Եզակի եւ բաց թողնված հնարավորություն

Եզակի եւ բաց թողնված հնարավորություն
«Կինոամիս» ծրագրի շրջանակներում երեկ «Մոսկվա» կինոթատրոնի մեծ էկրանին ցուցադրվեց Համո Բեկնազարյանի 1926թ. նկարահանված «Շորն ու Շորշորը» խաղարկային ֆիլմը: Թեեւ համր ֆիլմը հետագայում ձեւախեղվելով հնչունային է դարձվել, եւ երբեմն ձայնի ավելորդ լինելը զգացվում էր, բայց այնուամենայնիվ ֆիլմը դիտվում էր մեծ հետաքրքրությամբ: Երկու հարբեցող ընկերների՝ Շորի ու Շորշորի արկածները, սնահավատությունը եւ հարբեցողությունը երգիծական լույսի տակ ներկայացնող սյուրռեալիստական պատկերները  ստիպում էին հանդիսատեսին կլանված նայել ֆիլմը եւ անընդհատ ծիծաղել:



Համր շրջանի այդ չծերացող հմայքով ֆիլմերը մեծ էկրանին նայելիս ակամա տարակուսում ես, որ այդպիսի սկիզբ ունեցող կինոն այսօր ստեղծագործական այսպիսի ճգնաժամի մեջ է: Բայց երբ դահլիճի լույսերը վառվում են, եւ տեսնում ես, որ դահլիճում լավագույն դեպքում 20-30 մարդ է նստած, հասկանում ես՝ օրինաչափ է, որ այսօր համաշխարհային մակարդակի կինո չունենք: Երբ  ներկա էինք «Կինոամիս» ծրագրի բացմանը, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր:



Թվում էր, որ այդ հանդիսականը բաց չի թողնի դարասկզբին նկարահանված կինոյի գլուխգործոցները մեծ էկրանին դիտելու եզակի հնարավորությունը եւ նույն պատրաստակամությամբ էլ կհաճախի ֆիլմերը նայելու, ինչպես որ բացման արարողությանն էր եկել, որովհետեւ ենթադրվում է, որ ֆիլմերն ավելի հետաքրքիր պետք է լինեին, քան թե Հասմիկ Պողոսյանի կամ Գեւորգ Գեւորգյանի ողջույնի խոսքերը: Բայց արի ու տես, որ չէ՝ մեր հանդիսատեսին ավելի հետաքրքիր են միջոցառումներն ու արվեստին առնչվող իրադարձությունները, քան թե ինքը՝ արվեստը: