Սյունիքի փրկությա՞ն ծրագիր

Սյունիքի փրկությա՞ն ծրագիր
Անցած շաբաթ Սյունիքի մարզ այցելած  Սերժ Սարգսյանի ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոխհարաբերությունները չվրիպեցին ականատեսների աչքից։ Իջնելով ավտոմեքենայից, նախագահը չթաքցրեց իր վերաբերմունքը մարզպետի նկատմամբ։ Նա խիստ տոնով  ցածրաձայն ինչ-որ բան ասաց մարզպետին, որը լսելի չէր։ Իսկ նախագահը Կապան էր եկել՝ մասնակցելու «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակներում կառուցվելիք բազմաբնակարան համալիրի հիմնարկեքին:



Ի դեպ, ՀԿ-ի նախագահ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը ծնունդով Կապանից է եւ, մեր տեղեկություններով, կարողացել է ծրագիրը կյանքի կոչել ոչ թե Գորիսում, ինչը մարզպետի ցանկությունն է եղել,  այլ Կապանում։ Մինչեւ վերջին պահը  մարզպետն ամեն ջանք գործադրում էր, որպեսզի նախագահը չմասնակցի հիմնարկեքին։ Ավելին՝ Լիսկան հրահանգել էր մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարներին, որպեսզի արգելեն իրենց աշխատակիցներին ներկա գտնվելու նախագահին դիմավորելու արարողությանը:



Իսկ Ս. Սարգսյանը, մտնելով մարզկենտրոն, միանգամից շարժվեց նախկին քաղաքային ջրավազանի տարածք, որտեղ պիտի կառուցվեն նոր բնակելիները։ Լիսկայի վիճակն ավելի լարվեց, երբ Արսեն  Քարամյանը հուզված հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որոշումը` բնակարանների ընդհանուր գումարի 5 տոկոսը վճարվելու է կոմբինատի կողմից: Հիշեցնենք, որ Մաքսիմ Հակոբյանի եւ Սուրիկ Խաչատրյանի փոխհարաբերությունները վաղուց են լարված։ Հիմնարկեքից հետո նախագահը մասնակցեց «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի «Փոստբանկ Կապան 01» եւ «Կապան» մասնաճյուղերի բացմանը, որից հետո մարզպետարանում անցկացրեց աշխատանքային դռնփակ խորհրդակցություն:



Խորհրդակցությունում էլ, ըստ ներկաների, նախագահը փորձել է մարզպետից պարզել, թե ուր են գնացել պետբյուջեից մարզի տարբեր համայնքներին հատկացված գումարները; Մարզպետը կարկամել է, խառնվել իրար։ Իրավիճակը փրկել է փոխվարչապետը: «Պարոն նախագահ, այդ մասին կխոսենք հետո»,-ասել է Արմեն Գեւորգյանը։ Սյունիքի մարզպետի անտրամադիր լինելը երեւաց նաեւ հաջորդ օրը՝ Տաթեւում, երբ մեկուսի կանգնած էր։ Ինչ-որ բան ակներեւ անհանգստացնում էր  նրան, ու ինքն իր հարազատ հողում օտարի նման էր զգում։



Համարյա ոչ մեկի հետ չէր շփվում, ասենք, նույնիսկ տեղացի պաշտոնյաներն էլ մոտիկ չէին գալիս Լիսկային։ Նրանցից մեկն անգամ կատակեց, որ գուցե Տաթեւի վերածննդի ծրագիրը փոխվի Սյունիքի փրկության ու վերածննդի ծրագրի, նկատի ունենալով մարզպետի պաշտոնանկությունը։ Ի դեպ, հավաստի տեղեկություններով, նախագահն իր մոտ հանդիպման է հրավիրել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին՝ քննարկելու Սյունիքի մարզպետի փոփոխության հարցը։



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ