Աշխարհում նման պայմանագիր չկա

Աշխարհում նման պայմանագիր չկա
Երեկ տեղի ունեցած ասուլիսում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայմանը եւ ժամկետների երկարացմանը, ասաց որ դրան բացասական չի վերաբերվում, քանի որ գիտակցում է, որ դա ընդամենը քաղաքականություն է. «Ռազմաբազաների տեղակայումն ընդամենը ընթացիկ քաղաքականություն է, եւ ես որոշ դեպքերում տխրությամբ եմ վերաբերվում, երբ մերոնք դա համարում են մեծ հաղթանակ այն դեպքում, երբ նման ռազմաբազա նաեւ Ադրբեջանում կա: Վտանգավորն այն է, որ հայ մարդիկ չեն տեսնում, որ այդ պայմանագրում չի նշվում պայմանագիրն ընդհատելու կարգը: Աշխարհում ոչ մի պայմանագիր այդկերպ չի կազմվում, որտեղ չնշվի նաեւ այն ընդհատելու կարգը»:



Ըստ Հայրիկյանի, Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելը մեզ համար ավելի մեծ երաշխիք է, քան ամբողջ Ռուսաստանի զինված ուժերի առկայությունը Հայաստանում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ դրանով կաշկանդված է: Խոսելով ռուսների մասին, Հայրիկյանը նրանց անվանեց մեր ոխերիմ բարեկամները, որի միակ նպատակն է տեսնել Հայաստանն առանց հայերի կամ լավագույն դեպքում՝ այնքան հայերով, որ «ծնկաչոք աղոթեն միայն ռուսներին»՝ դրանով լուծելով իր դեմոգրաֆիական խնդիրը: «Ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ, եւ Հայաստանը պետականորեն քայլեր չի ձեռնարկում»,- ասաց Հայրիկյանը՝ ցավով նշելով, որ Հայաստանում դեռ կան որոշ ողորմելի մտավորականներ, ովքեր համարում են, որ արեւը մեզ համար ծագում է հյուսիսից: