Վանդալիզմի դրսեւորումներ

Վանդալիզմի դրսեւորումներ
Երբ մեր հարեւան երկրում վանդալիզմի դեպքեր են արձանագրվում եւ հայկական հուշարձաններ են պղծվում, մեր ազգային ինքնությունը վիրավորվում է, բայց մենք մեզ մխիթարում ենք նրանով, որ վանդալիզմի հեղինակները մենք չենք, այլ մեր բարբարոս հարեւանները, որոնց իրական դեմքն աշխարհին ներկայացնելու հերթական հնարավորությունն ենք ստանում: Բայց ի՞նչ է զգում Հայաստանի քաղաքացին, երբ իմանում է, որ մեր իսկ հողի վրա, մեր իսկ համաքաղաքացու ձեռքով պղծվում է ցեղասպանության եւ հոլոքոստի հուշարձանը: Ցեղասպանության հուշահամալիրի եղեւնիների պուրակն է ոչնչացվում: Պատմական հուշարձանից գողացված քարերով ամառանոց են կառուցում եւ այլն: Երեկ վանդալիզմի հերթական ակտն է տեղի ունեցել Օղակաձեւ զբոսայգում: Ընդ որում, հոլոքոստի՝ հրեաների ցեղասպանությանը նվիրված հուշարձանն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է նման բարբարոսական վերաբերմունքի: Դժվար է հասկանալ «բարբարոսների» մտածողության կերպը՝ ի՞նչն է դրդում նման արարքի, այն էլ մարդկային ողբերգության խորհրդանիշ հուշարձանի նկատմամբ: Այնպես, ինչպես դժվար է հասկանալ մարտի 1-ին ժողովրդի վրա զենք կիրառողների մտածողությունը: Ազատության հրապարակը փակողներինը: Բողոքի ակցիայի մասնակիցներին ծեծողներինը: Ընդհանրապես, բարբարոսությունը կարող է ամենատարբեր կերպ արտահայտվել՝ սկսած ծառ կտրելուց, վերջացրած մարդ սպանելով: Մասշտաբներն անշուշտ տարբեր են ու անհամեմատելի, բայց ամեն ինչ սկսվում է չարության ու դաժանության փոքրիկ, անպատիժ մնացող դրսեւորումներից: Այն ոստիկանը, որը մահակն իջեցնում է ցուցարար աղջկա մեջքին, վաղը կրակելու է նրա եղբոր ուղղությամբ: Իսկ արդարացում միշտ կգտնվի. պետական կարգին ու իր աշխատատեղին վտանգ էր սպառնում: