանկական ատրակցիոնների տերերի հետ: Ուրբաթ մեզ հետ զրույցում դատարանում ՀԱԿ-ի պաշտպան Վահե Հովսեփյանը, որը մասնակցել է դատական նիստին, ասաց. «Ակնհայտ ապօրինի են քաղաքապետարանի որոշումները բոլոր դեպքերով, որովհետեւ որեւէ իրավական հիմք հանրահավաքի անցկացումը Ազատության հրապարակում մերժելու համար չկա: Իրենք ձեւական մի հոդված են վկայակոչում եւ այդ հիմքով մերժում են, բայց կոնկրետ այդ հոդվածի հիմքում ընկած փաստական հանգամանքը չկա, բացակայում է: Դատարանն էլ ուղղակի «շտամպովկա» է անում, կարելի է ասել` քաղաքական պատվեր է կատարում»:



«Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13 հոդվածի երկրորդ կետի համաձայն` զանգվածային միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքում, երբ նույն վայրում մեկ այլ զանգվածային, հրապարակային միջոցառում կա կամ այլ միջոցառում, որի վերաբերյալ տրվել է իրազեկում: Քաղաքապետարանը, ըստ իրեն, ձեւը գտել է ու մանկական ատրակցիոնների տերերի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել ու այդ հիմքով հերթով մերժում է բոլոր դիմումները: Սա, սակայն, ակնհայտ օրենքի խախտում է, որովհետեւ վճարովի մանկական ատրակցիոնը տնտեսական գործունեություն է, ոչ թե հրապարակային կամ զանգվածային միջոցառում:



Փաստորեն, ճարպիկ քաղաքապետարանը ձեւը գտել է. մի կողմից քաղաքական պատվերն է կատարում ու հաճոյանում իր քաղաքական տանիքին, մյուս կողմից` փող է աշխատում` քյաշ փող: «Ստացվում է` քաղաքապետարանը, ի խախտումն Սահմանադրության հինգերորդ մասի, իրենից դուրս գործողություն է կատարում»,-նկատեց պաշտպանը` հավելելով, որ շարունակելու են բողոքարկումն այլ ատյաններում: «Որքան քաղաքապետարանը մերժի, այդքան բողոքելու ենք»:



Այս տարի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտերի` քաղաքապետարանի բոլոր 12 մերժումները բողոքարկվել են վարչական դատարանում եւ բոլորն էլ մերժվել են: Փաստաբան Վահե Հովսեփյանը նաեւ ասաց, որ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի մերժումն արդեն բողոքարկվել է վճռաբեկ դատարանում: