Ժան Էշնոզ. «Ռավել»

Ժան Էշնոզ. «Ռավել»
«Ակտուալ արվեստ» հրատարակչությունը շարունակում է ուրախացնել արվեստի եւ գրականության սիրահարներին: Ֆրանսալեզու ժամանակակից գրականության երկլեզու գրքերի հավաքածուն համալրվեց եւս մեկ յուրատիպ արձակագրի` Ժան Էշնոզի «Ռավել» վեպով, (Ակտուալ արվեստ 2010, թարգմանութունը՝ Շուշանիկ Թամրազյանի): Ժան Էշնոզը ծնվել է 1947թ.-ին Ֆրանսիայի Օրանժ քաղաքում: Նրա առաջին վեպը` «Գրինվիչի միջօրեականը»,  լույս է տեսել 1979թ.-ին: Էշնոզը 1999թ.-ին «Գնացի» վեպի համար արժանացել է «Գունկուր» մրցանակին: Այժմ նրան համարում են արդի ֆրանսիական արձակի դասական:



«Ռավել» վեպը ֆրանսիացի հռչակավոր կոմպոզիտոր-իմպրեսիոնիստ Մորիս Ռավելի կենսագրական հորինվածքն է, որի մեջ լիովին բացակայում են ներհոգեբանական սուզումներն ու թաքնված հույզերի փնտրտուքները:



Ռավելն իր փառքի գագաթնակետին նավով ճամփորդում է Միացյալ Նահանգներ: Մինչեւ նավ հասնելը նա նստում է գնացք եւ վագոնի պատուհանից ուշադիր հետեւում իրեն հրաժեշտ տվող կանանց խմբին, որոնք սկսում են թափահարել ձեռքներում պահած թաշկինակները. «...Ռավելը ոչինչ ոչ մեկին չի թափահարում, բավարարվում է մի վերջին սուրանկյուն ժպիտով, որն ուղեկցվում է ձեռքի մի նշանով, մինչեւ նորից կբարձրացնի ապակին եւ նորից կբացի օրաթերթը...»: Ահա ժեստերի եւ գործողությունների մի սառը խաղ, որին փոքր հեռվում կանգնած ընթերցողը համրությամբ հետեւում է մինչեւ վերջ, մինչեւ հերոսի վերջին ժեստը` մահը:



Ռավելի հոգին փակ տարածություն է, որի ներսում փոթորկվող զգացմունքներն արտահայտվում են միմիայն հղկված մտքերով եւ զուսպ  ժեստերով: Ներշնչանքը Ռավելի համար մի պարզ իրադրություն է. մատներ` հպվող  դաշնամուրի ստեղնաշարերին, մնացածը անմատչելի կաղապար է` պարուրված միայն արվեստագետին ճանաչելի կամ անճանաչելի առեղծվածով:



Վեպում մակերեսությունը գնալով բացապարզում է Ռավելի կյանքի դրաման, առանց որեւէ հոգեբանական վերլուծությունների եւ խոհափիլիսոփայական զեղումների. «...Նա ապրում է մի մշուշում, որ ամեն օր քիչ ավելի խեղդում է իրեն, թեեւ մի զբաղմունք մնում է համառորեն. ամեն օր գնում է զբոսնելու երկար՝ անտառում: Չի կորչում երբեք...»: Ի՞նչ է մտածում Ռավելը անտառում զբոսնելիս, ինչպե՞ս է հասկանում իր մենակությունը, վերջապես որտե՞ղ է թաքցնում զգացմունքները, ի՞նչ կարծիք ունի իր ստեղծագործությունների մասին, ինչպե՞ս է ստեղծում իր երաժշտությունը. բաց ու անպատասխան հարցեր, որոնք կտակվում են ընթերցողին, իսկ գուցե այս հարցերը երբեք էլ չեն հուզում Ռավելին, գուցե նրա համար ավելի կարեւոր են զբոսանքի բուն էությունը, համաչափ ոտնաքայլերը, անտառի շունչը, ծառերն ու արահետները կամ տիկին  Ռեւըլոն...



Գրքի վերջում Էշնոզը վեպի հայերեն թարգմանության կապակցությամբ հարցազրույց է տվել, որում նշում է. «...չի կարելի մոռանալ, որ այս վեպի Ռավելը իսկական Մորիս Ռավելը չէ, այլ սոսկ մի կառուցվածք, կառուցվածք, որ ինքը` վեպն է...»: Որպես ընթերցող մտածում եմ, որ վեպը կարդալիս ես բացարձակապես չեմ ուզում հիշել այն` իսկական կոմպոզիտոր-իմպրեսիոնիստ Մորիս Ռավելին. ես հավատում եմ հորինվածքի ողջ ճշմարտացիությանը, գուցե Ռավելի երեւակայությունը հենց այսպես էր պատկերացնում Ռավելին կամ այնպես, ինչպես կպատկերացնի վեպի ապագա ընթերցողը...



Արամ ՊԱՉՅԱՆ