Էլ չեն գալո՞ւ ընտրություններ

Էլ չեն գալո՞ւ ընտրություններ
Ինչ տվեց ՀՀ նախագահի այցը սյունեցիներին. կարծես ոչինչ։ Նրա թիկնազորն արգելում էր մարդկանց մոտենալ նախագահին՝ ասելով, որ բնակիչների հետ հանդիպում նախատեսված չէ։ Տիկին Մարգուշը հասկանում է ամեն ինչ, բայց գտնում է, որ Սերժ Սարգսյանը գոնե պիտի ձեռքով բարեւեր ժողովրդին։ «Դեմիրճյանը նույնիսկ ավտոմեքենայի միջից էր բարեւում հասարակ մարդկանց, իսկ ինքը սկի չժպտաց էլ»,-ասաց 60-ամյա կինը։



Նա համաձայն է, որ նախագահը զբաղված մարդ է, բայց գոնե «Հայփոստի» հարթակ բարձրանալուց եւ ժապավենը կտրելուց առաջ թող մի բան ասեր։ «Ախր տարիներ առաջ նույն հարթակից խնդրում էր, որ քվեարկենք իրան, հիմա արհամարհում ա։ Էլ չեն գալո՞ւ ընտրություններ»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Մարգոն։ Ամեն դեպքում, տիկին Մարգոն բարձրագույն կրթություն ունի, հասկանում է ամեն ինչ ու նրա հետ հրապարակում կանգնած բողոքավոր բնակիչներին փորձում էր հանգստացնել։ Հարցիս, թե՝ այն ժամանակ այլ բան ասացիր, հիմա ուրիշ, պատասխանեց. «Բա ինչ անեմ, ինչ իմանամ մոտս ով ա կանգնած, վտանգավոր ժամանակներ են՝ տանեն գլուխս ուտեն»։