Տարածաշրջանի օմբուդսմենը

Տարածաշրջանի օմբուդսմենը
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հավանաբար իր անելիքը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում համարում է ավարտված, անցել է գլոբալ խնդիրների լուծման: Մասնավորապես միջազգային, ավելի շուտ՝ ազգամիջյան հարցերին: Երեկ նա միանգամից 3 հաղորդում է հղել. մեկով դատապարտել է Օղակաձեւ զբոսայգում Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը եւ կոչ արել իրավապահներին՝ «գտնել եւ պատասխանատվության ենթարկել վանդալիզմն իրականացնող սադրիչներին»: Մյուսը նամակն է՝ ուղղված ԼՂՀ եւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպաններին, որտեղ կոչ է արել վերադարձնել միմյանց դիակները: ԼՂՀ ՄԻՊ-ին նա առաջարկել է միջնորդել, որ վերադարձվեն Ղարաբաղի տարածքում գտնվող 2 ադրբեջանցիների դիակները, իսկ Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Մանվել Սարիբեկյանի դիակը: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իսկական նորամուծություն կարելի է համարել օմբուդսմենի վերջին նամակը, որը նա հղել է իր ադրբեջանցի գործընկերոջը: Պարզվում է՝ 1988-ին Ադրբեջանից գաղթած մի քաղաքացի դիմել է Ա. Հարությունյանին՝ խնդրելով աջակցել, որ ինքը հետ ստանա Բաքվում թողած իր երեք սենյականոց բնակարանը կամ դրա դիմաց փոխհատուցում: Եվ օմբուդսմենը Սուլեյմանովային խնդրում է իրեն տեղեկացնել, թե ում անվամբ է գրանցված այդ բնակարանը եւ ինչ իրավական հիմքով: Հասկանալի է, որ օմբուդսմենն ուզում է գոնե ինչ-որ կերպ արդարացնել իր գոյությունը՝ եթե Հայաստանում ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանել չի կարողանում, գոնե տարածաշրջանում պաշտպանի: Բայց գուցե այս ուշացած միջնորդության պատճառն այն է, որ նա այնքան հաճախ է բացակայում Հայաստանից, որ հնարավոր է՝ ընդամենը նոր է իմացել 1988-ի դեպքերի մասին: