ԲՀԿ մտնելու համար ներսում «մարդ» պետք է ունենաս

ԲՀԿ մտնելու համար ներսում «մարդ» պետք է ունենաս
Վերջին շրջանում մարդկային հոծ զանգվածներ բռնել են երկու ճանապարհ` կամ դեպի «Օրինաց երկիր», կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Եթե առաջինում ապաստանում են նախկին պաշտոնյաները՝ դարձյալ չինովնիկանալու փափագով, ապա երկրորդ դեպքում` «մտավորականությունը»՝ թերեւս նյութական կոնկրետ ակնկալիքներով: Տարբեր առիթներով ԲՀԿ-ականները հայտարարում են, որ կուսակցություն մտնելու ցանկություն հայտնել են բազմաթիվ մշակութային կազմակերպություններ, անդամակցությունը քննարկում են: Սակայն, չգիտես ինչու, ԲՀԿ տենչացողների անունները խիստ գաղտնի են պահում:



Մենք արդեն գրել ենք, որ այդ ցանկի մեջ է նաեւ «Հայբուսակ» ոչ պետական բուհը, որը կուսակցության հին բարեկամներից է եւ բոլոր ժամանակներում վայելել է Ծառուկյանի աջակցությունը: Հավանաբար եկել է երախտագիտությունը հայտնելու պահը: Այս հիմնարկը որոշել է Ծառուկյանի տանիքի ներքո հավաքվել խմբով: Ասում են՝ կոլեկտիվով են կուսակցականացվելու: Իսկ մյուս հաստատությունների, մասնավորապես մշակութային ոլորտի ներկայացուցիչների մասին համառորեն լռում են, անուններ առայժմ չեն ուզում տալ, այդ մասին՝ միայն հորով-մորով անելուց հետո:



Իսկ «դիմում-հայտերի» երկար-բարակ քննարկման պատճառը, պարզվում է, ֆիլտրացիան է: Կուսակցությունը նախկինի պես ամեն պատահածի ու իշխանատենչի իր շարքերը չի ընդունում, հիմա ընդունելության կարգը բավականին բարդացել է, նախապես գցում-բռնում են, նույնիսկ երաշխավորագրեր են պահանջում: Երաշխավորելու մասին մեզ ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Մեր հարցին, թե ինչու է բանը հասել դրան, որ  հյուրընկալ կուսակցության դռներն այդպես ամուր գոցել են ու երաշխիքով են բացում, պատասխանեց. «Որպեսզի պատեհ-անպատեհ մարդիկ չհայտնվեն մեր շարքերում, ըստ էության մի փոքր  դժվարացել է, հարկավոր է դիմումների երաշխավորություններ:



Եթե հիշում եք, կուսակցության հերթական համագումարի ժամանակ պարոն Ծառուկյանը բարձրաձայնեց, որ առաջիկա տարիների ընթացքում կուսակցությունը հատուկ ուշադրություն է դարձնելու կուսակցության շինարարության, կազմակերպական, կառուցվածքային օղակների ֆունկցիոնալ սահմանազատման եւ հստակեցման խնդիրներին: Այս համատեքստում են տեղավորվում մեր իրականացրած բոլոր գործողությունները»: Բավականին ուշագրավ էին մամուլի խոսնակի բացատրությունները երաշխավորագրերի կապակցությամբ:



Նրա ասածի տրամաբանությամբ՝ կուսակցություն մտնելու համար պետք է ներսում մարդ ունենաս: Օրինակ, եթե ցանկանում ես ԲՀԿ անդամ դառնալ, ներսի մարդը պետք է երաշխավորի, որ  դիմումատուն պատեհապաշտ չէ, սկզբունքային է, կուսակցության գաղափարներից չի շեղվելու, ԲՀԿ-ական դառնալուց հետո այլ հավակնություններ չի դրսեւորելու, անմնացորդ ծառայելու է կուսակցությանը:  Իհարկե, մոտեցումը բավականին լուրջ է, սակայն հասկանալի չէ, թե ինչ մեխանիզմներ են կիրառելու մարդու հավատարմության աստիճանը որոշելու, ապա երաշխավորելու համար: